Երգչուհի Աստղիկ Սաֆարյան. «Եղեք խելամիտ բարի»
Հասարակություն
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր հայտնվելու առաջին իսկ օրվանից ցույց տվեց, որ կարելի է տարբերվել, չնմանակել մյուսներին: Դրանով էլ նա շահեց բազմաթիվ մարդկանց սրտերը: Սակայն վերջերս Աստղիկն անհայտացել է աստղային հորիզոնից: NEWS.am STYLE-ը փորձեց պարզել դրա պատճառը:
Ո՞վ է ստեղծում Աստղիկ Սաֆարյանի՝ մեր աստղաբույլի մյուս երգչուհիներից տարբերվող կերպարը։
Շնորհակալություն: Պետք է ասեմ, որ հատուկ ջանք չեմ գործադրում տարբերվելու համար: Պարզապես երբեք չեմ սիրել անել այն, ինչ անում են բոլորը... Ինչ վերաբերվում է Աստղիկ Սաֆարյանի կերպարին, այն ես եմ ստեղծել, 2006-ից սկսած ինքս եմ ընտրել իմ երաժշտական ուղին եւ մինչ օրս գնում եմ դրանով:
Առօրյա ի՞նչ հագուստ եք նախընտրում:
Առաջին հերթին այն ինձ պետք է հաճելի լինի: Կրում եմ նաեւ աքսեսուրներ, քանի որ շատ հաճախ դրանք լրացնում են հագուստը:
Սիրո՞ւմ եք գնումներ կատարել:
Դա որոշակի էներգիա ու տրամադրություն է պահանջում։ Եթե դրանք կան, հաճույքով եմ գնումներ կատարում:
Ո՞ր բրենդն եք նախընտրում։
Շատ են եւ տարբեր: Սիրել-չսիրելը հարաբերական է, քանի որ ցանկացած բրենդ ունի ապրանքներ, որոնք իրենց տեսակով անփոխարինելի են, եւ դրանիցից չես հանդիպի մյուս բրենդների տեսականու մեջ:
Ձեզ համար կարևո՞ր է հագուստի գինը:
Ինձ համար առաջին հերթին կարեւոր է, որ իրն ինձ իսկապես դուր գա, հուզի, քանի որ շատ բծախնդիր եմ, ու ամեն ինչ չէ, որ հավանում եմ։ Եւ եթե իրն ինձ իսկապես դուր է գալիս, գինն արդեն երկրորդական է դառնում:
Ո՞վ է ձեզ համար բեմական հագուստ ընտրում:
Իմ իմիջով զբաղվել եւ զբաղվում եմ ինքս, քանի որ մեծ սեր ունեմ հագուստի, նորաձեւության եւ կերպարներ ստեղծելու հանդեպ:
Աստղիկ, ինչո՞վ եք հիմա զբաղված: Ինչպես հասկացա, Երևանում չեք բնակվում:
Արդեն երկու տարի է՝ Հայաստանից դուրս եմ: Այս պահին Բարսելոնում շարունակում եմ իմ առաջին մասնագիտության՝ տնտեսագետի ուսումս: Ինչ վերաբերում է երգին՝ ժամանակ առ ժամանակ փորձում եմ նոր տեսահոլովակների, երգերի, լուսանկարների շարք ներկայացնել: Այժմ ստեղծագործական բուռն շրջան է ինձ մոտ, քանի որ երգերի պատվերներ ունեմ՝ հայերեն ու անգլերեն լեզուներով:
Ի՞նչ ծրագրեր ունեք:
Ծրագրերս կապված են նպատակներիս հետ: Նպատակներս շատ են եւ իրականացնելու համար պարզապես պետք է ծրագրեր դարձնել դրանք:
Ե՞րբ զգացիք, որ կայացած երգչուհի եք:
Գիտեք, փորձում եմ անընդհատ աշխատել ինձ վրա եւ անել այնպես, որ ամեն հաջորդ գործս նախորդից լավը լինի: Իսկ թե ե՞րբ եւ որքանո՞վ եմ կայացել երգարվեստում, կարող է ասել իմ հավատարիմ հանդիսատեսը:
Վերջերս չեք երեւում էկրաններին: Ինչո՞ւ:
Պատճառը Հայաստանից դուրս գտնվելն է։ Էկրաններին երեւում են միայն տեսահոլովակներս: Բոլորովին վերջերս հանդիսատեսի դատին եմ հանձնել իմ, արդեն թվով 3-րդ տեսահոլովակը, որը նկարահանել եմ Հայաստանից դուրս: Երգը կոչվում է «Նա»:
Ձեր երգերը յուրահատուկ են՝ աննման: Ձեր ոճը նույնպե՞ս դուք եք ընտրել:
Կարծում եմ՝ հիմնական տարբերությունն այն է, որ հեղինակ կատարող եմ, ինքս եմ գրում իմ երգերը:
Այո, ինքս եմ ընտրել իմ երաժշտական ոճը՝ ինձ համապատասխան: Իհարկե, շատ հաճելի է, որ 2006-ից ի վեր այդ ոճի միակ կատարողն եմ, սակայն, մյուս կողմից, դա վատ է, քանի որ այս ուղղությունը ճիշտ ու լավ շարունակելու համար նոր մտքերով նոր երիտասարդներ են անհրաժեշտ։ Ես ձգտում եմ աշխատել այդ ուղղությամբ, ունեմ երգի պատվերներ նոր եւ սկսնակ երգիչ-երգչուհիներից, ովքեր ցանկանում են երգել հենց իմ երաժշտական ժանրում եւ դիմել են ինձ՝ ճիշտ ուղղություն ստանալու համար։ Շատ ուրախ եմ եւ մեծ սիրով եմ զբաղվում դրանով։ Իսկ նրանց թող հանդիսատեսը գնահատի։
Ո՞րն է Աստղիկ Սաֆարյանի կարգախոսը:
Միշտ բոլորին կոչ եմ արել բարի լինել, քանի որ ինքս եմ այդպիսին։ Սակայն հասկացել եմ, որ «Պետք է ընտրողաբար բարի լինել»: Ամեն մեկը չէ, որ բարի վերաբերմունքի է արժանի։ Այնպես որ «ԵՂԵՔ ԽԵԼԱՄԻՏ, ԲԱՐԻ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը