«Նորաձևության ոստիկանություն». քննում ենք հայ հայտնիների ոճը
Հասարակություն
Ի՞նչ է նշանակում Fashion Police և ի՞նչ է նշանակում dress code: Դեռ մի քանի տարի առաջ հայ իրականության համար բավականին օտար, բռի և մենթալիտետի՝ հոգեկերտվածքի համար վիրավորական հնչերանգ ունեցող արտահայտություններ: Սակայն երբ վերջին տարիների ընթացքում քաղաքական փակուղու մեջ գտնվող երկիր ներխուժեց գեղեցիկ և ճաշակով հագնվելու ավանդույթը, հայկական շոու-բիզնեսի համար բացվեց մի նոր աշխարհ: Աշխարհ, ուր բացակայում էր Բանգլադեշի առևտրի կենտրոնը և Ֆիրդուսի տոնավաճառը: Այժմ երևանյան բոմոնդն ապրում է էվոլյուցիայի դաժան ընթացք: Հայկական շոու-բիզնեսի դեմքերը սկսում են սովորել տարբերել ոճերը, տարբերել երեկոյան և առօրյա հագուստը, թեև վերջինս դժվար թե հնարավոր լինի հաղթահարել առաջիկա հիսուն տարվա ընթացքում:
Այնուամենայնիվ, վերցնելով Fashion Police-ի ծանր և վտանգավոր պարտականությունները՝ սկսենք «դատապարտել» ոճային «դավաճանությունները» և գովել նորաձևության առաջընթացները:
«The Beautified Project»
Տգեղ և անճաշակ հագնվելուց բացի, ավելի մեծ մեղադրանք կարող է համարվել, երբ ընդհանրապես հստակ ոճով չեն հագնվում: Իմ շատ սիրած «The Beautified Project» խումբը գրավեց ուշադրությունս ոչ տգեղ ու ոչ գերշքեղ հագուստի ընտրությամբ, այլ պարզապես ոճի բացառիկ բացակայությամբ: Ես ընդունում եմ, որ գերհանճարներին անհրաժեշտ չէ ծախսել ժամանակն այնպիսի հիմար բանի վրա, ինչպիսին ոճն է, սակայն կապույտ ջինսերից և կարճաթև սև շապիկներից բացի կան ամենաքիչը հինգ միլիոն ոճական այլ լուծումներ:
Ռիփի
Բազմակողմանի զարգացած լինելը միշտ էլ գովելի հատկանիշ է եղել, սակայն ոճի մեջ այդպիսի ուղղությունը ոչ միշտ է ընդունելի: Թերևս լուսանկարներում մշտապես պահպանվող միակ հատկանիշը Ռիփիի քաղցած, տենչացող հայացքն է, որ այդպես խորաթափանց ակնարկով պահանջում է կիրթ ոճաբանի ներկայություն: Հայկական շոու-բիզնեսի համար Ռիփին ունի հետաքրքիր արտաքին, որը, սակայն, նման է գեղեցիկ սենյակի՝ առանց գրագետ դասավորած կահույքի, որը, պատկերավոր ասած, ընդամենը չորս պատից բաղկացած տուփ է:
Դավո
Դատել Դավոյի երգաարվեստի մասին չեմ կարող, քանի որ անկողնուս մոտ ավելի շուտ Ջոնի Միտչելի CD-ն կգտնես, քան Դավոյի վերջին կատարումը: Սակայն չգնահատել Դավոյի ոճը չեմ կարող. զուսպ, բայց տարբերվող, համեստ, բայց համարձակ: Շատ կիրթ պահպանում է երաժշտության մեջ ընտրած ոճի ալիբին և երբեք չի անցնում սահմանները: Դավոյի կերպարը հավանության է արժանի կիրթ մոտեցման շնորհիվ: Զգեստապահարանում բացակայում են ճչացող գույները, որոնց գերներկայությունը համազոր է երրորդ համաշխարհային պատերազմին. նաև բացակայում է մոխրագույն casual հագուստը: Գրեթե ամեն ինչ չափի մեջ է, նման է իտալական յուրօրինակ ուտեստի, երբ բաղադրամասերից և ոչ մեկը չի «ճնշում»:
Մարիաննա Հովհաննիսյան
Մի քանի անգամ լսել եմ Մարիաննայի երգերը, նաև բախտ եմ ունեցել դիտել տեսահոլովակը, սակայն ամեն անգամ լսելուց հետո, երբ փորձում էի հիշել Մարիաննայի արտաքինը, հասկանում էի, որ բացի իրար հետևից կրկնվող չորս տողերից, ուրիշ ոչինչ իմ մեջ չի տպավորվել: Ոճական սխալ լուծումները նման են հիվանդության. նախևառաջ՝ պետք է ճիշտ ախտորոշում, ապա՝ գրագետ բուժում: Սթափ հայացքով նայեցի Մարիաննայի վերաբերյալ գրեթե բոլոր հոդվածներն ու նկարները. հագուստը գեղեցիկ է, make up-ը՝ շատ լավը, սանրվածքն էլ ամենավատը չէ, հը՜մ…
Խոսքն անհամատեղելիության մասին է: Սխալ ընտրված գեղեցիկ հագուստը զրոյացնում է սխալ ընտրված հրաշալի make up-ը և սանրվածքը: Իսկ վերջում հայտնվում ենք դաժան փաստի առաջ, որ Մարիաննան երևի տեսողական խաբկանք էր…
Լիլու
Հայ մարգարտապատ շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ Լիլուն ուշադրություն է գրավում: Շատերի կարծիքով, ոճ ունենալ նշանակում է՝ կիրթ կարված կանացի կոստյում Chanel-ի ոճով, մարգարտյա վզնոց ու միջին բարձրության կրունկներով փակ կոշիկներ by Salvatore Ferragammo: Բնականաբար, այս կերպարներից և ոչ մեկի հետ Լիլուն կապ չունի, սակայն դա չի նշանակում, որ նա զուրկ է ճաշակից: Հագուստի մեջ ընտրությունը նախևառաջ խոսում է մեր ներքին աշխարհի մասին, իսկ եթե Լիլուի մոտ այդ ներքին աշխարհը չի սահմանափակվում մարգարտյա վզնոցով, դա արդեն մեր քննարկման առիթը չէ: Միակ խնդիրը Լիլուի՝ փնտրտուքի մեջ գտնվող ոճական խառնաշփոթն է. մեկ՝ սպիտակ անմեղ կիսաշրջազգեստ, մեկ՝ կատաղած հովազի գուներանգով շրջազգեստ: Ամեն դեպքում մեծ հույսով կշարունակեմ սպասել Լիլուի ոճի կենտրոնացմանը:
Էրիկ Կարապետյան
Չհաշված տեսահոլովակներում կիսամերկ երևալու Էրիկի ձգտումը՝ նրա առօրյա հագուստը արժանի է պարգևի: Տարբերվող և համարձակ լուծումներ, որոնցից գրեթե ոչ մեկը չի անցնում թույլատրելիի սահմանը: Հաճելի է, երբ երգչի արտաքին տեսքը չի նյարդայնացնում և արժանի է գովեստի, երբ հագուստի ընտրությունը մնում է ընտրություն, այլ ոչ թե դատական ակտ ընդդեմ մարդկության:
Քննեց դիզայներ-կոստյումեր
Վահագն Վռամյանը
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը