Նարինե Սուլթանյան. «Կնոջ ուժը նրա թուլության մեջ է»
Հասարակություն
Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանին այժմ քիչ կարելի է տեսնել թե բեմում, թե էկրաններին: Նարինեն ավելի շատ զբաղված է ընտանեկան հոգսերով, բայց կարևորելով երկուսն էլ' դերասանուհին այն շուտով կհամատեղի իր աշխատանքային գործունեության հետ:
- Ամուսնությունից, հատկապես բալիկի ծնվելուց հետո հեռացաք եթերից էլ, բեմից էլ. Ընտանեկան հոգսերո՞վ էր դա միայն պայմանավորված:
- Կարծում եմ' ցանկացած մարդ' լինի կին թե տղամարդ, կյանքի որոշակի փուլերում, բնականաբար, փոխում է իր նախապատվությունները, կյանքի հանդեպ դիրքորոշումները: Այդ առումով ինձ դասում եմ այն երջանիկների շարքին, որ վայելել եմ և՛ ուսանողական բուռն կյանքը, և՛ դրսևորել եմ ինձ իմ սիրած աշխատանքում, ունեմ շատ վառ հիշողություններ աշխատանքային ճամփորդություններից և գիտակցաբար սիրով մտա իմ կյանքի մյուս փուլը, կարելի է ասել' արդեն հասունացած: Համաձայն եմ, որ դադարը մի քիչ երկար տևեց, սակայն չեմ կարող ասել, որ այդ ընթացքում շատ ծանրաբեռնված էի կենցաղային հոգսերով: Պարզապես իմ ընտրությամբ կյանքի այդ փուլում նախապատվությունը գերադասեցի տալ ընտանիքիս և վայելել այն հաճելի պահերը, որ անցկացնում եմ դստերս կողքին: Այժմ արդեն պատրաստ եմ վերադառնալ իմ աշխատանքին, շատ շուտով անակնկալ կունենամ, որի մասին դեռ չեմ ցանկանում խոսել:
- Ձեզ համար կարելի է ասել, որ ընտանեկան կյանքը հաղթեց կարիերային:
- Չէ, չեմ կարող այդպես ասել, սակայն, իհարկե, եթե չունենայի ընտանիք, ողջ ժամանակս, բնականաբար, կտրամադրեի աշխատանքիս, ինչն անում էի մինչ ամուսնությունը: Ես կասեի' մեկը մյուսին լրացնում է, որովհետև երբ ժամանակը գալիս է, ցանկացած կին հասկանում է, որ միայն կարիերայով զբաղվելը սխալ է: Գուցե կան կանայք, որ նախապատվությունը տալիս են կարիերային, բայց, կարծում եմ, կինը լիարժեք չի զգա իրեն միայն անձնական կյանքով կամ միայն կարիերայով, այսպես թե այնպես, անլիարժեքության զգացում կունենա. ինձ մոտ այդպես է: Ընտանիքս կհաղթեր այն ժամանակ, երբ ես լիովին տրվեի դրան, և ասպարեզ դուրս չէի գա: Ես երկուսն էլ համատեղում եմ:
- Այսօր շատ դերասաններ նկարահանվում են նաև սերիալներում. Դուք ինչպես եք վերաբերում դրանց, այդպիսի առաջարկ լինելու դեպքում կընդունե՞ք:
- Ինձ բազմիցս առաջարկվել է հենց գլխավոր դերեր, ուղղակի ժամանակին թերահավատորեն էի վերաբերում սերիալներին. դե, ամեն ինչի սկիզբը մի փոքր վախեցնող է: Հիմա ուրախ եմ, որ դերասանները կարողանում են իրենց մասնագիտությամբ գումար վաստակել: Կարծում եմ' այժմ կհամաձայնեի նկարահանվել սերիալում, սակայն միայն «կարճամետրաժ սերիալում»' 20-25 սերիայից բաղկացած, ինչպես այժմ համաշխարհային սերիալային ձևաչափն է, քանի որ, կարծում եմ, այդպես և աշխատանքն է դառնում հետաքրքիր, և դերասանն իրեն չի սպառում: Բայց, այնուամենայնիվ, մեծ հաճույքով կնկարահանվեի գեղարվեստական ֆիլմում:
- Հաջողված հաղորդավարուհի ու դերասանուհի Նարինե Սուլթանյանը ինչպիսի՞ն է առօրյայում և ընտանիքում:
-Ավելի ճիշտ կլինի' դա հարցնել մտերիմներիցս: Ինքս ինձ այսպես կբնութագրեմ' հանգիստ, հուզական, բայց ավելի շատ ներս գցող: Սակայն պահի տակ կարող եմ լինել ըմբոստ և անգամ ծայրահեղ :)
- Ովքե՞ր են Ձեր ընկերները, ի՞նչպես եք «ընտրում» նրանց:
- Ով ինձ պես է մտածում, կարող է ինձ հոգեհարազատ լինել, իսկ ընկերը մի քիչ այլ բան է. պետք է ամեն առումով նվիրված լինել միմյանց: Ընկերներիս վաղուց եմ ձեռք բերել և այնպես չէ, որ անընդհատ նորերն են հայտնվում իմ շրջապատում: Ունեմ ընկերուհիներ մանկապարտեզից, դպրոցից, որոնց հետ որոշակի ճանապարհ ենք անցել, միասին ենք եղել կյանքի տարբեր իրավիճակներում, դրա համար էլ նրանք առ այսօր ինձ համար թանկ են: Փորձը ցույց է տվել, որ հին ընկերներն ավելի արժեքավոր և ավելի հարազատ են:
- Տարիներ առաջ մեր ամսագրի համարներից մեկում նշել էիք, որ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ մտերիմ ընկերուհիներ եք: Ինչպիսի՞ն են հարաբերություններն այսօր:
- Ես և Նազենին միմյանց շատ լավ ենք ճանաչում: Երևի քիչ մարդիկ կան, ովքեր Նազենիին ճանաչում են այնպես, ինչպես ես, նա նույնպես դա կփաստի: Մենք առ այսօր ընկերներ ենք, ուղղակի ժամանակի բերումով չենք կարողանում շատ հաճախ շփվել: Կապ ունի նաև այն, որ ես արդեն ավելի շատ ընտանեկան կյանքով եմ տարված, ինքը' գործնական: Ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք և շատ լավ ժամանակ անցկացնում: Ինքն իմ շատ թանկ մարդկանցից մեկն է:
- Հե՞շտ եք վստահում մարդկանց:
- Ես շատ ինքնամփոփ մարդ եմ: Ունեմ քույր, ում նաև շատ եմ վստահում. նա է իմ ընկերը: Երբ քույր ես ունենում, առավել ևս' ավագ, ով քո խորհրդատուն և ուղղորդողն է շատ հարցերում, այլևս ընկերուհուհիների հետ կիսվելու կարիք չի լինում: Ընկերուհիներիս հետ հանդիպելիս փորձում եմ ուրախանալ, ոչ թե իմ խնդիրներով ծանրաբեռնել: Սակայն պատրաստ եմ լսել, խորհուրդներով օգտակար լինել, եթե դրա կարիքը կա:
- Ի՞նչը կարող է հիասթափեցնել Ձեզ:
- Կեղծիքը: Ի դեպ, իմ ընկերները միշտ ասում են, որ ինչքան էլ շփվում եմ, միևնույն է, որոշակի պատնեշ եմ թողնում: Սա չի խոսում իմ' ոչ անկեղծ լինելու մասին, պարզապես իմ տեսակն է: Իմ ներսում կա մի մասնիկ, որ միայն իմն է:
- Հե՞շտ է հայտնի մարդ լինելը:
- Մեր իրականության մեջ, ցավոք, այո: Հայտնի լինելն ու արժեք ստեղծելը շատ տարբեր բաներ են: Կարող ես շատ կարճ ժամանակահատվածում հայտնի դառնալ, բայց ոչ մի արժեք չթողնես: Ես կուզեի մի քիչ դժվար լիներ, մարդիկ ճանապարհ անցնեին: Լավ է, երբ սիրված ես, ու էկրանին չերևալիս կարոտում են:
- Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
- Դուստրս: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպե՞ս եմ այսքան ժամանակ առանց իմ աղջկա ապրել, ի՞նչ անիմաստ ժամանակ եմ անցկացրել, բայց միևնույն ժամանակ մտածում եմ, որ ամեն տարիքում պետք է ինչ-որ գործընթաց անցնես, որպեսզի կարևորես այն, ինչ ունես: Իմ մայրանալը, թեկուզ ավելի հասուն տարիքում, ինձ համար ավելի արժեքավոր է:
- Յուրաքանչյուր երեխա ինչ-որ բանով տարբերվում է: Ինչո՞վ կառանձնացնեք Ձեր փոքրիկին:
- Ես ուրիշ երեխաների շատ չեմ դիտարկել և չեմ կարող ասել, թե ինչով է նրանցից առանձնանում իմ երեխան: Առհասարակ չեմ սիրում առանձնացնել. երեխան երեխա է, և ցանկացած ծնողի համար իր երեխան ամենից ամենան է, թեև ես օբյեկտիվ մայր եմ և կողքից տեսնում եմ և՛ առավելությունները, և՛ թերությունները:
- Ապագա ո՞ւմ եք տեսնում Ձեր երեխայի մեջ:
- Իր մեջ ի ծնե «նստած է» արտիստիզմը, բայց թե ի՞նչ կդառնա, ինքը կորոշի: Կարևորը' լավ մասնագետ դառնա և ամենակարևորը' այնպիսի երկրում ապրենք, որ կարողանա իր մասնագիտությամբ աշխատել:
- Ձեր ամուսնու մասին էլ շատ քիչ բան է հայտնի. նա ո՞վ է մասնագիտությամբ:
- Ամուսինս մասնագիտությամբ ինժեներ է, սակայն այժմ գործարար: Մենք և՛ տեսակով, և՛ մասնագիտությամբ տարբեր մարդիկ ենք, ուղղակի ինչպես ասում են' տարանուն լիցքերն իրար ավելի են ձգում. մեր դեպքում երևի հենց այդպես է: Տարբեր են բնագավառները, բայց շատ սիրում ու գնահատում է իմ աշխատանքը, երբեք չի բռնանում, ավելին' օգնում է ինձ: Իհարկե, կան բաներ, որոնք, արդեն գիտեմ, որ իրեն դուր չեն գա' չեմ անում: Այսինքն այն, ինչ արել եմ մինչ ամուսնությունս, անում եմ նաև այսօր:
- Մեր' հայկական միջավայրում կան մասնագիտություններ, որոնք տղամարդկանց կողմից չեն ընդունվում, որոնից մեկն էլ դերասանուհու մասնագիտությունն է: Ինչպիսի՞ն է Ձեր ամուսնու վերաբերմունքը:
- Ամուսնությունից հետո նկարահանվել եմ որոշ ֆիլմերի որոշ հատվածներում, բայց թատրոնում' ոչ: Բայց վստահ եմ, որ եթե ասեմ' պետք է ինչ-որ ներկայացման մեջ խաղամ, ինքը դեմ չի լինի: Ներկայում ունեմ առաջարկ թատրոն վերադառնալու, մտածում եմ վերադառնալու մասին:
- Հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, որոշ ֆիլմերում նկարահանվել եք, ո՞վ է ընտանիքում ավելի շատ գումար վաստակում, և արդյոք դա ինչ-որ հարցերում խանգարո՞ւմ է:
- Կարող եմ ասել, որ առաջվա համեմատ, այժմ ընդհանրապես գումար չեմ վաստակում (ծիծաղում է): Կարծում եմ, որ պետք է ամուսինն ավելի շատ վաստակի, քան կինը: Եթե լինի այնպիսի դժվար ժամանակաշրջան, որ պետք է կինն աջակցի' խնդիր չեմ տեսնում:
- Իսկ եթե մի ժամանակահատված լինի, երբ Դուք ավելի շատ գումար կվաստակեք, ինչ-որ տեղ Ձեզ առաջնորդ կզգա՞ք:
- Խելացի կինը երբեք ցույց չի տա, որ եթե ինքն ավելի շատ գումար է վաստակում, ապա պետք է կանոններ թելադրի, որովհետև կարծում եմ' կինն այդպիսով կդիպչի տղամարդու ինքնասիրությանը: Պետք է հասկանալ, որ դա մի ժամանակահատված է, որն անցողիկ է և որը պետք է պատվով հաղթահարել: Կարևորն այն է, որ ընկերներ լինեն, օգնեն, և գումարը չդառնա գերիշխող' տղամարդուն ստորացնելու համար:
- Կանայք հայտնի են որպես թույլ էականեր: Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք:
- Այո, ու առհասարակ կարծում եմ, որ կանայք չեն կարող թույլ էակներ լինել: Եթե կանայք ի զորու են մայրանալու, հնարավոր չէ' թույլ լինեն: Պետք չէ մոռանալ, որ Աստված հենց կնոջն է այդ շնորհը տվել' համարելով, որ ինքը պետք է դա անի, այլապես' տղամարդուն կտար: Կարծում եմ, որ երբեմն նաև որոշ հարցերում կնոջ ուժը իր թուլության մեջ է:
- Ֆրանսիական հայտնի մի խոսք կա. եթե նույնիսկ կինը սխալ է, առաջին հերթին պետք է նրանից ներողություն խնդրել: Հե՞շտ եք ընդունում Ձեր սխալները:
- Կապ չունի' կին է, թե տղամարդ, պետք է ընդունեն իրենց սխալները: Պարտադիր չէ ներողություն ասել բառերի օգնությամբ, այլ կարելի է որևէ արարքով ցույց տալ, որ ընդունել ես սխալդ: Եվ ընդհանրապես, ներողություն խնդրելը կամ սխալն ընդունելը ուժեղ մարդկանց է բնորոշ:
- Ասում են' կինն ինչ ցանկանում է, անպայման հասնում է դրան: Հե՞շտ եք հասնում Ձեր ցանկություններին:
- Գիտեք, երբեք չեմ մտածել: Ասում են' ինձ ամեն բան հեշտ է տրվում, սակայն իրականում այդքան էլ այդպես չէ: Երբ մի բան շատ եմ ցանկանում, աշխատում եմ այդ ուղղությամբ, ամբողջ ուժերս այդ կողմ եմ ուղղորդում և փորձում եմ հասնել ուզածիս:
- Ո՞րն է հաջողության Ձեր գաղտնիքը:
- Իմ անմիջականությունը. ես այնպիսին եմ, ինչպիսին կամ. ինձ իմիջ չեմ ստեղծում: Հայտնի մարդիկ միշտ ստեղծում են իրենց իմիջը. տեսնում են, լուրջ դիտարկումներ են կատարում, թե շուկայում ինչն է պակաս, սկսում եմ հենց այդպիսի հեռուստատեսային և հասարակական կերպար ստեղծել: Ես երբևէ չեմ մտածել այդ մասին և չգիտեմ էլ' ճի՞շտ է դա, թե՞ սխալ, բայց իմ պարագայում «իմ զենքն իմ անմիջականությունն է»: Կյանքում առաջնորդվում են ռուսական հայտնի ասացվածքով. «Ամենամեծ խորամանկությունը ճշմարտությունն է» :)
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը