Հետաքրքիր և հիշարժան դեպքեր մեր մեծերի կյանքից
Հասարակություն
Յուրաքանչյուր ստեղծագործողի, արվեստագետի ու ընդհանրապես անվանի մտավորականի կյանքում զավեշտալի, հետաքրքիր ու հիշարժան դեպքեր շատ են եղել, որոնք ժամանակակիցների, վկայագիրների կողմից փոխանցվելով` հետագա սերունդներին հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմել մեր մեծերի առօրյայի ու կենցաղի, նրանց հետ կապված հետաքրքիր դիպվածների մասին: Ահա այդ դրվագներից որոշները, որոնք առանձնացրել ենք քեզ համար:
Հովհաննես Շիրազ
Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ' ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
Շիրազը զարմանում է.
- Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է...
Մի անգամ Շիրազին հարցնում են.
- Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
- Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:
Մի անգամ Շիրազը որդու' Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան' հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
- Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
- Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:
Մի անգամ Հովհաննես Շիրազը' կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
- Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:
Համո Սահյան
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
- Սերոն տա՞նն է:
- Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին:
Հետևում է Համոյի ստուգող հարցը.
- Ո՞վ ասաց...
- Ինքը,- լինում է պատասխանը:
Վիլյամ Սարոյան
Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
- Ամերիկա' Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
- Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
- Ինքնաթիռով պիտի տանիմ...
- Ինչո՞ւ համար...
- Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
Եղիշե Չարենց
Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով' ասում է.
- Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
- Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
- Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
- Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:
Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
Հովհաննես Թումանյան
Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
- Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ… (նրանք տաս երեխա ունեին):
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը