Հայաստանում լուսանկարչությամբ ճիշտ մարդիկ չեն զբաղվում. Դամիան Հովհաննիսյան
Հասարակություն
- Դամիան, ինչո՞վ է պայմանավորված, որ հիմնականում աղջիկների ես նկարում։
- Միշտ էլ այդպես է եղել: Երբ նոր էի սկսել նկարել՝ տղաների էլ էի նկարում, բայց ավելի շատ սիրում եմ աղջիկներին նկարել: Իսկ տղաներին հիմնականում նկարում եմ այն դեպքում, երբ հետաքրքիր ու յուրահատուկ դիմագծեր են ունենում:
- Կերպարն ինչպիսի՞ն պետք է լինի, որ նրան լուսանկարես:
- Ամենաշատն ուշադրություն եմ դարձնում մարդկանց բնավորությանը: Պարտադիր չէ, որ կերպարը գեղեցիկ կամ տգեղ լինի, ուղղակի նա պետք է հետաքրքիր լինի: Կերպարը կարող է շատ հասարակ մարդ լինել, բայց նա կարող է ինձ համար ինչ-որ յուրահատկություն ունենալ, որը ես փորձում եմ լուսանկարչական սարքով ցույց տալ:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ լուսանկարներում կերպարներդ փակ աչքերով են:
- Փակ աչքերով մարդն արտահայտում է ուրիշ հոգեվիճակ, զգացողություն: Մարդը երբ աչքերը փակում է, կարողանում է անջատվել իրականությունից, նրա տրամադրությունն այդ դեպքում փոխվում է: Նույնիսկ հետո, երբ աչքերը բացում է, նրա հայացքն արդեն ուրիշ է լինում:
- Ինչպիսի՞ գույների հետ ես սիրում աշխատել:
- Ինձ մոտ լուսանկարների գունային ընտրության հարցում ծայրահեղություն կա՝ կա՛մ սև-սպիտակ, կա՛մ շատ գունավոր:
- Հիմնականում ժապավենով ես նկարում, չէ՞:
- Այո: Թվային ֆոտոխցիկով շատ քիչ եմ նկարում: Երբ ես թվային ֆոտոխցիկով էի նկարում, փորձում էի photoshop-ի և ուրիշ էֆեկտների միջոցով լուսանկարը մոտեցնել ժապավենին: Հետո, կարծես, օրգանիզմս ասաց, որ ես պետք է ժապավենով նկարեմ: Մի օր, շատ պատահական, ժապավենային ֆոտոխցիկ գնեցի և հասկացա, որ դրանով կարելի է ավելի ստեղծագործական ու հետաքրքիր լուսանկարներ ստանալ: Մինչև այսօր չեմ կարողանում վերադառնալ թվային ֆոտոխցիկին, քանի որ թե՛ խորությունը, թե՛ ստեղծագործական միտքը, թե՛ էֆեկտները ժապավենային ֆոտոխցիկի դեպքում ավելի հետաքրքիր են ստացվում:
- Հետևո՞ւմ ես հայ լուսանկարիչների աշխատանքներին: Ի՞նչը քեզ դուր չի գալիս:
- Շատ ծանոթ լուսանկարիչներ գիտեմ, որոնց աշխատանքներին հետևելն ինքնաբերաբար է ստացվում: Ինձ դուր չի գալիս այն, որ ստեղծագործական ջիղ չեմ տեսնում: Շատերը կոմերցիային են տրվել, և նրանց հիմնական նպատակը դարձել է գումար աշխատելը: Հնարավոր է, որ լուսանկարչությամբ ճիշտ մարդիկ չեն զբաղվում:
- Ի՞նչ ես կարծում՝ Հայաստանում լուսանկարչությամբ հնարավո՞ր է նորմալ գումար աշխատել:
- Եթե էնտուզիաստ ես, ապա ամեն ինչի էլ կարող ես հասնել, բայց եթե դու ցանկանում ես art-ով գումար աշխատել, ուրեմն մի փոքր հեղափոխական պետք է լինես, որովհետև art ֆոտոն այստեղ չի գնահատվում:
- Վերջերս հաճախ ես ցուցահանդեսներ կազմակերպում: Ցուցահանդեսները շա՞տ ես կարևորում:
- Վերջերս անհամեստություն եմ անում (ժպտում է.- Գ.Ա.): Ցուցահանդեսներ կազմակերպելն ինքնաբերաբար է ստացվում, ես նպատակ չունեմ անընդհատ ցուցահանդեսներ կազմակերպել: Լավ է, երբ ցուցահանդեսի միջոցով կարողանում ես քո շրջապատին հավաքել մի վայրում, շփվել նրանց հետ, նոր ծանոթություններ, առաջարկներ լսել…
- Մի առիթով ասել ես, որ աշխատանքներիդ մասին քննադատություններ չես լսում:
- Այո, չեմ լսում: Չգիտեմ՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Չեմ սիրում և վատ եմ վերաբերվում, երբ անիմաստ քննադատում են: Ես առողջ քննադատությանն եմ նորմալ վերաբերվում. այն առաջ գնալու հնարավորություն է տալիս:
- Դու աշխատանքներդ նաև դրսում ես ներկայացնում, ընկալման առումով տարբերություններ կա՞ն:
- Կարող եմ ասել, որ իմ լուսանկարներն ավելի շատ գնահատվում են դրսում, քան Հայաստանում:
- Մտածե՞լ ես արտասահմանում ստեղծագործելու մասին:
- Այո, շատ: Ես ուզում եմ գնալ այստեղից, արտասահմանում աշխատել, ուղղակի ցանկացած տեղ էլ պետք է զրոյից սկսել: Դրսում կարող ես և՛ գումար աշխատել, և՛ ինչ-որ բանի հասնել:
- Մի լուսանկար ունես, որում պատկերված է մի կին, մեջքին՝ կատու։ Կպատմե՞ս այդ լուսանկարի ստեղծման պատմությունը:
- Այդ լուսանկարը շատ դժվար ստացա։ Այն լուսանկարել եմ Մոսկվայում՝ մեկ տարի առաջ: Նկարում պատկերված մոդելն ինձ իրենց տուն հրավիրեց: Ես ընդհանրապես սիրում եմ քանդված միջավայրում լուսանկարել, որովհետև այնտեղ դինամիկա կա, և կարող ես հետաքրքիր գույներ ստանալ, բայց այդ մոդելի տունն ամբողջովին վերանորոգված էր։ Կարողացանք տանը մի հին սնդուկ գտնել: Որոշեցինք մոդելին իր կատուով նկարել, որը շատ կամակոր էր։ Նրան ոչ մի կերպ չէինք կարողանում ստիպել, որ բարձրանա տիրոջ մեջքին: Պարզեցինք, որ կատվին կարող ենք մազի կապիչով խաբել: Հենց կատվին կապիչ ես ցույց տալիս՝ ինչ ուզում ես՝ անում է: Այդպես խաբելով էլ՝ լուսանկարեցի և ստացա այդպիսի պատկեր:
- Հաճա՞խ է լինում, որ չես կարողանում ստանալ այն, ինչ ուզում ես:
- Եթե հիմա ասեմ, որ երբեք այդպիսի դեպք չի եղել, շատ անհամեստություն կլինի (ժպտում է.- Գ.Ա.): Ես վերջնական արդյունքի մասին շատ չեմ մտածում, ինձ մոտ 90%-ն իմպրովիզացիա է:
Նյութը՝ 168.am-ի:
{gallery}650{/gallerY}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը