«Անծանոթը» սերիալից Զառա Մինասյանը հանուն սիրելիի կթողնի մոդելի աշխատանքը
Հասարակություն
Մասնագիտությամբ լեզվաբան Զառա Մինասյանը մոտ տասը տարի մոդելային ասպարեզում է, նշում է, որ ամենից շատ սիրում է նորաձեւության ցուցադրությունները, բայց որպես ֆոտոմոդել բազմիցս հանդես է եկել տարբեր ֆոտոշարքերում:
«Մերկ չեմ նկարահանվում, բայց լուսանկարիչները ֆոտոսեսիայի ընթացքում մեկ-մեկ ուզում են մերկացնել ինձ ավելի բաց լուսանկարներ ստանալու համար, ասում եմ, որ համաձայն չեմ, ոչ մի խնդիր չի լինում: Չնկարվելուս պատճառը մեր հասարակության մտածելակերպն է. ցանկանում եմ հեռու մնալ ավելորդ ռեպլիկներից, բամբասանքներից»,-BRAVO.am-ին ասել է Զառան:
Նրա խոսքով՝ Հայաստանում մոդելի աշխատանքը չի գնահատվում ո՛չ գումարով, ո՛չ վերաբերմունքով. «Իսկ եվրոպական երկրներում, որտեղ մասնակցել եմ տարբեր նկարահանումների, մարդիկ հիանում են մոդելի աշխատանքով: Ի տարբերություն մոդելների, սերիալային դերասանները մեր երկրում մի փոքր ավելի են գնահատվում, հստակ աշխատավարձ ունեն, իսկ մոդելներն ամիսներով չեն մասնակցում ցուցադրությունների, հետո միանգամից երկու-երեք ցուցադրության հրավեր են ստանում: Այս առումով սերիալում նկարվելն ավելի եկամտաբեր է»:
26-ամյա Զառան նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Անծանոթը» սերիալում, նրա փոխանցմամբ՝ առաջարկն ընդունել է զուտ հետաքրքրության համար. «Երբ «Ինդիվիդում քասթինգ»-ից Աշոտ Սարգսյանն առաջարկեց ուժերս փորձել, որոշեցի մասնակցել ու մոդելային արտաքինիս համար դեր ստացա: Հիմնականում նկարահանվում եմ շաբաթական 3 օր, երբեմն էլ մինչեւ կեսգիշեր նկարահանման վայրում եմ մնում»:
Նա նաեւ հետեւյալն է հավելել. «Հետաքրքիրն այն է, որ դերասանական փորձ չունեմ, բայց գեղարվեստական ֆիլմում գլխավոր հերուսուհու կերպար են առաջարկել: Մարտից նկարահանումները կսկսվեն: Այն անպատասխան սիրո մասին է, ես երբեւիցե անպատասխան չեմ սիրել ու չեմ պատկերացնում՝ ինչպես եմ ներկայացնելու աղջկա ապրումները: Եթե նկարահանվեմ, պետք է մասնագիտական դասընթացների գնամ կերպարս հնարավորինս լավ կերտելու համար»:
Մեզ հետ զրույցում Զառա Մինասյանը նշել է՝ սիրտը զբաղված է, սիրելի տղամարդն էլ դեռեւս չի խոչընդոտում իր աշխատանքին.«Իսկ ամուսնությունից հետո մոդելային կարիերաս կավարտվի: Նա այն մարդն է, որին սիրում եմ ու պատրաստ եմ զիջումների գնալ, մանավանդ մոդելի աշխատանքը մինչեւ 30 տարեկանն է տեւում: Այնպես չէ, որ տանը փակվելու եմ եւ ընդհանրապես չաշխատեմ, բայց նկարահանումների ու ցուցադրությունների դժվար թե մասնակցեմ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը