«Թյուրքախոս երկրների ընդհանուր ԶՈւ գոյություն չունի». Հայաստանում խուճապն անտեղի է
Հասարակություն
Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի և Մոնղոլիայի պետությունների մասնակցությամբ ստեղծվել են թյուրքախոս երկրների ընդհանուր զինված ուժեր: Ըստ նույն աղբյուրի՝ այս զինված ուժերը կոչվելու են ТАКМ՝ մասնակից պետությունների սկզբնատառերով:
Այս մասին Lurer.com-ը զրուցեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ, ով տարածված տեղեկատվությունը որակեց համատարած ապատեղեկատվություն:
«Ռուսական, ադրբեջանական, թուրքական կայքերում նշված է, որ ստեղծվել են թյուրքախոս երկրների ընդհանուր զինված ուժեր, իսկ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության պաշտոնական կայքերում պարզապես նշված է, որ ստեղծվում է ներքին զորքերի ընդհանուր միավորում, որը, սակայն, ԶՈւ համարել չի կարելի: Համատեղ ԶՈւ-ի ստեղծման համար պետք է երկրի բարձրաստիճան ղեկավարների մակարդակով պայմանագիր ստորագրվեր, իսկ տվյալ պայմանագիրը ոստիկանության կողմից է ստորագրվել»,-ասաց ադրբեջանագետը:
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանում բարձրացած խուճապը տեղին չէ: Հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ նա կարծում է, որ Ադրբեջանը փորձում է ապահովագրել իրեն և պետք եղած դեպքում, օրինակ, հակաիշխանական ցույցերի դեմ պայքարել:
«Ես չեմ կարծում այդ պայմանագրի հիման վրա ԶՈՒ կստեղծվի, ճիշտ է, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են նման քայլեր ձեռնարկել, սակայն, ըստ իս, այս պայմանագիրը ներկա պահին չի կարող հիմք հանդիսանալ համատեղ ինչ-որ զորամիավորում կամ համատեղ ԶՈՒ ստեղծելու համար: Պայմանագրով չի նախատեսվում ստեղծված միավորումն օգտագործել երրորդ պետության դեմ»,-նկատում է Սարգիս Ասատրյանը:
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը