ԱՄՆ սենատորների հարցերը Ջոն Քերիին՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ԱՄՆ
Սենատի ԱԳ հանձնախմբի ներկայացուցիչներ Ռոբերտ Մենենդեսն ու Բարբարա Բոքսերը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հարցեր են առաջադրել՝ կապված հայկական ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին նշում է Asbarez.com լրատվական գործակալությունը:
Հարց.
- 1913-1916թթ. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան հարգարժան Հենրի Մորգենթաուն 1915թ. հուլիսի 16-ին Պետքարտուղարություն էր ուղարկել հեռագիր, որում նշվում էր, որ «խաղաղ հայերի արտաքսումն ու նրանց նկատմամբ ճնշումներն աճում են, և ականատեսների սարսափելի վկայութուններից երևում է, որ մի ամբողջ ռասա ոչնչացնելու գործընթացն ընթացքի մեջ է և կատարվում է ապստամբություն ճնշելու պատրվակով»: Մորգենթաուին դեսպանի պաշտոնում հաջորդեց հարգարժան Աբրահամ Էլքուսը (1916-1917թթ.). նա 1916թ. հոկտեմբերի 17-ին պետքարտուղարին ուղարկել էր հեռագիր, որում ասվում էր. «Քաղաքակիրթ աշխարհի «դատավճռից» խուսափելու համար թուրք պաշտոնյաներն այժմ որդեգրել ու իրականացնում են սովի, հյուծելու և դաժան վերաբերմունքի միջոցով հայերին ոչնչնացնելու ծրագիր, նման բան Թուրքիայի պատմության մեջ չէր եղել»:
Ինչպե՞ս է Պետքարտուղարությունը վերաբերվում այդ ժամանակ կատարված դեպքերին։
Պատասխան.
- Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունում է պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության մայրամուտին մեկուկես միլիոն հայ է կոտորվել կամ մահվան դատապարտվել, և ցավում է դրա համար: Այդ դեպքերը դարձան 20-րդ դարի ամենաահավոր վայրագություններից մեկը, և Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, սփյուռքահայերի, ինչպես նաև համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամեն տարվա ապրիլի 24–ին հարգում է զոհերի հիշատակը: Այնպես որ, մենք երբեք չենք մոռանա պատմության այդ մռայլ էջը:
Հարց.
- Պետքարտուղարությունը, հակառակ պատմական փաստերի և արձանագրությունների, շարունակում է չընդունել 1915 թվականի ցեղասպանությունը, ես եզրակացնում եմ, որ քաղաքական դրդապատճառներով մերժել այդ վայրագությունները մեծ սխալ է: Դուք՝ որպես Սենատի անդամ, պաշտպանե՞լ եք բանաձևը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունն ու մեկուկես միլիոն հայերի մահը, ովքեր դաժանաբար կոտորվել կամ մահվան են դատապարտվել Օսմանյան կայսրության մայրամուտին:
Նշանակվելու դեպքում կիսելո՞ւ եք արդյոք այդ հարցի վերաբերյալ Ձեր կարծիքն ու հայացքները Պետքարտուղարության և նախագահի վարչակազմի անդամների հետ:
Պատասխան.
- Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում իմ պարտականությունն է լինելու անաչառ ներկայացնել նախագահի ու վարչակազմի քաղաքականությունը: Ինչպես Բարաք Օբաման նշեց ապրիլքսանչորսյան իր ելույթում, 1915թ. դեպքերի ամբողջական և ազնիվ ճանաչումը մեր բոլորի շահերից է բխում: Նա նաև ավելացրեց, որ դեպի առաջ ընթանալն անհնար է առանց անցյալի փաստերը հաշվի առնելու, և կոչ արեց թուրք և հայ ժողովուրդներին առերեսվել պատմությանը: Երկու երկրներն էլ պետք է շարունակեն իրենց ջանքերը պետական սահմանների բացման հետ կապված, վերականգնել հաղորդակցության ճանապարհները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, ապա շարունակելու եմ մեծապես աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Հարց.
Որպես քաղաքական հարց՝ ԱՄՆ-ն մշտապես խրախուսել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը. դրան էին ուղղված նաև հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվեցին 2009 թվականին: Սակայն Թուրքիան ոչ միայն չկատարեց արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները, այլև խոչընդոտներ ստեղծեց արձանագրություններում՝ որպես նախապայման մտցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը: Թուրքիան Ադրբեջանի հետ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանին: Նշե՛ք այն քայլերը, որ անհրաժեշտ են այդ շրջափակումը վերացնելու համար:
Պատասխան.
Միացյալ Նահանգները վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գալիս է ոչ միայն երկու երկրների ազգային շահերից, այլև կարևոր է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու համար: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բազմիցս թուրքական բարձրաստիճան ատյաններում բարձրացրել է հայ-թուրքական արձանագրությունների հարցը, և եթե հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, ապա կշարունակեմ այդ քայլերը:
Հարց.
- Ի՞նչ եք կարծում, ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ը, որպեսզի ստիպի Իլհամ Ալիևին վերանայել որոշումը և նորից բանտ ուղարկել Սաֆարովին:
Պատասխան.
- Երբ Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, Միացյալ Նահանգներն անմիջապես իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կառավարությանը: Բացի այդ, Պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը հայտարարություններ տարածեցին, որոնցում խորը մտահոգություն էին հայտնում արտահանձնելու և ներում շնորհելու փաստի առնչությամբ: Սաֆարովը դատապարտվել էր դաժան սպանության համար, և Միացյալ Նահանգները շատ մտահոգված էր, որ նա չի շարունակելու կրել իր պատիժը: Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր` Միացյալ Նահանգները շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Միացյալ Նահանգները դատապարտում է բոլոր այն գործողությունները, որոնք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում և վտանգել խաղաղ կարագավորման գործընթացը: Եթե հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, հնարավոր ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ կողմերին հասնել հակամարատոթյան խաղաղ կարգավորմանը:
Հարց.
Բազմիցս Ադրբեջանը նշել է, որ եթե Ստեփանկերտից կատարվեն միջազգային թռիչքներ, ապա կգնդակոծի քաղաքացիական ինքնաթիռները: Ինչպիսի՞ն կլինի պետքարտուղարության պատասխան քայլը.
Պատասխան.
ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմերին լարված հարցերը լուծել դիվանագիտության միջոցով: Եթե պետքարտուղարի պաշտոնում հաստատվեմ, կշարունակեմ օժանդակել խաղաղության պրոցեսին և դեմ կանգնել բոլոր այն քայլերին, որ կարող են լարվածություն առաջ բերել տարածաշրջանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)