Պետք չէ ոչ մեկին մրոտել. Երվանդ Մանարյան
Հասարակություն
ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնի դերասան Երվանդ Մանարյանը գնահատել է ներկայիս քաղաքական իրավիճակն ու խոսել է նախընտրական քարոզարշավից:
-Պարոն Մանարյան, Դուք՝ որպես մտավորական, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս քաղաքական իրավիճակը:
-Գնահատական տալուց առաջ մենք պետք է ելնենք նրանից, թե մենք ով ենք, երբ ենք ասպարեզ մտել, ինչ ենք ուզում ունենալ, ինչ վիճակում ենք: Այս բոլոր հարցերը մեկը մյուսի հետ շաղկապված է: Այնպես չէ, որ մենք ինչ-որ ազատ քաղաքական կեցվածք, ազատ անցյալ ունեինք: Նոր ենք մտել ասպարեզ, ըստ որում՝ բարդույթներով, հարևանների հետ խնդիրներով, իսկ այդ բոլորը ծանր խնդիրներ են, և դեռ չասենք, որ մեր սեփական անցյալն էլ այդքան մեծ հնարավորություններ չի տալիս շատ ազատ զգալու և շատ հանգիստ դատելու, թե ինչն ինչպես ենք անում: Իսկ երբ որ այդ բոլորը հաշվի ենք առնում, տեսնում ենք, որ արտառոց վիճակի մեջ չենք, սա նորմալ պիտի համարենք, պարզապես մնում է, թե մենք ինչ կեցվածք կունենանք այս ամենի մեջ:
-Ի՞նչ նկատի ունեք`կեցվածք ասելով:
-Կեցվածք ասելով՝ ես նկատի ունեմ մեր համբերությունը, արդյո՞ք մենք բավականին համբերատար ենք, որպեսզի կարողանանք դիմակայել պատմության, ժամանակի մատուցած խնդիրներին, արդյո՞ք այդքան խելք ունենք: Երբեմն պատահում է, որ համոզվում ենք, որ չունենք այդ խելքը, դժվարություններ ենք ստեղծում ինքներս մեզ համար:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք քարոզարշավի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, և Ձեր կարծիքով՝ ի՞նչ քաղաքական նպատակներ էր հետապնդում այդ դատապարտելի՝ թեկնածուի նկատմամբ իրականացված քայլը:
-Դե, դժվար է դրան որոշակի գնահատական տալ, անգամ իրեն էլ, որ լսում ենք, չենք կարողանում որոշակի եզրահանգման գալ, բայց վերջը դեպք է տեղի ունեցել, հիմա ո՞րն է կարևորը՝ այդ դեպքի հետևից վազե՞լը, թե՞ մեր խնդիրներին տեր կանգնելը: Ես կարծում եմ, որ ասենք, եթե Պարույր Հայրիկյանի մասին խոսելու լինենք, պետք է նշենք, որ մեր պատմության մեջ նա իր որոշակի տեղը գրավեց՝ ժամանակին շատ մեծ գին վճարելով դրա համար: Երտասարդ մարդու համար 17 տարի ազատազրկման մեջ լինելը շատ բարդ բան է, բայց ես կարծում եմ, որ նա կարող էր այդքանով իր քաղաքացիական պարտքը ավարտած համարել, բայց թե ինքն ուզում է ավելին արած լինի՝ դա իր գործն է արդեն: Իսկ խոսել նրա մասին, թե ինչ նպատակ էր հետապնդում այս քայլը, դժվար է ասել: Ակամա ստացվում է այնպես, որ մենք ուզում ենք այդտեղ ճշգրտումներ մտցնել և մրոտում ենք ինչ-որ մեկին, պետք չէ ոչ մեկին մրոտել:
-Պարոն Մանարյան, Դուք է՞լ եք կարծում, որ այս նախընտրական շրջանը նախորդներից տարբերվում է իր պասիվությամբ, և որ, անկախ ամեն ինչից, ընտրությունների ելքը կանխորոշված է:
-Իմ կարծիքով այս նախընտրական շրջանը, համեմատած նախորդների հետ, պասիվ է, որովհետև ՀԱԿ-ը թեկնածու չառաջադրեց, իսկ ընտրությունների ելքի կանխորոշված լինելուն ես այնքան էլ կարևորություն չեմ տալիս: Կարևորն այն է, որ մեր մեջ կայուն կերպով ձևավորվի քաղաքացին, մենք ունենանք մեր հստակ դիրքորոշումը: Դե, հիմա դուրս ենք եկել ասպարեզ, մեկը կհաղթի, մեկը կպարտվի, դա ոչինչ, դա նորմալ երևույթ է: Իհարկե, ամեն ասպարեզ մտնող ուզում է, որ ինքը հաղթի, ես ել եմ ուզում, որ ես հաղթեմ, բայց եթե ուրիշը հաղթեց ազնիվ ձևով, ուրեմն պետք է նրան ասենք, որ քո հաղթանակն ընդունում ենք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը