Օմբուդսմենի խորհրդականը հանդիպել է մանկատան աղջիկներին
Հասարակություն
Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը երեկ այցելել էր «Մեր տունը» հասարակական կազմակերպություն:
«Մեր տունը» կազմակերպությունը միակ հաստատությունն է Հայաստանում, որը մանկատան շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում 4 տարի բնակություն հաստատել իրենց «տանը», ստանալ կրթություն, սովորել արհեստներ, դառնալ հասարակության լիարժեք անդամ:
Այսօր հաստատությունում բնակվում են մոտ 10 շրջանավարտներ, որոնք զբաղվում են գորգագործությամբ, ուլունքագործությամբ, սովորում են օտար լեզուներ, համակարգչային հմտություններ:
Աննա Սաֆարյանը մանկատան շրջանավարտներին ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, Պաշտպանին դիմելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում մանկատան աղջիկները մտահոգություն հայտնեցին հասարակության մեջ իրենց նկատմամբ ձևավորված կարծրատիպերի՝ հասարակության ոչ լիարժեք անդամ համարելու, տարաբնույթ պիտակավորումներ տալու վերաբերյալ: Մասնավորապես, նրանց վրդովեցրել էր վերջերս հեռուստատեսությամբ հնչած այն կարծիքը, թե իբր մանկատան երեխաները մանկատնից դուրս գալուց հետո դառնում են հանցագործ կամ վարում են անվայել կյանք:
Պաշտպանի աշխատակազմը մեկ անգամ չէ որ դատապարտել է նման արատավոր երևույթները մեր հասարակության մեջ: Այս առումով կանանց իրավապաշտպանը աղջիկներին հորդորեց լինել համարձակ, իրազեկ, բարձրաձայնել իրենց խնդիրները և օգտագործել իրենց իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները:
Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ Աննա Սաֆարյանը հանդիպմանը հրավիրել էր նաև «Կանանց աջակցման կենտրոն» ծրագրի համակարգող Հասմիկ Գևորգյանին, ով, իր հերթին, մանկատան շրջանավարտներին ներկայացրեց իրենց կազմակերպությունը և ծրագրի շահառուներին տրամադրվող աջակցությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը