«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են
Հրապարակումներ
Քաղցրաշեն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը լրագրողի հետ զրույցում անդրադարձել է մանկապարտեզում օձի հայտնաբերման դեպքերին։
Նրա խոսքով՝ չափազանցված են տեղեկությունները, թե մանկապարտեզում հինգ օձ է հայտնաբերվել։ Ըստ վարչական ղեկավարի՝ երկու օրերի ընթացքում երկու դեպք է արձանագրվել։
«Առաջին դեպքն արձանագրվել է երկու օր առաջ։ Դիմել ենք ԱԻՆ-ին, նրանք շատ արագ արձագանքել են։ Աշխատանքների ընթացքում օձ չի հայտնաբերվել, սակայն աշխատակիցների խոսքով՝ փոքր օձ է եղել։
Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15-ի սահմաններում, դեպքը կրկնվել է։ Նորից դիմել ենք ԱԻՆ-ին։ Հերթական աշխատանքներից հետո, երբ օձ չի հայտնաբերվել, անմիջապես տեղյակ ենք պահել համայնքի ղեկավարին։ Որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկու օրով ժամանակավորապես փակել մանկապարտեզը։
Այս պահին համապատասխան մասնագետների կողմից աշխատանքներ են իրականացվում՝ հետագայում օձերի հայտնաբերման և հնարավոր վտանգը բացառելու նպատակով»,– ասել է Աշոտ Խալաթյանը։
Նա նշել է, որ մանկապարտեզ հաճախում է 135 երեխա։ Վարչական ղեկավարի խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեխաներին ժամանակավորապես չեն ուղարկում մանկապարտեզ։
«Հորդորում ենք մեր բնակիչներին չանհանգստանալ։ Որևէ վտանգ այս պահին չկա։ Զուտ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես փակել ենք մանկապարտեզը»,– նշել է նա։
Աշոտ Խալաթյանի խոսքով՝ Քաղցրաշենի տարածքում օձեր պարբերաբար հանդիպում են, քանի որ գյուղը շրջապատված է լեռնային և արոտավայրերի տարածքներով։ Նրա խոսքով՝ երբեմն հանդիպում են նաև թունավոր օձեր, այդ թվում՝ իժեր։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)