Հնդկաստանում կրոնական տոնի ժամանակ տասնյակ հավատացյալներ են զոհվել
Աշխարհ
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ալլահաբադ քաղաքում աշխարհի ամենամեծ կրոնական տոնի` Կումբհ Մելայի արարողության ժամանակ զոհվել է 31 հնդիկ. գրում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին:
Ալլահաբադի գլխավոր բժիշկը հայտնել է, որ զոհվել է նվազագույնը 36 մարդ:
Հավատացյալները զոհվել էին կրոնական արարողության ժամանակ առաջացած խցանման արդյունքում:
Հիշեցնենք, որ կիրակի օրը միլիոնավոր հնդիկներ էին օծվել սուրբ գետ համարվող Գանգեսի ջրերում։
Ալլահաբադ քաղաքում նշվող աշխարհի ամենախոշոր կրոնական տոնը փետրվարի 10-ին հասել էր իր կուլմինացիային: Յուրաքանչյուր 21 տարին մեկ աշխարհի բոլոր կետերից Ալլահաբադում են հավաքվում հնդիկները՝ նշելու Կումբհ Մելան՝ կժի տոնը: Այս տարի տոնականատարությունը գերազանցել է բոլոր սպասելիքները. ավելի քան 40 մլն հնդիկ է հավաքվել Ալլահաբադում՝ 1.2 մլն բնակչություն ունեցող այդ քաղաքում: 7 հազար ոստիկան և 30 հազար կամավոր հսկում են անվտանգության կանոնների պահպանմանը:
«Գանգեսի ջրին մեկ անգամ թեկուզ հպվելը ուժ է տալիս ողջ կյանքը փոխելու համար»,-ասում է ծիսակարգին մասնակցող հավատացյալներից մեկը: Նրանց մեծամասնությունը ցանկանում է ամբողջ մարմնով նետվել ջուրը, ոմանք խմում են Գանգեսի ջրից, ոմանք էլ շշերով իրենց տուն ջրից սուրբ մասունք տանում:
Հետաքրքրական է, որ Ալլահաբադում Գանգես և Յամունա գետերի միախառնման հատվածում ջուրը բավական կեղտոտ է: Հինդուիզմի կրոնական ուսմունքի համաձայն՝ այդ ջրերում աստղերի որոշակի դասավորվածության ժամանակ թեթևակի լողանալը բավական է ամբողջ կյանքում գործած մեղքերից մաքրվելու և վերածնման (ռեինկառնացիա) ցիկլի ժամանակ հոգու մաքրության ապահովման համար:
Ալլահաբադում նախորդ անգամ Կժի տոնը նշվել էր 2001թ.ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)