Գարնանը կծնվի «Մաեստրո» սերիալից Սամվելի եւ Սիրանուշի երկրորդ երեխան
Հասարակություն
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը սպասում են իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Բժիշկների կանխորոշմամբ՝ երեխան կծնվի մայիսի 1-ին: Ամուսինների մեծ դստեր ցանկությամբ փոքրիկին անվանակոչելու են Մարիա:
«Սեպտեմբերի 2-ին Էլենը կդառնա 6 տարեկան եւ առաջին անգամ կգնա դպրոց: Նա միշտ մեզ հետ հաճույքով գալիս է թատրոն, նույնիսկ լաց է լինում, երբ որոշում ենք տուն վերադառնալ: Մեկ անգամ սերիալի նկարահանումների ժամանակ որոշեցինք իրեն էլ ներառել, բայց փորձն անհաջող անցավ, որովհետեւ երեխան կտրականապես հրաժարվեց տեսախցիկին նայել եւ դրանից հետո հայտարարեց, որ իրեն ոչ մի նկարահանման այլեւս չտանենք: Միայն թատրոնն է սիրում, նրա համար բոլոր անկյուններից թատրոնը շատ հետաքրքիր վայր է», - BRAVO.am-ին պատմել է Սամվել Դանիելյանը:
Զույգի ծանոթության վայրն էլ թատրոնն է եղել.«Ուսանողական տարիներից սկսեցի աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո գնացի բանակ: Այդ ընթացքում ապագա կինս մեր թատրոնում աշխատանքի է ընդունվել, ես էլ ծառայելուց հետո վերադարձա, առաջին հանդիպումից մեր ծանոթությունը կայացավ»:
Այժմ դերասան-ամուսինները նկարահանվում են «Շանթ» հեռուստաընկերության «Մաեստրո» սերիալում. «Սցենարով էլ կինս հղի է, որ ամեն ինչ բնական լինի: Բայց սերիալում մեր կյանքը չենք խաղում, այնտեղ երեխան իմը չէ: Սիրանուշը մինչեւ վերջ կնկարվի, երեխայի ծնվելուց հետո շատ կարճ դադար կվերցնի, նորից կշարունակի աշխատանքը»:
Սամվելի խոսքով՝ իրեն ճանաչում է բերել «Որոգայթ» սերիալը, որից հետո խաղացել է բազմաթիվ սերիալներում: Կինն էլ բացի սերիալիներից նկարահանվել է «Պահանջվում է միլիոնատեր» եւ “Poker.am” ֆիլմերում:
Թատրոնում այժմ միայն Սամվել Դանիելյանն է խաղում, միաժամանակ մասնակցում է երկու նոր ներկայացման փորձերին: Փետրվարի 22-ին նախատեսված է «Վիրուս» դրամայի պրեմիերան, որը բեմադրել է Հակոբ Ղազանչյանը , իսկ մարտին կկայանա Գոռ Մարգարյանի բեմադրած «Մեղրի համը» ներկայացման պրեմիերան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը