«Հրապարակ». ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռամիասնությունը լեգիտիմացրեց իշխանություններին
Հայկական Մամուլ
«Հրապարակը» խմբագրականում գրում է. «Կրկին ու կրկին համոզվեցինք, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր քաղաքական ու մտավորական էլիտան: Նա վճռական պահի հստակ որոշում է կայացնում, և նրան այլևս հնարավոր չէ կաշառել, վախեցնել, շեղել իր ճանապարհից: Եվ այն, որ մենք չունենք հարուստ ու զարգացող պետություն, կայացած պետական ինստիտուտներ, առողջ ընդդիմություն, դրա մեղքը մեր էլիտայինն է, այլ ոչ թե ժողովրդինը:
Այսօր ճիշտ ժամանակն է վերադառնալու մի քանի ամիս ետ և հիշելու 2012-ի դեպքերը, երբ ժողովրդին առաջնորդելու կոչված ուժերն անհասկանալի ձևով ասպարեզից հեռացան: Վախեցան պայքարից: Հայտարարեցին, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, ուստի դրանց մասնակցելն անիմաստ է և կնշանակի «լեգիտիմացնել» Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ոչ միայն չմասնակցեցին ընտրապայքարին, այլև ամեն ինչ արեցին այդ գործընթացը վարկաբեկելու, մարդկանց մեջ հուսահատություն ու անզորություն սերմանելու, առաջադրվողներին
նվաստացնելու ու փչացնելու համար: Ցավոք, հասարակության որոշ մասի վրա դա որոշակի ազդեցություն ունեցավ, և քվեարկությանը պասիվ մասնակցությունը հենց դրանով էր պայմանավորված: Այո, ոմանք գնացին ու անվավեր դարձրին քվեաթերթիկները: Ոմանք հրաժարվեցին հանձնաժողովներում պայքարել, վստահված անձ լինել և այլն: Այսօր կարող ենք արձանագրել՝ եթե քաղաքական ուժերը չդավաճանեին
ժողովրդին և չապակողմնորոշեին, ժողովրդի ձայնն ավելի հստակ կհնչեր: Իրականում հենց ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռամիասնությունը լեգիտիմացրեց, աջակցեց օրվա իշխանություններին: Իսկ առաջադրված թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան և անգամ չարչրկված էպոսագետը քաղաքացիական արիություն ցուցաբերեցին և հասարակությանն այլընտրանք մատուցեցին»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը