Ի՞նչ է պատմում Շուշան Պետրոսյանի մասին հարևանուհին
Հասարակություն
Այն, որ հայերիս մոտ հարևանություն անելը շատ լավ է ստացվում, խոսք լինել չի կարող: Իզուր չէ ասված' մոտ հարևանը հեռու ազգականից էլ լավ է: Մեզ մոտ շատ լավ է ստացվում հարևանի հետ մեկ բաժակ սուրճ վայելելն ու սրանից-նրանից զրուցելը, մեկից պարտք ենք վերցնում, մյուսից' մեկ բաժակ ալյուր կամ շաքարավազ:
Իսկական հայկական հարևանության մանրապատկերն այս անգամ կգտնես ամենաերիտասարդական ամսագրում: Մեր այս նոր խորագիրը ներկայացնելու է հայտնիներին' իրենց իսկ հարևանների շուրթերով: Թե ինչպիսի հարևան եք դուք' սիրելի հայտնիներ, պարզ կլինի ձեր դրկիցների պատմածներից: Այնպես որ, եթե հարևանի գլխին ջուր եք լցրել կամ մերժել նրան որևէ հարցում, փորձեք մինչև մեր այցելությունը կարգավորել հարևանների հետ հարաբերությունները: Թե չէ հետո չնեղանաք ո´չ մեզանից, ո´չ հարևան Սիլվա տոտայից, եթե ձեր մասին թթու խոսք ասի: Իսկ հարևաններին esyes.am-ը այցելել է առանց զգուշացնելու:
Այս անգամ հյուրընկալվեցինք Շուշան Պետրոսյանի դիմացի հարևան Իդա տոտային:
Կորյունի փողոցի բարձրահարկերից մեկում' 6-րդ հարկում, բնակվում է Շուշան Պետրոսյանի ընտանիքը: Պարզվում է' այս շենքը ժամանակին աստղառատ էր, այստեղ էին բնակվում նաև երգիծաբան Արամայիս Սահակյանը, ով միայն հումոր թխելիս է այդ տանը լինում :) և Ռուբեն Հախվերդյանը, ով բնակարանը վաճառել ու այլ շենք է տեղափոխվել: Ասում են' Ռուբեն Հախվերդյանն ու Շուշանը լավ հարևանություն են արել ու միմյանց հյուրընկալվել:
N 23 բնակարան... Թակում եմ դուռն ու Շուշանի հարևանին բացատրում իմ անակնկալ այցելության նպատակը: Պարզվեց' հենց այն դուռն եմ թակել, որը պետք էր... Շուշան Պետրոսյանի լավ հարևանուհին է, ում հետ երգչուհին շատ մոտ է: Իդա տոտան հաճույքով համաձայնվեց, ու մենք իր պատշգամբում «բամբասեցինք» Շուշանից :)
Չնայած խիստ զբաղվածությանը' երգչուհին ևս հասցնում է հարևանություն անել, առավոտները երբեմն սուրճ խմել ու հարևանների հետ կիսվել, քննարկել ինչ-ինչ հարցեր:
Հարևանների համար երգչուհի Շուշանն առաջին հերթին փայլուն խոհարար է. ամեն Նոր տարուն կամ որևէ խնջույքի բոլորը նոր ուտեստներ են համտեսում, արտագրում բաղադրատոմսն ու մանրամասնում պատրաստման եղանակները: Իդա տոտան շատ է հավանում հատկապես Շուշանի պատրաստած աղցանները: Տիկին Իդան պատմում է, որ երգչուհին շատ է սիրում իրանական խոհանոցը: Նա հարևաններին միշտ զարմացնում է իր զարդարած տոնածառով: «Ընենց տոնածառ է դնում, մարդ գժվում է, ու միշտ նվերներ է փաթաթում բոլորի համար, ինձ համար' նույնպես»,- անկեղծորեն ասաց տիկին Իդան, նաև մեզ ցույց տվեց այն բաղադրատոմսերը, որոնք Շուշանից է իմացել: Շուշանն էլ շատ է հավանում հարևանուհու թխած խմորեղենները, հատկապես' միկադոն, էկլերը և այլն... Իդա տոտան նկատեց, որ երգչուհին իր բնակարանի բանալիները հենց իրեն է վստահում և հարկ եղած դեպքում էլ հայտնի ու մեզ անծանոթ հարևանները միշտ դիմում են միմյանց օգնությանը:
«Շուշանին գիտեի մինչ այս բնակարան գալը. Սևանում ենք ծանոթացել, մեր ընդհանուր ծանոթը մեզ ծանոթացրեց: Հետո այնպես ստացվեց, որ որոշեցի Մոսկվայից մշտապես տեղափոխվել Երևան և բնակարան գնեցի այս շենքում, որից հետո Շուշանը այստեղ բնարական գնեց և արդեն տասը տարի է' հարևաններ ենք: Հրաշալի մարդ է նա»,- նշեց տիկին Իդան: Նրա ասելով' երգչուհին սիրում է հատկապես լուծվող սուրճը' կաթով կամ սերուցքով: «Շատ զարգացած, կրթված, լավ ընկերուհի է Շուշոն, շատ սիրում է նվերներ անել, շատ ուշադիր է, անպատճառ նվիրում է ծաղիկներ: Կիսվում է ինչ-որ հարցերում, միշտ միասին խաչբառեր ենք լուծում, ուղղակի վերջերս ժամանակ չունի»,- մեր անկեղծ զրույցը շարունակեց Շուշանի հարևանուհին: Երգչուհին հարևաններին չի մերժում նաև գրքերի հարցում. Իդա տոտան պատմեց, որ Շուշանը հաճախ է նոր գրքեր գնում. նրանից հարևանները միշտ կարդալու գիրք են խնդրում: Ըստ նրա' երգչուհու տանը ընկերներով հավաքվում են, հատկապես երբ Ավստրալիայից մայրն է գալիս և, որ շատ ուշադիր աղջիկ է, անչափ սիրում է ծնողներին, քույրիկին' Մարիամին: Շուշանի միջոցով հարևանուհին լավ ճանաչում է նաև Հասմիկ Կարապետյանին, Ավետ Բարսեղյանին, ովքեր հաճախ են լինում երգչուհու տանը: Իսկ ահա շոու-բիզնեսին առնչվող հարցեր Շուշանը հարևանների հետ երբեք չի քննարկում: Տիկին Իդան վստահեցրեց, որ Շուշանն ընտանեկան խնջույքներին չի երգում, բայց ուրախ ու կենսասեր մարդ է:
Նա դեռ տեղյակ չէ, թե ուր է երգչուհին մեկնելու հանգստանալու, բայց շատ տպավորիչ փոխանցեց երգչուհու ու նրա հոր ուղևորությունը Արևմտյան Հայաստան: «Այնպես էր պատմում, կարծես աչքիդ առաջ դրանք տեսնում էիր»,- ոգևորված ներկայացրեց Իդա տոտան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը