Ես կտրականապես դեմ եմ ուրիշի կարծիքով առաջնորդվող երգիչ-երգչուհիներին
Հասարակություն
Երգչուհի Եվային, ով իր ձայնով և ուրույն ձեռագրով տարբերվում է շատ երգիչ-երգչուհիներից, կարելի էր տեսնել դեռ 2003-ից՝ «Կանաչ գոտի» նախագծի շրջանակներում: Հայկական էստրադայում տիրող մթնոլորտի, իր՝ հաջողության հասնելու գաղտնիքների, առաջիկա ծրագրերի մասին Եվան զրուցեց Լուրեր.com-ի հետ:
Եվա՛, Ձեր առաջին տեսահոլովակը նկարահանվեց 2007-ին: Կարելի է ասել՝ դա Ձեր առաջին լուրջ քայլն էր դեպի մեծ բեմ: Հե՞շտ էր այդ տարիներին նկարահանել մի տեսահոլովակ, որն այդքան սիրվեց հանդիսատեսի կողմից և մեծ հաջողությունների հասավ եթերում:
Այո՛, առաջին տեսահոլովակս նկարահանվեց 2007-ին, դա 6-7 տարի առաջ էր: Տեսահոլովակը նկարահանվեց «Ես՝ ես եմ» երգի հիման վրա: Իհարկե, այդ տարիներին ևս տեխնիկան զարգացած էր, հեշտ էր տեսահոլովակ նկարահանել, բայց կային նաև շատ դժվարություններ: Ինչևէ, դժվարությունների մասին շատ չխոսելով՝ ասեմ, որ այդ տեսահոլովակից հետո ստացա գովեստի շատ խոսքեր, դրական գնահատականներ, բայց կային նաև քննադատություններ, որոնք ինձ շատ օգնեցին: Որքան էլ դուրեկան էին գովեստի խոսքերը, ինձ առավել օգնեցին քննադատությունները:
Կարծում եմ՝ մեր էստրադային աստղերը ևս պետք է ճիշտ ընկալեն քննադատությունները, որպեսզի աստղային հիվանդությամբ չվարակվեն:
Մասնակցել եք մի շարք միջազգային երաժշտական մրցույթների, ստացել եք բազում մրցանակներ: Ի՞նչ հիշարժան դեպքեր կպատմեք:
Շատ եմ մասնակցել միջազգային երաժշտական մրցույթների, դրանք բավական բարձր մակարդակ ունեն: Շատ կուզեի, որ այդ բարձր մակարդակը, որը տեսել եմ այդ մրցույթներում, լինի նաև Հայաստանում: Բայց միաժամանակ կարող եմ փաստել, որ Հայաստանում միջոցառումների կազմակերպչական մակարդակը գնալով բարձրանում է: Մնում է, որ դրանք հավասարվեն միջազգային մրցույթների մակարդակին:
Հիշում եմ, որ մրցույթներից մեկի ժամանակ՝ իմ կատարումից հետո, ինձ մոտեցավ մի աղջիկ, կիսվեց իր դրական տպավորություններով, ասաց, որ հիացած է իմ ձայնով և խոստացավ ինձ անգլերեն լեզվով երգ նվիրել: Հայաստան վերադառնալուց մեկ ամիս անց նա ինձ ուղարկեց երգը՝ իր գործիքավորմամբ:
Երգը մեծ սիրով կատարում եմ մինչև այսօր: Այս երգի հիման վրա հետագայում նկարահանել եմ տեսահոլովակ:
Ձեր երգացանկում գերիշխող են անգլերեն լեզվով երգերը: Ո՞րն է եղել Ձեր առաջին հայալեզու երգը, և ի՞նչ կպատմեք այդ երգի մասին:
Այդ երգը գրվեց բոլորիս կողմից շատ սիրելի Ավետ Բարսեղյանի կողմից, իսկ երաժշտության հեղինակն է տաղանդավոր Կարեն Ավետիսյանը: Որոշեցինք երգն անվանել «Ճանապարհներ», և այդ անվամբ էլ թողարկեցինք իմ առաջին ձայնասկավառակը:
Դուք այն եզակի երգչուհիներից եք, ում երգերի թե՛ խոսքերը, թե՛ երաժշտությունը հեղինակային են: Արդյոք դժվար չէ՞ և՛ երգել, և՛ մասնկացել միջոցառումներին, շոուներին, համագործակցել ակումբների հետ, հանդես գալ համերգային ծրագրերով:
Իմ կողմից կատարվող ոչ բոլոր երգերի խոսքերի, երաժշտության հեղինակն եմ ես: Երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել գրել խոսքեր և երաժշտություն: Ես գրում եմ այն ժամանակ, երբ ունեմ որոշակի հոգեվիճակ:
Ես ոչ թե գրում եմ խոսքեր, այլ ստեղծագործում եմ, դրանք տարբեր հոգեվիճակներ են: Երգելով՝ դու հաճույք ես պատճառում միայն հանդիսատեսին, միգուցե տարօրինակ կթվա այս համեմատությունը, բայց իմ կարծիքով՝ ստեղծագործում ես քեզ համար, քո հոգևոր աշխարհի համար, երգում՝ հանդիսատեսի համար և փորձում ցույց տալ այն ամենը, ինչ կատարվում է քո ներաշխարհում:
Հանդիսատեսը որտե՞ղ կարող է ունկնդրել Ձեր կատարումները:
Ես արդեն երկար ժամանակ է, ինչ երգում եմ «Օպերա» ակումբում, վերջերս սկսել եմ նաև համագործակցել Sochi Palace ակումբի հետ, որտեղ շոուն ղեկավարում է իմ շատ մտերիմ ընկեր Արտակ Մարիտիրոսյանը: Ինձ հաճելիորեն զարմացրեց այն մթնոլորտը, որը տիրում է Sochi Palace հյուրանոցային համալիրում և ակումբում: Իրապես, եթե մենք խոսում ենք միջազգային ստանդատների մասին, ես կարող եմ հաստատակամ ասել, որ Sochi Palace-ն այն եզակի ակումբներից է, որտեղ կարող ես հանդիպել և՛ բարձրաճաշակ երաժշտություն, և՛ ճարտարապետական, դիզայներական ինքնատիպ ոճ, և՛ բարձր չափանիշներով սպասարկում:
Չնայած ակումբը գտնվում է Երևանի կենտրոնից մի փոքր հեռու, սակայն հանդիսատեսը, անտեսելով այդ տարածությունը, այցելում է Sochi Palace` վայելելու բարձրաճաշակ երաժշտությունը լավ մթնոլորտում:
Հայ հանդիսատեսը տարբերվո՞ւմ է արտերկրի հանդիսատեսից:
Հայերն ամեն հարցում շատ բծախնդիր են, և դա, կարծում եմ, երգիչ-երգչուհիներիս համար շատ ավելի պարտավորեցնող է: Դա մեզ ստիպում է ամեն անգամ բեմում լինել ավելի լավը:
Տեղյակ ենք, որ այս տարի պատրաստվում եք մի քանի նոր տեսահոլովակ նկարահանել ԱՄՆ-ում: Ովքե՞ր են նկարահանում, ինչո՞ւ որոշվեց նկարահանել ԱՄՆ-ում, հատկապես եթե այնտեղ տեսահոլովակ նկարահանելը շատ ավելի թանկ հաճույք է, քան Հայաստանում:
Ես մոտ օրերս կմեկնեմ ԱՄՆ: Իմ աշխատանքային խումբն արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել հայտնի ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանի հետ, ով ի դեպ, իմ «Հայ տղա» երգի տեսահոլովակի ռեժիսորն է: Մենք ԱՄՆ-ում կնկարահանենք 2 տեսահոլովակ, որից մեկն իր երաժշտությամբ կլինի ռիթմիկ, մյուսը՝ մեղեդային:
Իսկ ինչ վերաբերում է թանկ հաճույքին կամ ավելի մատչելիին, կարող եմ ասել, որ եթե մենք ունենք այդ հնարավորությունը և ուզում ենք, ի վերջո, մեր հանդիսատեսին ներկայացնել հետաքրքիր և որակյալ աշխատանք, չպետք է խնայենք և ներկայացնենք բարձրաճաշակ աշխատանք:
Հայաստանում վերջերս նվազել են համերգները, քանի որ երգիչ-երգչուհիներն ավելի շատ գերադասում են ակումբային միջոցառումները: Բայց չէ՞ որ ակումբներում հանդիսատեսի քանակը սահմանափակ է, ինչո՞ւ ավելի մեծ դահլիճներում համերգներ չեք տալիս:
Մեծ դահլիճներում համերգ տալը չպետք է ինքնանպատակ լինի: Ես կարծում եմ՝ մեծ դահլիճներում երգիչը պետք է համերգ տա այն ժամանակ, երբ զգում է, որ այդ պահը հասունացել է:
Այս տարի ունեմ մի քանի հրավեր՝ միջազգային մրցույթների մասնակցելու, բայց դա չի խանգարի, որ Հայաստանում շարունակեմ իմ գործունեությունը: Ի դեպ, այս տարի կփորձեմ, բացի ակումբային ձևաչափից, հանդես գալ ավելի բազմամարդ միջավայրերում:
Ի՞նչ եք կարծում, ճիշտ է ունկնդրի ճաշակին հետևե՞լը, թե՞ սեփական ճաշակ թելադրելը:
Ամեն մարդ ունի իր լսարանը, իսկ երգիչը պետք է ունենա իր սեփական ձեռագիրը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք չէ հաշվի առնել, թե ինչ է քեզանից սպասում ունկնդիրը: Այդ ամենի համադրությունը ստեղծում է դրական էմոցիա և ներդաշնակություն:
Ես կտրականապես դեմ եմ այն բոլոր երգիչ-երգչուհիների մոտեցմանը, ովքեր առաջնորդվում են միայն ուրիշների կարծիքով, պետք է ունենաս քո ուրույն ոճն ու ձեռագիրը:
Յուրաքանչյուր մարդ՝ լինի երգչուհի, նկարիչ, թե դերասան, պետք է իր մեջ ունենա այնքան արժեք, որ մարդ նրան լսելիս ստանա հոգևոր բավարավածություն:
Յուրաքանչյուր արվեստագետի պարտքն է իր ունկնդրին պարգևել ոչ թե մեկանգամյա ժամանց, այլ՝ կյանքն ավելի վառ գույներով տեսնելու հնարավորություն:
Դուք ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:
Մանկուց լսել եմ դասական երաժշտություն՝ շատ դեպքերում չիմանալով, որ դրանից այն կողմ կա նաև ցածրաճաշակ երաժշտութուն: Ըստ տրամադրության՝ նախընտրում եմ լսել Վիվալդի, Չայկովսկի, Արամ Խաչատուրյան:
Երբեմն, կախված տրամադրությունից, լսում եմ նաև Ray Charles, Michael Jackson, Beatles:
Վերջում ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին:
Ես երկրպագուներին և առհասարակ բոլորին մաղթում եմ լինել բարի, շատ սիրել կյանքը և միշտ ժպտալ՝ անկախ ամեն ինչից:
Թող որ ամեն օր նրանց կյանքը լեցուն լինի հաճելի անակնկալներով:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը