Հովհաննես Ազոյանը, Ռիչարդ Մադլենյանը, Հասմիկ Կարապետյանը և ուրիշներ՝ ընտրությունների մասին
Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունն այսօր վեցերորդ անգամ նախագահ է ընտրում։ Մեր քաղաքացիներից շատերը կկատարեն իրենց պարտքը, մի մասն էլ, ընտրություններին թերահավատորեն մոտենալով, չի մասնակցի քվեարկությանը:
Իսկ ինչպե՞ս են վերաբերվում այս հարցին հայտնի մարդիկ: Օրինակ, հոլիվուդյան շատ աստղեր ոչ միայն մասնակցում են ընտրություններին, այլև բացահայտ սատարում են այս կամ այն քաղաքական գործչին:
Այսօր փորձել ենք պարզել, թե հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ովքե՞ր են այցելելու ընտրատեղամասեր: Այս թեմայով զրուցեցինք մի քանի հայ հայտնիների հետ, որոնց մեկնաբանություններն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
ArmStar.am-ի հետ զրույցում հմայիչ երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշեց. «Այո, որպես Հայաստանի քաղաքացի, ես միշտ էլ մասնակցում եմ ընտրություններին. դա համարում եմ իմ քաղաքացիական պարտքը»:
Սիրված դերասան և շոումեն Հովհաննես Ազոյանը նշեց, որ մասնակցել է նախորդ ընտրություններին, և այս տարի ևս բացառություն չի լինի իր համար:
Դերասան, երգիչ և երգահան Ռիչարդ Մադլենյանն ասաց. «Ո՛չ, չեմ մասնակցելու և, ցավոք սրտի, երբեք էլ չեմ մասնակցել ընտրություններին»: Մեր այն հարցին, թե ինչու, Ռիչարդը պատասխանեց. «Դուք ինձնից լավ գիտեք…»:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և իր ընկերերին տեղեկացրել, որ պատրաստվում է մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին . «Ես գնացի ընտրություններին մասնակցելու: Իսկ դու՞ք»
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան ArmStar.am-ին անկեղծորեն պատասխանեց, որ ամեն անգամ գնացել է ընտրության և կատարել իր պարտքը: Նաև նշեց, որ չնայած այս տարի չկա այն թեկնածուն, ում առանց մտածելու կարող էր իր ձայնը տալ, բայց, ամեն դեպքում, այս տարի ևս մասնակցելու է ընտրություններին:
Ընտրություններին դրական է տրամադրված «Armenoids» խմբի Էդգարը: ArmStar.am-ին Էդգարն ասաց. «Սիրով մասնակցելու եմ ընտրություններին: Որպես ՀՀ քաղաքացի իմ պարտքն եմ համարում օգտվել Սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից և քվեարկել նախագահի թեկնածուներից մեկի օգտին: Իսկ եթե լուրջ, ես վաղուց ընտրել եմ իմ նախագահին' իմ ձայնը տալով իմ սիրելի կնոջը: Այնպես, որ ինձ համար Հայաստանը սկսվում է իմ ընտանիքից, իսկ իմ ընտանիքում նախագահը վաղուց արդեն ընտրված է»,-կես կատակ, կես լուրջ նշեց երգիչը:
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը ևս մասնակցելու է ընտրություններին, քանի որ նա կարծում է, որ դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:
Հետաքրքիր կարծիք հայտնեց նաև Դար 21 հեռուստատեսության ամենաոճային հաղորդավարուհիներից մեկը՝ Մարինան. «Այո՛, մասնակցելու եմ ընտրություններին, քանի որ կարծում եմ՝ դա ցանկացած երկրի քաղաքացու պարտքն է, ոչ թե պետության, որովհետև ժողովուրդն ունենում է այն, ինչ ընտրում է: Մենք չենք օգտվում մեր իրավունքներից, իսկ հետո խոսում ենք այլոց պարտականություններից»,-իր խոսքն այսպես եզրափակեց հաղորդավարուհին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը