Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները դատապարտող բողոքի երթ Երևանում
Հասարակություն
«Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» ՀԿ-ն Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթ է նախաձեռնում Երևանում: ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
««Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» հ/կ-ն դատապարտում է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայազգի կանանց նկատմամբ շարունակաբար իրականացվող հարձակումներն ու բռնությունները և խստորեն պահանջում Թուրքիայի իշխանություններից ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը, հետամուտ լինել վերոնշյալ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: Նման վայրագությունները հատկապես սրում են իրավիճակը Ցեղասպանության 98-ամյակին ընդառաջ:
Թուրքական իշխանությունների լռությունը և կրավորական կեցվածքը պարարտ հող են ստեղծել այդ երկրում ատելության, անհանդուրժողականության ու ազգայնական տրամադրությունների աճի և հայության շրջանում վախի մթնոլորտի ձևավորման համար:
Կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին և մյուս բոլոր միջազգային կազմակերպություններին ու իրավապաշտպան կառույցներին համարժեքորեն արձագանքել թուրքական իշխանությունների անգործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ երկրում ազգայնական հողի վրա հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանության հարցում:
Կոչ ենք անում ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կառույցներին, անհատներին միանալ Ստամբուլի միջադեպերը և ընդհանրապես Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթին, որի ընթացքում բաց նամակ կհանձնվեն միջազգային կառույցների ներկայացուցիչներին:
Երթը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, Հանրապետության հրապարակում: Երթուղին ՝ Հանրապետության հրապարակ, ՄԱԿ-ի գրասենյակ, ԵՄ գրասենյակ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը