Ես մարմին չեմ վաճառում, ոչ մի տղամարդու հետ գիշեր չեմ անցկացնում. մերկապարուհի
Հասարակություն
21-ամյա Աննա ապրում է գիշերային կյանքով. նա որպես մերկապարուհի աշխատում է երևանյան հայտնի ստրիպ-ակումբներից մեկում՝ միաժամանակ սովորում է նաև ԵՊՀ-ում, ի դեպ՝ անվճար հիմունքներով: Շատերը կասեն՝ ինչին է պետք ուսումը, եթե նա կյանքի այդ ուղին է բռնել: Իրականում նա հենց սովորելու նպատակով է Վանաձորից Երևան եկել, բնակարան վարձել, որտեղ բնակվում է ընկերուհու՝ մեկ այլ մերկապարուհի Լենայի հետ:
Աննայի ծնողների մտքով էլ չի անցնում, որ իրենց դուստրը գիշերները կիսամերկ պարում ու զվարճացնում է հարյուրավոր տղամարդկանց:
Որպես մերկապարուհի նրան ճանաչում են Իզա անունով, ասում է՝ ներքին օրենքն է այդպիսին, որ հարևան-ծանոթ-բարեկամների ականջին չհասնի ու ազգուտակով խայտառակ չլինի:
Համալսարան Աննան հազվադեպ է հաճախում, կուրսեցիներից ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ նա մերկապարուհի է: Նրա այս գաղտնի կյանքը ջրի երես դուրս չէր գա, եթե մի օր Աննայի եղբայրը համալսարան չգնար ու չհարցներ քրոջը: Պարզվեց, որ կուրսեցիների ընկերուհիները պատահական ծանոթի միջոցով իմացել էին, որ Աննան նույն կիրովականցի Իզան է: Թե պատմությունն ինչով ավարտվեց, ինչ-որ չափով կանխատեսելի է: Միայն եղբոր սարսափահար ու գազազած դեմքից կարելի էր կռահել, թե ինչ է սպասվում Աննային:
Մեկ այլ ևս իրական պատմություն. 23-ամյա Օլյան (իրական անունն այլ է) Երևանից է: Նրա տան անդամները ևս տեղյակ չեն Օլյայի՝ ստրիպ-պարուհի լինելու մասին: Բոլորին ասում է, որ խաղատանը մատուցողի է աշխատում: Սկզբում՝ իսկապես այդպես էր, բայց հետո զգաց, որ մյուս գործն ավելի շատ փող է բերում ու որոշեց ինքն իրեն փորձել այդ բնագավառում: Օլյան ասում է, որ բացի պարելուց մարմնավաճառությամբ չի զբաղվում: Մեկ տարի մերկապարուհի աշխատելով՝ հասցրել է ավտոմեքենա գնել ու իրեն թույլ է տալիս սրտի ուզած շորերը գնել:
Օլյան ինչ-որ տեղ հպարտանում է մերկապարուհի լինելու փաստից. «Բոլոր տղամարդիկ գալիս ինձնով հիանում են, ես ի՞նչ վատ բան եմ անում: Կարճ հագնելը, դեռ չի նշանակում լինել անբարոյական: Ես գեղեցիկ եմ, ու դա ինձ դուր է գալիս: Ինձ հաճելի է լինել տղամարդկանց ուշադրության կենտրոնում, ավելի ճիշտ հարուստ տղամարդկանց, ստրիպ ակումբ եկող տղամարդը միշտ էլ հարուստ է լինում: Եղել են դեպքեր, որ իմ հիմնական հաճախորդները ինձ նվերներ են տվել: Իսկ ես անվճար պարել եմ նրանց համար»,- մեզ հետ զրույցում պատմում է նա:
Թե այդ դեպքում ինչու՞ է բարեկամներից տաքցնում, որ մերկապարով է զբաղվում, Օլյան հետևյալ կերպ է պարզաբանում. «Հայերի մոտ դեռ հին մտածելակերպ է ձևավորված: Շատերը մտածում են, եթե մերկապարուհի ես, ուրեմն անբարոյական ես, բայց այդպես չէ: Ես պարում եմ, ինձ վճարում են, ի՞նչ կա դրա մեջ: Եղբայրս հարգված է, ունի ավանդապաշտ մտածելակերպով ընկերներ, եթե նրանք իմանան, թե ինչով եմ զբաղվում, այդ հարգանքը մի օրում հօդս կցնդի, ես էլ երևի՝ չգիտեմ ուր: Սկզբում ես կարծում էի, որ իմ հետաքրքրությունը կսպառվի, ես մի քանի ամիս հետո կշարունակեմ նորմալ կյանքով ապրել, բայց կարծում եմ, որ ես խորտակվել եմ: Չեմ կարող ամուսնանալ, բալիկներ ունենալ: Հայ տղամարդիկ, կարծես քարի դարից լինեն, նրանք չեն ամուսնանա ստրիպտիզ պարողի հետ: Կարծում են, որ ստիպտիզը մարմնավաճառություն է, բայց ես մարմին չեմ վաճառում, ոչ մի տղամարդու հետ գիշեր չեմ անցկացնում»:
Հ.Գ. Ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի ուղին և մասնագիտությունը: Մենք չենք դատապարտում որևէ մեկին, քանի որ ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ մի դատիր, որ չդատվես:
Նյութը՝ slaq.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը