Բողոքի քայլերթ՝ ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի
Հասարակություն
«Ժողովուրդը» եղել է և կմնա օրաթերթ», «Թույլ չենք տա, որ ժամկետանց ձվեր վաճառող պարոնը դատարանի վրա իշխի» պաստառներով, «Արդարություն» վանկարկումներով այսօր տեղի ունեցավ բողոքի քայլերթ:
Բողոքի երթը մեկնարկեց Աբովյան 22/ա հասցեից։ Երթի մասնակիցները կանգ առան Կառավարության շենքի դիմաց և արդարություն պահանջեցին Կառավարությունից, այնուհետև երթը շարունակվեց դեպի Կենտրոն-Նորք Մարաշ դատարանի շենք, ուր թերթի խմբագրակազմը կներկայացնի իր միջնորդությունը գույքի վրա դրված արգելքը հանելու մասին: Երթի նպատակն էր պահանջել, որ դատարանը հանի «Ժողովուրդ» թերթի գույքի վրա դրված արգելանքը, այլապես թերթը կարող է կանգնել փակվելու վտանգի առջև:
Նշենք նաև, որ երթին մասնակցում էին բազմաթիվ լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
Նաև հիշեցնենք, որ ավելի վաղ թերթը հայտնել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումն այն մասին, որ օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված: Պատճառն այն է, որ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան» և դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը, արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում և 3 մլն դրամի փոխհատուցում:
Նշենք նաև, որ Խաչիկ Խաչատրյանն այն գործարարն է, ով վերջերս վիրավորել էր «Ժողովուրդ»-ի թղթակցին, ինչից հետո խմբագրությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ներողություն խնդրել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը