Ֆրանսիական ընկերությունն ԱԻՆ-ում էր
Հասարակություն
Այսօր ԱԻ նախարարություն էին այցելել Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսը և ֆրանսիական «Էտիեն Լակրուա Գրուպ» ընկերության ներկայացուցիչներ Էրիկ Բարեսն ու Էնթնի Ռիմբոն։
Այցի հիմնական նպատակն էր ԱԻ նախարարությանը ներկայացնել վերոնշյալ ընկերության արտադրանքը։ «Էտիեն Լակրուա Գրուպը» պատրաստում է հասարակական կարգի պահպանության և քաղպաշտպանության տեխնիկական միջոցներ՝ համագործակցելով առավելապես տարբեր երկրների ուժային կառույցների հետ։ Պարոն Ռոպերսը մասնավորապես ասաց. «Մենք ուզում էինք ձեզ ներկայացնել այս ձեռնարկության արտադրանքը, քանի որ այն հանդիսանում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հիմնական գործընկերներից։ Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում անցկացվող հանդիպումների ընթացքում շատ անգամ հարցեր են առաջացել, թե ինչ տեխնիկական միջոցներով են աշխատում ֆրանսիացի հրշեջները»։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և ՓԾ փրկարար ուժերի վարչության աշխատակիցներ։ «Էտիեն Լակրուա Գրուպ» ընկերության բիզնես կառավարիչ Էնթնի Ռիմբոն հանգամանալից ներկայացրեց իրենց արտադրանքը՝ աղետի դեպքում ծխային և լուսային ազդանշանային հրթիռներ, որոնք հնարավոր է հայտնաբերել անգամ ռադարի օգնությամբ, անհատական պաշտպանության գազի փոքր բալոններ, տնային և տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգեր, պայթուցիկներ՝ լեռներում ձնահյուսը կանխարգելելու համար և կլիմայական փոփոխություններ առաջացնող հրթիռներ՝ տեղումների քանակը մեծացնելու կամ նվազեցնելու համար։
«Մեր կարգախոսն է «Հուսալիություն, ամրություն և որակ»»,- ասաց Է. Ռիմբոն։
Վերջինս հույս հայտնեց, որ իրենց արտադրանքը կիրառություն կգտնի նաև ԱԻՆ համակարգում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը