Ֆիդել Կաստրոն երկարատև ընդմիջումից հետո ընտրությունների ժամանակ հայտնվել է հանրությանը
Աշխարհ
Կուբայում հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մի քանի տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը՝ մասնակցելով համաժողովրդական խորհրդարանական ընտրություններին, որոնք կայացել են կիրակի օրը (երկուշաբթի Երևանի ժամանակով):
Իր քվեաթեթրիկը գցելով տուփի մեջ՝ 86-ամյա Կաստրոն կոչ է արել բնակիչներին հետևել իր օրինակին և մասնակցել քվեարկությանը: «Մարդիկ հավատարիմ են հեղափոխությանը: Նրանք զոհաբերության են գնացել, և մենք կարիք չունենք դա ապացուցելու, պատմությունը կապացուցի դա: 50 տարվա շրջափակումից հետո նրանք դեռ չեն հանձնվել»,-ասել է Կաստրոն և հավելել, որ լիովին պաշտպանում է իր եղբայր Ռաուլ Կաստրոյի որոշումները, ով այժմ Կուբայի առաջնորդն է:
Ընտրություններն ընթացել են խաղաղ մթնոլորտում և բարձր ակտիվությամբ:
Նախնական տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունեցող 8.632 միլիոն քաղաքացուց ընտրություններին մասնակցել է ավելի քան 8 մլն մարդ:
Կուբացիներն ընտրել են Ազգային Ասամբլեայի (միապալատ խորհրդարան) 612 անդամ և տեղական ինքնակառավարման մարմինների 1269 ներկայացուցչի: 45 օր անց ասամբլեան կընտրի պետական խորհրդի նախագահին՝ կառավարության և պետության ղեկավարին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)