Նախարարն Անդրիաս Ղուկասյանին առաջարկեց լրացուցիչ հետազոտություններ իրականացնել
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ժամը 14-30-ին այցելեց հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Զրույցի ընթացքում նախարարը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ։ Դերենիկ Դումանյանը ՀՀ նախագահի թեկնածուին հորդորեց դադարեցնել հացադուլը՝ տեղեկացնելով, թե այն ներկայումս և հացադուլից հետո առողջության և կյանքի հետ կապված ինչ բարդություններ և հետևանքներ կարող է առաջացնել։ Նաև շեշտեց, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ։ Այնուհետև Անդրիաս Ղուկասյանին առաջարկեց իր ցանկությամբ ընտրված որևէ կլինիկայում ՀՀ գլխավոր մասնագետների մասնակցությամբ կազմակերպել նրա առողջական վիճակի հետազոտություն: Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարն ասաց. «Մենք Անդրիաս Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ մոտ օրերս համալիր բուժքննություն կանցկացվի՝ նրա առողջական վիճակին գնահատական տալու համար: Բանն այն է, որ երկարատև հացադուլի արդյունքում օրգանիզմում կարող են տեղի ունենալ որոշակի լուրջ փոփոխություններ, և մենք պարտավոր ենք ուսումնասիրել նրա առողջական վիճակը, գնահատական տալ, ինչպես նաև թեկնածուին տեղյակ պահել, թե հնարավոր բարդացումներ լինելու դեպքում օրգանիզմում ինչպիսի անվերադարձ զարգացումներ կարող են լինել: Սակայն այս պայմաններում հնարավոր չէ անհրաժեշտ գործիքային և այլ հետազոտություններ իրականացնել: Դրանք հնարավոր է իրականացնել հիվանդանոցային պայմաններում: Ես պարոն Ղուկասյանին խնդրեցի, որ նա համաձայնի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում իրեն հարմար որևէ կլինիկա ընտրել, որտեղ կկազմակերպենք հետազոտությունները՝ հանրապետության գլխավոր մասնագետների մասնակցությամբ»:
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե այս պահին ինչպես է գնահատվում Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակը, նախարարը պատասխանեց.
«Ներկա պահին նրա առողջական վիճակը համապատասխանում է 18 օր հացադուլի նստած մարդու վիճակին։ Սակայն առանց լրացուցիչ հետազոտությունների հնարավոր չէ իրական պատկերացում կազմել նրա օրգանիզմում կատարվող փոփոխությունների, զարգացող ախտաբանական պրոցեսների մասին։ Յուրաքանչյուր պահի հնարավոր է առողջության կտրուկ վատացում։ Այնպես որ, Անդրեաս Ղուկասյանի կյանքին վտանգ սպառնալու դեպքում նրան անմիջապես կհոսպիտալացնենք, քանի որ մեզ համար կյանքը բարձրագույն արժեք է»։
Այս պահի դրությամբ ՀՀ նախագահի թեկնածուն դեռևս պատասխան չի տվել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը