Միհրան Ծառուկյանը, «Թե կուզես»-ի հերոսուհին ու նրա ընկերուհին
Հասարակություն
Այսօր վաղ առավոտից Երեւանի ժամանցի վայրերից մեկում նկարահանվում է Միհրան Ծառուկյանի նոր երգի տեսահոլովակը: «Թե կուզես»-ի երաժշտությունը գրել ու գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է. «Նոր ու դեռեւս չլսված գործ է, ծնվել է «Duetro» ստուդիայում»:
Երգչի հետ տեսահոլովակում նկարահանվել են «Ամարաս» խմբի աղջիկները, իսկ մյուս մասնակիցներն «Ինդիվիդում քասթինգ»-ի կողմից հրավիրված երիտասարդներ են. «Այս անգամ ես չեմ պարի, բայց պարային հետաքրքիր հատվածներ կլինեն: Լինելու է հերոսուհի, որի դերում հանդես է եկել Մարիաննա Մկրտչյանը, եւ իր ընկերուհին: Որոշ կադրեր էլ տանն ենք նկարելու»,-BRAVO.am-ին պատմել է Միհրան Ծառուկյանը:
Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է, օպերատորը՝ Միհրան Ստեփանյանը, երգչի ու պարողների ոճաբանն Արայիկ Գաբաջյանն է, իսկ պարերի բեմադրիչը՝ Վիկա Մարտիրոսյանը: Պարուհին նշել է, որ տեսահոլովակի նկարահանմանը պատրաստվելու համար ընդամենը երեք օր են ունեցել. «Չորրորդ օրն է, եւ արդեն նկարահանման վայրում ենք: Այս անգամ բացի աղջիկներից պարում են նաեւ տղաներ, որոնք «Ամարաս»-ից չեն, բայց երբեմն միասին աշխատում ենք»:
«Ամարաս»-ի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ Միհրանի «Սիրո կին» տեսահոլովակից հետո հաճախ է ստանում համագործակցության առաջարկներ. «Միհրանի պարելուց հետո նկատում եմ այն տենդենցը, որ շատ երգիչներ ուզում են խմբի հետ պարել: Այս երգը 6/8 ռիթմի մեջ է, նախորդ տեսահոլովակից կտարբերվի, ինքս էլ նոր պար եմ բեմադրել»:
«Թե կուզես»-ի պրեմիերան տեղի կունենա մինչեւ փետրվարի 10-ը, իսկ իր հաջորդ տեսահոլովակը Միհրան Ծառուկյանը նախատեսում է նկարահանել մեղեդային երգի հիման վրա. «Այն իմ դիապազոնը ցույց տալու հնարավորություն կտա»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը