Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
Հրապարակումներ
Գրել էինք, որ լյուքսեմբուրգյան AGE S.A. ընկերությունը, որը «Արինս Գրուպի» ֆինանսական էկոհամակարգի մաս է, պայմանավորվածություն է ձեռք բերել վրացական Terabank-ի բաժնետոմսերը գնելու վերաբերյալ։ Նույն գործարքի շրջանակում նախատեսվում է նաև Թբիլիսիի «Biltmore» հյուրանոցի ձեռքբերումը։ Այսպիսով՝ «Արդշինբանկի» հետ նույն խմբում ընդգրկված ընկերությունը պատրաստվում է խոշոր ակտիվներ ձեռք բերել Հայաստանից դուրս։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի դրությամբ Terabank-ի համախառն ակտիվները կազմել են շուրջ 316 միլիարդ դրամ, իսկ «Biltmore Tbilisi» հյուրանոցի հաշվեկշռային արժեքը գնահատվել է մոտ 29,4 միլիարդ դրամ։ Սրանք, սակայն, ակտիվների հաշվեկշռային արժեքներն են և ոչ թե դրանց ձեռքբերման գները։ Մինչդեռ գործարքի իրական արժեքը, ֆինանսավորման աղբյուրներն ու կապիտալի ծագումը շարունակում են մնալ չպարզաբանված։
Այս գործարքի համատեքստում հարցեր էինք ուղղել «Արդշինբանկին»՝ փորձելով պարզել, թե ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու ձեռքբերումները, որտեղից են գոյանում այդ միջոցները և արդյոք դրանք որևէ առնչություն ունեն Հայաստանում ձևավորված կապիտալի հետ։
Ի պատասխան մեր հարցմանը՝ բանկից ստացել ենք հետևյալ պատասխանը․
«Ուսումնասիրելով ձեր նամակում ներառված հարցադրումները նշված գործարքի վերաբերյալ՝ հայտնում ենք, որ դրանցում հայցվող տեղեկատվությունը պարունակում է առևտրային և փոխադարձ գաղտնիություն ներկայացնող տվյալներ։ Մեր ընկերության ներքին քաղաքականության համաձայն՝ մենք իրավասու չենք հանրայնացնել կամ երրորդ անձանց տրամադրել նմանատիպ ֆինանսական, պայմանագրային կամ ռազմավարական տվյալներ։ Հավաստիացնում ենք, որ «Արդշինբանկ» ԲԲԸ-ն իր բոլոր գործարքներում առաջնորդվում է օրենքի տառով, բիզնես էթիկայի բարձրագույն ստանդարտներով և կորպորատիվ պատասխանատվությամբ»,- նշված է բանկի կողմից տրված պարզաբանման մեջ։
Փաստորեն, բանկը գերադասել է հարցերի բովանդակային պատասխաններից սահմանափակվել առևտրային գաղտնիության մասին ընդհանուր պարզաբանմամբ։ Սակայն այդ պատասխանից այդպես էլ հնարավոր չի դառնում հասկանալ՝ որքանո՞վ են գնահատվել ձեռք բերվող ակտիվները, ի՞նչ գումար է նախատեսվում վճարել դրանց դիմաց և ո՞ր աղբյուրներից են գոյանում գործարքի ֆինանսավորման միջոցները։
Իհարկե, Euromedia24-ի նպատակը առևտրային գաղտնիության պաշտպանության իրավունքը կասկածի տակ դնելը չէ։ Սակայն խոշոր ֆինանսական խմբի միջազգային ընդլայնման, դրա կապիտալի ծագման և հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցերը հանրային հետաքրքրություն ունեն։ Իսկ օրենքի տառին և բիզնես էթիկայի բարձր չափանիշներին հետևելու մասին հավաստիացումը ինքնին չի փոխարինում կոնկրետ հարցերի պատասխաններին։
Նշենք նաև, որ Euromedia24-ը հետևողականորեն շարունակելու է բարձրաձայնել ՀՀ քաղաքացիների միջոցների հաշվին գոյացած գումարների և դրանց ծախսման ուղղությունների վերաբերյալ հարցերը։ Հավելենք՝ մեր խմբագրությունը Կառավարության նիստին հաջորդող առաջիկա ճեպազրույցի ժամանակ փորձելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստանալ վերոնշյալ հարցերի հստակ պատասխանները։ Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի հանրային հետաքրքրություն ներկայացնող նման հարցերի հրապարակային քննարկումն, ինչպես նաև դրանց վերաբերյալ հստակ և թափանցիկ պարզաբանումների ստացումը։
Ի դեպ, Euromedia24-ն իր լսարանին կոչ է անում՝ եթե տիրապետում եք այլ խոշոր ֆինանսական գործարքների, կապիտալի հնարավոր արտահոսքերի կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ ֆինանսական գործընթացների վերաբերյալ տեղեկությունների, կիսվել դրանցով մեր խմբագրության հետ։ Մենք բաց ենք նման հարցերն ուսումնասիրելու, բարձրաձայնելու և հանրությանը ներկայացնելու համար։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է