Մամիկ Մալխասյան. «Կոշիկ չեմ կարի Վահրամ Պետրոսյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի համար»
Հասարակություն
«Ես աննորմալ եմ»,- իրեն այսպես է բնորոշում յուրօրինակ կոշիկների դիզայներ Մամիկ Մալխասյանը, ում կոշիկներն ունենալու ցանկություն շատերն ունեն, հնարավորություն' քչերը: Ի դեպ, հնարավորությունը միայն ֆինանսով չէ պայմանավորված: Որպեսզի Մամիկը համաձայնի կոշիկ կարել, նախ պետք է սիրի իր հաճախորդին: Նրա խոսքերով՝ միլիոնավոր պատվերներ ունի, որոնք չի անում: Հայ հայտնիներից էլ կան մարդիկ, ում համար երբեք կոշիկ չի կարի, օրինակ, Վահրամ Պետրոսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը: Փոխարենը նա հաճույքով աշխատում է Ֆելիքս Խաչատրյանի հետ:
Կոշիկի դիզայների անունը հաճախ կապվում է Քիմ Քարդաշյանի անվան հետ, ով հագնում է նրա ստեղծած կոշիկը: Մամիկի կոշիկներն են հագնում նաև մի շարք պաշտոնյաներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: esyes.am-ը զրուցել է դիզայների հետ, սակայն ոչ թե հայտնիների հետ համագործակցության, այլ իր գործունեության, երիտասարդության հագուկապի և միակը լինելու ֆենոմենի մասին:) Ինչ վերաբերում է հայտնիներին, նրանց մասին Մամիկի հետ խոսել ենք «Նորաձևության ոստիկանություն» էջի շրջանակներում՝ քննելով հագուկապն ու կոշիկները:)
Առանձին դեպքերում Մամիկը նաև հագուստի դիզայնով է զբաղվում: Նա համոզված է, որ կարող է ցանկացած մարդու ամեն օր նորովի ներկայացնել, սակայն մի մարդու կերպարով անընդհատ չի զբաղվի: «Ոչ մեկի համար սկզբից մինչև վերջ չեմ գնա: Մի անգամ կարող եմ այնպես անել, որ այդ օրը ուշադրության կենտրոնում նա լինի, միայն իրեն տեսնեն ու իր մասին խոսեն, բայց երկարատև չեմ համագործակցի»,- ասաց Մամիկն ու հավելեց, որ կոշիկ կարելու համար էլ իրեն ժամանակ է պետք մինչ միևնույն մարդու հետ երկրորդ համագործակցությունը: Նվազագույնը 6-7 ամիս ընդմիջում պետք է լինի:
Մամիկի համոզմամբ՝ աստղերը պարտավոր են լավ հագնվել քանի որ նրանք ճաշակ են թելադրում. «Դա պարտադիր է: Պետք է հաց չուտեն, բայց լավ հագնվեն, նույնիսկ նասկիներն ամենաթանկը պետք է լինեն: Գիտեք ի՞նչն է ամոթ, որ հարսանիքին 3 երգ կատարելու համար մինիմում 2000 դոլար են ուզում կամ կես ժամանոց համերգ վարելու համար կես միլիոն են ուզում, բայց հագնվելու համար փող չունեն»: Թեև Մամիկը նշեց, որ աստղերը պետք է թանկ հագուստ հագնեն, սակայն դիզայների համոզմամբ գեղեցիկ հագնվելու համար մեծ գումարներ ունենալը պարտադիր չէ: Իհարկե, լավ բրենդների հագուստներն ինչպես իրենց արժեքն, այնպես էլ որակն ունեն, սակայն քիչ գումարով էլ կարելի է լավ հագնվել: Ինչ վերաբերում է իր հագուկապին՝ ինքը հագնում է ինչպես ամենաթանկ, այնպես էլ ամենաէժան հագուստը, եթե այն իրեն դուր է գալիս: «Ես կարող եմ հարյուր դոլարով ոտքից գլուխ հագնվել ու բոլորը նայեն, հարցնեն' ի՞նչ եմ հագել»: Դիզայների փոխանցմամբ ինքը միշտ կարողացել է լավ հագնվել՝ սկսած դպրոցական տարիներից. «Ես փոքր տարիքից գիտեի ինչ եմ ուզում: Հագուստս կտրտում ու վերափոխում էի: Ես մեծամիտ չեմ, իրականությունն եմ ասում: Երբ ես հագնում էի կաշվե պիջակ՝ կարմիր, սուր վզով շապիկով, Հայաստանում դրանից 5 տարի հետո նոր էդպիսի տենդենց սկսվեց,- ասաց դիզայներն ու հավելեց, որ մեր քաղաքում երիտասարդների հագուկապը ծայրահեղությունից ծայրահեղություն է: -Աղջիկները կա´մ հագնվում են այնպես, որ բառի բուն իմաստով բերանս բաց է մնում, կա՛մ այնպես, որ ուզում եմ խունկը լցնել դոշին, ասեմ՝ օղորմի քեզ: Իսկ տղաները հագնվում են՝ վերջ կամ Աստված հեռու պահի: Մենք միջին չունենք: Մենք միշտ կա՛մ հաղթել ենք, կա՛մ պարտվել»:
Ինքուս դիզայներն առանց ավելորդ համեստության նշում է, որ Հայաստանում որևէ մեկին իրեն մրցակից չի համարում: «Ես միակն եմ, իմ աշխատանքից չկա: Թող ինչ-որ մեկը փորձի անել այն, ինչ ես եմ անում,- ասաց Մամիկն ու նշեց, որ ինքնուրույն է սերտել իր մասնագիտության բոլոր հմտությունները: -Սովորել եմ միլիոնավոր կոշիկներ քանդելով, կտրելով, ճղելով, հավաքելով, փչացնելով: Ամենամեծ կրթությունն այն է, երբ ինքդ ես քեզ կրթում: Խոսքն արհեստի մասին է: Չկա մի մարդ, որ կարող է ինձ ինչ-որ բան սովորացրած լինել, բոլորին ես եմ սովորեցրել ու, եթե ինչ-որ մեկը հայտնվի ու ասի' ես ինչ-որ հարցում Մամիկին բան եմ սովորեցրել, ես կթողնեմ գործս: Ես կոշիկի մեջ այնքան բան գիտեմ, այնքան նորություններ եմ ստեղծել, որ միլիոն տարվա ամենաուժեղ կոշկակարները երբեք նույնիսկ պատկերացում չեն ունեցել այդ մասին»: Այնուամենայնիվ, Մամիկը նշեց, որ չի ցանկանում աշակերտ ունենալ, քանի որ ինքն էլ շարունակում է սովորել. «Ես մինչև մահվանս օրը աշակերտ կմնամ: Ես կոշիկ եմ տեսնում, ինչպե՞ս դա բացատրեմ աշակերտիս: Ես ոչ թե ուզում, այլ չեմ կարող: Ես չեմ ուզում մարդկանց սովորեցնել»:
Մամիկը պատմեց, որ գումար աշխատել սկսել է փոքր տարիքից. «7-րդ դասարան էի, ունեի իմ փողը: Մարդիկ խոսում են մութ տարիներից, ինձ մոտ չեն եղել այդ տարիները, ես միշտ լույս եմ ունեցել ու ամեն ինչ: Ես անկախ եմ: Միշտ աշխատել եմ, պապայիս օգնել»: Ի դեպ, Մամիկն, ի սկզբանե, մեքենայի մասնագետ է եղել, ինչպես իր հայրը, սակայն հետո փոխել է մասնագիտությունը: Կոշիկի դիազայները պատմեց, որ հոգնում է, երբ շատ է խորանում ինչ-որ բանի մեջ, միակ բանն, ինչից դեռ չի հոգնել, կոշիկի դիզայնն է: Սակայն այլ գործով զբաղվելու մտադրություն էլ ունի, որի մասին խոսել առայժմ չի ուզում:
Մամիկը խոստովանում է, որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ իր մոտ կոշիկ պատվիրել: Ինքը կա՛մ նվիրում է, կա՛մ դա կլորիկ գումար է արժենում. «Ինչու՞ ես պետք է կարեմ մի մարդու կոշիկ, ով ասում է' ապե, էս ինչ գներ ա, Զիլլիի գներն ա: Զիլլին ո՞վ ա իմ մոտ, թող ասի՝ Տեստոնիի կոշիկներ, լռեմ: Նույնն է, որ գնաս Նուռի մոտ ու ասես՝ ապե, էս ինչ գին ես ասում կգնամ Վերնիսաժ՝ 6000 դրամով կոմպլեկտ կառնեմ: Իմ հաճախորդն այն մարդն է, ով ունի Rolls-Royce Phantom, բայց մեծ ուրախությամբ հագնում է Մամիկի կոշիկը, որը կարվել է 4 քմ տարածքով արհեստանոցում, որտեղ մեն-մենակս կոշիկ եմ անում: Ինքը դա հագնում է ու ուրախանում, հրճվում, շնորհակալություն ասում»:
Մամիկը նշեց, որ կերազեր կոշկակար լինել, քանի որ ամբողջությամբ կոշիկ կարել իմանալու դեպքում հիմա միլիոնատեր կլիներ: Այնուամենայնիվ, դիզայները նշեց, որ երբեք չի փորձել կոշկակարություն սովորել. «Ես ղազ չեմ, որ մի քիչ կարել իմանամ, մի քիչ քանդել, մի քիչ թռնել, մի քիչ լողալ: Ամեն մարդ պետք է իր գործն անի, կոշկակարը պետք է կոշիկ «քաշի», մոդելավորողը՝ կտրի, դիզայներն՝ ասի, ներկի ու ստանա իրենը: Այն, ինչ ես եմ տեսնում կոշկակարը երբեք չի տեսնի, ինչ կոշկակարն է անում, ես երբեք չեմ կարող անել»: Դիզայների արհեստանոցում միայն մի աշխատող կա, ում հետ Մամիկը գործը գլուխ է բերում: «Ես մի մարդ ունեմ, ով իմ ընկերն է, աշխատողը, ախպերը, հարազատը, ամեն ինչը: Ես միշտ իր հետ եմ աշխատել»,- ասաց Մամիկն ու հավելեց, որ իրենք իրար շատ լավ են հասկանում՝ յուրաքանչյուրն իր գործի «տերն» է:
Մամիկի փոխացմամբ՝ ինքը երբեք խանութ չի ունենա: Թեկուզ լավ հովանավոր ունենալու դեպքում նույնիսկ պատվերի սրահ չի բացի. ««Մամիկ» կոշիկ միշտ ունենալու է նա, ով կկարողանա ինձ հետ կապ հաստատել ու ես կցանկանամ իր համար կոշիկ կարել: Ես պետք է սիրեմ իմ հաճախորդին: Եթե ես նրան չսիրեմ, իր փողերն ինձ չեն հետաքրքրում: Շատ հայեր կան, ում համար երազում եմ կոշիկ կարել: Կարող եմ փողոցում պատահաբար մեկին տեսնել ու պատկերացնել իմ կոշիկը նրա հագին: Առաջին հերթին մարդն է էներգիա տալիս, որ իր համար կոշիկ կարեմ, ես միանգամից գիտեմ կստացվի՞, թե՝ ոչ»:
Մամիկը հիմա տղամարդու մի կոշիկ է կարում, որով աշխարհին հաղթելու ցանկություն ունի. «Աշխարհի ամենահզոր բրենդները պետք է նայեն իմ կոշիկին, նայեն, նայեն ու հասկանան, որ կոշիկի մեծ ֆաբրիկաներ բացելիս պետք չի իտալական անուններ դնել,- ասաց Մամիկն ու խոստացավ, որ կոշիկ հասկացությունը մեծ ճանաչում է բերելու, եթե անգամ ինքը «կաշվից դուրս գա»,- ուզում եմ, որ գոնե ԱՊՀ-ում, որտեղ հայերն ամենաշատն են, հարցնեն հայկական կոշիկի բրենդերից ի՞նչ եք ճանաչում. հազարից գոնե տասն ասի՝ «Մամիկ»»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը