ՏԿՆ-ի պարզաբանումը «Էկոլուր»-ի հրապարակած փաստաթղթերի առնչությամբ
Հասարակություն
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացրել է հետևյալ պարզաբանումը.
«ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ իրավական հետեւանք առաջացնող որեւէ համաձայնագիր կնքված չէ: «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»: Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, եւ դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:
Հայտնում ենք նաեւ, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից, հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով: Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել եւ իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ:
Տեղեկացնենք նաեւ, որ մինչ այժմ ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամորեն քննարկել եւ համապատասխան ընթացք են տվել ՀՀ քաղաքացիների կողմից (իրավաբանական կամ ֆիզիկական անձինք) ազատ հողերի, այդ թվում՝ արոտավայրերի վարձակալության համար ներկայացված դիմումները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010թ. N 1477-Ն եւ 2011թ. N 389-Ն որոշումներով դյուրացվել է արոտավայրերի վարձակալության գործընթացը: Արոտավայրերի վարձակալության պահանջարկի դեպքում բոլոր օղակներում համապատասխան մարմինները միշտ պատրաստակամ են դրանք ուսումնասիրել եւ անհրաժեշտ ընթացք տալ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը