Լիճք համայնքի բնակիչների հարցը` Պաշտպանի ուշադրության կենտրոնում
Հասարակություն
Սյունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչների ջրամատակարարման և ոռոգման ջրի խողովակաշարի մի մասը բաղկացած է «ասբեստ» տեսակի նյութից պատրաստված խողովակներից, ինչը սպառնում է համայնքի բնակիչների առողջության անվտանգությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին: Այս խնդիրը մտահոգության առարկա էր դարձել դեռևս 2012 թվականին, երբ տարածվել էր զանգավածային լրատվամիջոցներում:
Բանն այն է, որ Բազելի կոնվենցիայի համաձայն, որն ի դեպ 1999թ. վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից, ասբեստը համարվում է թունավոր թափոն և կարող է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ:
Տարածված տեղեկատվության վրա հիմնելով' Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել էր Լիճք համայնքի բնակիչների առողջության անվտանգության սպառնալիքի վերաբերյալ խնդրի քննարկումը և խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մի շարք գրություններ էր ուղղարկել Սյունիքի մարզպետարան, Բնապահպանության, Առողջապահության նախարարություններ և Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտէ:
Ի պատասխան Պաշտպանի գրությանը, Սյունիքի մարզպետը նշել էր, որ Սյունիքի մարզի Լիճք համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի մի հատվածը իսկապես ասբոցեմենտյա է:
Միաժամանակ մարզպետը հայտնել էր, որ Լիճք համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի ասբոցեմենտյա հատվածի փոփոխման նպատակով ընթացիկ տարում արդեն իսկ իրականացվել է շինարարական աշխատանքների գերակշռող մասը, և կապված բնակլիմայական պայմանների հետ, նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև 2013 թվականի հունիս ամիս: Ընդ որում, նշված խողովակաշարով ջուր կմատակարարվի համայնքի բնակչությանը ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման համար, որի շնորհիվ իսպառ կդադարեցվի ասբոցեմենտյա խողովակաշարով ջրամատակարարումը:
Մտահոգված լինելով շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներով, ինչպես նաև մարդու'առողջ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի անարգել իրականացմամբ' Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս դեպքում ևս ուշադրության կենտրոնում է պահելու խնդիրը և հետևողական լինելու դրա լուծմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը