Բրահիմին կոչ է արել սիրիական կառավարությանն ու ընդդիմությանը բանակցություններ սկսել ՄԱԿ-ի հովանու ներքո
Աշխարհ
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին կոչ է արել հանդիպել ՄԱԿ-ում և քննարկել արդեն 2 տարի ձգվող հակամարտության քաղաքական կարգավորման ուղիները:
Կիրակի օրը ելույթ ունենալով Կահիրեում՝ Բրահիմին հայտարարել է, որ սիրիական կառավարության «ընդունելի» պատվիրակության և ընդդիմության միջև ՄԱԿ-ի միջնորդությամբ կազմակերպված երկխոսությունը կօգնի Սիրիային սկսել գործընթաց, որը ՄԱԿ-ի հատուկ բանագնացը որակել է որպես ելք «խավար թունելից»: Նման եկխոսության անցկացման հնարավոր վայրը, սակայն, Բրահիմին չի նշել:
Նշենք, որ սիրիական ընդդիմության առաջնորդ Մուազ ալ Հաթիբը հայտարարել է Սիրիայի վարչապետ Ֆարուք ալ Շարայի հետ հանդիպելու և Ասադի կառավարության կողմից իշխանության՝ խաղաղ ճանապարհով փոխանցման տարբերակները քննարկելու պատրաստակամության մասին:
Հաթիբի ղեկավարած «Սիրիական ազգային կոալիցիան» ևս դիմել է երկխոսություն սկսելու առաջարկով կառավարության մյուս ներկայացուցիչներին, որոնք անմիջական մասնակցություն չեն ունեցել ապստամբության ճնշման գործընթացին:
Բրահիմին նաև նշել է, որ ընդդիմության նախաձեռնությունը «մարտահրավեր է նետում» սիրիական կառավարությանը, որը հնարավորություն ունի ցուցադրելու, որ նա ոչ միայն խոսքերով, այլև գործով է պատրաստ երկխոսության:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)