Այցելություն Եղեգնաձորի ներառական դպրոց
Հասարակություն
Պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակի աշխատակիցիները երեկ հանդիպում են ունեցել Եղեգնաձոր քաղաքում գործող ներառական դպրոց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների, դպրոցի տնօրենի և մանկավարժների հետ:
Հանդիպման ընթացքում ծնողները տարածքային գրասենյակի աշխատակիցներին ներկայացրել են իրենց հուզող հարցերը կապված դպրոցում որոշակի խնդիրների հետ: Նրանք նշել են, որ երեխաները թեև հաճույքով են դպրոց հաճախում, սակայն դպրոցում չկան անվասայլակներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող երեխաներին դասասենյակից դուրս ազատ տեղաշարժվել:
Մեկ այլ խնդիր էլ երեխաների դպրոց տեղափոխելու հարցն էր: Քանի որ դպրոցում սովորող երեխաներից առնվազն տասը դպրոց են գալիս մերձակա գյուղերից, իսկ տրանսպորտային ծախսերի պետական փոխհատուցում տրվում է օրական 200 դրամի չափով, ապա անհրաժեշտություն է առաջանում երեխաներին տեղափոխվել տաքսիներով: Սա լուրջ խնդիր է, քանի որ երեխաների ծնողների մեծ մասը գործազուրկ են: Բացի այդ պետական և մասնավոր տրանսպորտային միջոցները գնային որևէ զիջումներ չեն անում նրանց համար:
Բարձրացված ցավոտ խնդիրների շարքում էր նաև անվճար բուժօգնությունն ու դեղորայքի ստացումը, քանի որ այս դեպքում ծնողները շատ հաճախ են հանդիպում խոչընդոտների:
Կարգավորված չէ նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված առողջարանային ուղեգրերի հարցը: Հանդիպման ավարտին աշխատակիցները հայտնեցին, որ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում հետամուտ կլինեն ծնողների կողմից բարձրացված հարցերի լուծմանը: Այնուհետև նրանք շրջել են դասասենյակներով, ծանոթացել պայմաններին, երեխաների ձեռքի աշխատանքներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը