Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել
Աշխարհ
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ կասկածվող վարորդը մխրճվել է հեծանվորդների խմբի մեջ։ Մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ վնասվածքներ ստացել, հայտնում է NBC News-ը։
Վթարը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Ուեյք շրջանի Օպտիմիստ Ֆարմ Ռոուդ ճանապարհին՝ Ռոլիից մոտ 23 կմ հարավարևմուտք։
Նահանգի ճանապարհային ոստիկանության տվյալներով, 76-ամյա Դոնալդ Ռոբերտ Մորիս-Ջոնսը հատել է բաժանարար գիծը և վրաերթի ենթարկել հեծանվորդներին։
Բախումից հետո վարորդը հեռացել է դեպքի վայրից, ապա մոտ 800 մ անց ձախ կողմից դուրս է եկել ճանապարհից և ընկել ճամփեզրի խրամատը։ Ոստիկանությունը վթարի վայր է ժամանել առավոտյան ժամը 9։30-ից քիչ անց։
Զոհվածը Քերի քաղաքի բնակիչ, 63-ամյա Պատրիկ Ալեն Թերներն է։ Տուժածները տարբեր աստիճանի՝ թեթևից մինչև ծանր վնասվածքներ են ստացել։ Մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Մորիս-Ջոնսը ձերբակալվել է։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահ պատճառելու, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առողջությանը ծանր վնաս պատճառելու յոթ դրվագի, վթարի վայրը լքելու ութ դրվագի, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, վտանգավոր վարելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար։
Ճանապարհային ոստիկանությունում հայտնել են, որ ոչ սթափ վիճակը կարող էր վթարի պատճառներից մեկը լինել։ Տղամարդը տեղափոխվել է Ուեյք շրջանի քննչական մեկուսարան։ Գրավի չափը կազմում է 1 միլիոն դոլար։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է