Անահիտ Սիմոնյանը շնորհակալ է Հայկոյից աջակցության համար
Հասարակություն
BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Անահիտ Սիմոնյանը պատրաստվում է ներկայանալ որպես հագուստի դիզայներ: Երգչուհին նախատեսում է բացել ատելյե, այնուհետ՝ խանութ-սրահ. «Սկզբում կգործի այսպես կոչված արտադրամասը, խանութը հետագայում կլինի այլ հասցեում: Իմ աշխատանքներից բացի, այն ծառայելու է ամեն տեսակի հագուստ կարելու եւ ձեւափոխելու համար: Ովքեր կցանկանան ձեռք բերել իմ դիզայնով հագուստ, տեղում կպատվիրեն, դերձակները կկարեն»:
Նրա փոխանցմամբ՝ հաճախորդների համար պատրաստել է էսքիզների ալբոմներ, որոնցից կարող են ընտրել զգեստները.«Արդեն մանկական հագուստի պատվեր էլ ունեմ, եթե կարիք լինի, տղամարդկանց համար նախատեսված հագուստ էլ կկարվի, բայց ամենաշատը սիրում եմ երեկոյան զգեստների գծագրումը», -մեզ հետ զրույցում ասել է Անահիտ Սիմոնյանը՝ ավելացնելով, որ զուգահեռ շարունակելու է բիժուտերիա պատրաստել, որոնք կհամադրի իր կարած զգեստների հետ:
Այն հարցին, թե ինչու մարդիկ պետք է հագուստ պատվիրեն հենց իր ատելյեից, Անահիտը հետեւյալն է պատասխանել. «Ճաշակի հարց է, եթե հավանում են իմ բեմական զգեստները, ոճն ու ձեռագիրը, հուսով եմ՝ կգան ինձ մոտ: Հիմա պատրաստվում ենք նոր ֆոտոշարք նկարել, որտեղ իմ դիզայնով զգեստները կկրեմ ես ու հայտնի մի քանի երգիչներ»:
Անահիտ Սիմոնյանն իր անունն ու ազգանունն օգտագործելու է որպես ապրանքանիշ, պատրաստ է “Anahit Simonyan Fashion”-ի տարբերանշանը, որն արել է դիզայներ Նաիրա Ամատունին՝ Գագա Ամատունու կինը. «Սեւն ու ոսկեգույնն իմ սիրելի գույներն են, այդ գույների համադրությամբ լոգոն ինձ դուր է գալիս», - նշել է նա ու հավելել, որ շատ է հավանում հանրահայտ դիզայներ Էլի Սաաբի հավաքածուները:
Երգչուհին նշել է, որ իր երկրորդ մասնագիտության «արմատները» գալիս են մանկությունից. «Կարի մեքենա ունեցել եմ փոքր տարիքից, անգամ դպրոցական տարիներին որոշ բաներ կարում ու հագնում էի: Վերջերս գնում էի նկարչության դասերի, իսկ հիմա հաճախում եմ «Ատեքս»՝ Կարինե Դնոյանի մոտ անհատական դասընթացների եւ ավելի մանրամասն եմ ուսումնասիրում նորաձեւության պատմությունը»:
Նրա խոսքով՝ իր նկարած էսքիզները ցույց է տալիս ամուսնուն՝ Հայկոյին, նրա կարծիքն էլ հաշվի առնում. «Շնորհակալ եմ, որ ամենասկզբից հավանել է իմ գաղափարն ու, այսպես ասած, ինձ «դուխ է տվել», ինքն է ձեռնարկել, որ կարողանամ սկսել իմ գործունեությունը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը