Կլոր սեղան՝ նվիրված նորածնային սկրինինգ ծրագրերին
Հասարակություն
Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված մոր և մանկան առողջապահական ոլորտի նորածնային սկրինինգ ծրագրերին:
Մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները վերջին տարիներին ՀՀ կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակայությունների շարքում են:
Երեխաների բուժօգնության կազմակերպումն առողջապահության համակարգի առանցքային ոլորտներից մեկն է և կարևոր դերակատարում ունի նրանց առողջության պահպանման ու հիվանդների բուժօգնության արդյունավետ ելքերի, մասնավորապես մահացության նվազեցման գործընթացում:
Ասվածի համատեքստում հատկապես կարևորվում են հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը: Վերջիններս հաճախ հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց զարգացումը մեծամասամբ բերում է հաշմանդամության, երբեն էլ՝ մահվան: Այս ծրագրերը կոչվում են սկրինինգային, թիրախային որոշակի խմբերում կիրառվում են մասսայական, դրանք միտված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վաղ միջամտության շնորհիվ կարող են կանխվել դրանց ծանր ընթացքով զարգացումը:
Աշխարհում տարածում ունեն հատկապես նորածնային սկրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդության բուժումը կամ ախտաբանական վիճակի շտկումը։ Դրա արդյունքում ծանր հետևանքներ կարող են չզարգանալ և երեխան կարող է մեծանալ գործնականում առողջ:
Հայաստանում նորածնային սկրինինգ ծրագրերը սկսել են ներդրվել 2005 թվականից, որոնք հետագա տարիներին ընդլայնվել են ինչպես առանձին ծրագրերի, այնպես էլ աշխարհագրական ընդգրկվածության առումով:
Ներկայումս բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում՝ բյուջետային միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Այս ծրագրերի իրականացման արդյունքներն են.
1) Բնածին հիպոթիրեոզ՝ 2005-ից կատարվել է 199 764 հետազոտություն, հայտնաբերվել է 60 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնության
2) Ֆենիլկետոնուրիա՝ 2008-ից 90 931 հետազոտություն է իրականացվել, հայտնաբերվել է 17 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնություն և հատուկ սնունդ
3) Լսողության սկրինինգ՝ 2008-ից կատարվել է 42 597 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 39 երեխա, որոնց կիրականացվի լսողության պրոթեզավորում կամ ականջի խխունջի պատվաստում
4) Անհասության ռետինոպաթիայի սկրինինգ՝ 2010-ից կատարվել է 1370 հետազոտություն, կուրության կանխարգելման նպատակով անցկացվել է 53 լազերային վիրահատություն
5) Նորածինների կոնք-ազդրային հոդի սկրինինգ՝ 2010-ից կատարվել է 8408 նորածինների ուլտրաձայնային հետազոտություն, հայտնաբերվել է 560 դեպք, որից՝ 32 վիրահատություն:
Սկրինինգային ծրագրերի ծախսարդյունավետության հաշվարկները փաստում են, որ սկրինինգներին և վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժմանն ուղղված առողջապահական ծախսերը տասնյակ-հարյուրավոր անգամ զիջում են նույն հիվանդությունների ուշ հայտնաբերման դեպքում հիվանդի բուժման և խնամքի համար կատարվող բժշկական և սոցիալական ծախսերին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը