Ռազմիկ Ամյան, Անդրե և ուրիշներ. Made in Ղարաբաղ
Հասարակություն
Վերնագիր դարձած այս արտահայտությունն ամենևին էլ որևէ ապրանքի արտադրման վայրը նշելուն չի վերաբերում: Չնայած, եթե շոու-բիզնեսը դիտարկենք որպես մի մեծ ֆաբրիկա, որտեղ ամեն օր որոշակի «քանակով ապրանք» է արտադրվում, ուրեմն այս «պիտակ-վերնագիրը» ավելի քան ճիշտ ընտրություն է: Բնականաբար, չես հարցնի' ինչու, քանի որ դրա պատասխանն արդեն իսկ մտքումդ տվեցիր: Այո, մեր շոու-բիզնեսը արցախցի կամ, ինչպես բոլորն են ասում, ղարաբաղցի երգիչների պակաս չունի. նրանք մեր շոու-բիզի, կարելի է ասել, հիմնական աստղաբույլն են կազմում: Ճակատագրի բերմամբ, թե իսկապես ձայնային հատուկ' ի ծնե օժտված տվյալներով այս երգիչներն են մեր երկրին հիմնականում հաղթանակներ բերել էստրադային երգի ասպարեզում:
Ծանոթացիր նրանցից որոշների հետ անուն առ անուն (չնայած համոզված ենք, որ նրանց մեծ մասին քաջածանոթ ես), կարդա նրանց կարծիքները մյուս համերկրացիների մասին' տեղեկանալով նաև մաեստրո մարտին Վարդազարյանի մասնագիտական կարծիքին: «Տագնապահարույց է, որ հրաշալի երգիչները երբեմն նյութականի համար ստիպված են դավաճանել իրենց նախասիրություններին և գնալ այն ճանապարհով, որն ինչ-որ տեղ ավելի հարմար է ու ինչ-որ բան ավելի շատ է տալիս: Զգո´ւյշ եղեք, այստեղ արգելքի հարցը չէ, բայց ձեզանից է կախված ճաշակի ձևավորումը, եթե տուրք տաք և գնաք հեշտ հասանելի ու եկամտաբեր ճանապարհով, դուք կարող եք կորցնել ունեցածը' չհասնելով բարձունքի»:
Ռազմիկ Ամյան
Մեր երգարվեստի ամենահայտնի ղարաբաղցի ներկայացուցիչներից է Ռազմիկ Ամյանը, ով, Ստեփանակերտում ավարտելով դպրոցն ու երաժշտական ուսումնարանը, 2001-2005 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժնում: Այդ ընթացքում երգիչը մասնակցել է նաև Երգի թատրոնի «Կանաչ գոտի» նախագծին: Ինչպես ժողովուրդն է ասում, քաղցր ձայն ունեցող Ռազմիկը մեր երկիրը ներկայացրել է տարբեր միջազգային մրցույթներում' «Новая волна», «Морской узел», «5 звезд»: Այս անդրադարձը պատրաստելիս Ռազմիկ Ամյանի հետ խոսելու համար զանգահարեցինք նրա պրոդյուսեր Արմեն Մովսիսյանին, ով ասաց. «Օրինակ, ինչու չեք անդրադառնում կապանցի կամ ստեփանավանցի հայտնիներին»:
Մենք էլ հարգարժան պրոդյուսերին և երգչին ասում ենք, որ եթե օգնեն մեզ և նշեն նվազագույնը 5 կապանցի կամ ստեփանավանցի կատարողի, սիրով կպատրաստենք նաև այդ անդրադարձը:
Այսպիսով, Ռազմիկը չցանկացավ իր կարծիքն արտահայտել իր համերկրացի գործընկերների մասին, փոխարենը' կարող է ծանոթանալ մաեստրո Մարտին Վարդազարյանի կարծիքին:
- Ռազմիկ Ամյանը բնատուր ձայն ունեցող, առաջին տպավորությամբ օպերային երգիչ է: Երևում է, որ լավ դպրոց է անցել. թե´ ինտոնացիոն մաքրությունը, թե´ ձայներանգի դիապազոնը, թե´ ջերմությունը շատ լավն են: Մի խոսքով, օպերային երգչի լավ տվյալներով անհատականություն է: Վերջերս, սակայն, թող ինձանից չնեղանա, մի փոքր սպառողականին է մոտեցել, որն իր համար ոչ թե նվաճում է, այլ' նահանջ: Կարծում եմ' նա ինձ կհասկանա: Եվ ափսոս կլինի, եթե այդ նահանջը նա շարունակի իր սահմանների թվացյալ ընդլայնման հաշվին: Այն, որ նա իսկապես երգիչ ու անհատականություն է, այլ կարծիք լինել չի կարող:
Անդրե
1997-ին Արթուր Գրիգորյանը Անդրեին հրավիրեց Երգի պետական թատրոն, իսկ մինչ այդ նա երգել է Ստեփանակերտի ջազ-էստրադային պետական համույթում' որպես միակ պատանի մենակատար: «Այդ ժամանակ տարիքիս համեմատ Ղարաբաղում բավական հայտնի էի: Բայց ամեն բան Երգի թատրոնից է սկսվել, որտեղ աշխատել եմ 4 տարի: Այնուհետև միջազգային մրցույթների եմ մասնակցել (10-ից ավելի), որոնք մեծ դեր են խաղացել կարիերայիս հարցում. նաև մի քանի անուններ' Արթուր Գրիգորյան, Զառա Պետրոսյան, Կարինե Սուքիասյան, Անուշ Հովնանյան, ովքեր տարբեր ժամանակահատվածներում կողքիս են եղել»,- ասաց Անդրեն:
Ըստ նրա' Արթուր Գրիգորյանը նկատեց հասարակ ընտանիքի մարդու և հրավիրեց աշխատելու: «Ղարաբաղցի լինելն այժմ շատ է չափազանցվում և մի տեսակ մոդայիկ է դարձել: Բայց ես իմ մուտքով հաստատ նորություն եմ բերել, որովհետև դեռ այն ժամանակ բեմական հագուստի խնդիր կար. ես առաջիններից էի, ով աշխատեց հայ դիզայներների հետ, ինչպես նաև կերտեց բեմական սանրվածքներ»,- հավելեց Անդրեն:
Նրա պնդմամբ' բոլոր գործընկերների հետ էլ լավ հարաբերություններ ունի: «Երբ եկա Ղարաբաղից, իսկ Արսեն Սաֆարյանը' Հրազդանից, երեք-չորս տարի միասին վարձով ենք ապրել: Վովկան (փոքրիկ երգիչ Վլադիմիր Արզումանյանին նկատի ունի-հեղ.), ինձ համար ամենակարևոր Ղարաբաղցին է. նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Նա «շռայլ» արտիստ է, ու կուզենամ, որ մեծանալով' չկորցնի այդ ամենը: Արսեն Սաֆարյանը նույնպես իր ոճն ունի: Ռազմիկ Ամյանին տեսնում եմ դասական ոճում, քան այն, ինչ այսօր ներկայացնում է»,- կարծում է Անդրեն:
- Անդրեն' որպես երգիչ, ինձ համար միանգամից բացահայտվեց, երբ առաջին անգամ մեր նվագախմբով' Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ գնացինք Ստեփանակերտ' ելույթների: Այնտեղ առաջին անգամ նրան լսեցի կենդանի կատարմամբ, և ստացածս շատ լավ տպավորությունը պահպանվում է մինչև այսօր: Կատարման մեջ անմիջականություն կար, որը ժամանակի ընթացքում ավելի հղկվեց, և հիմա արդեն կարող ենք խոսել բազմակողմանի Անդրե երգչի մասին: Ինձ ուրախացնում է նրա խորացումը կատարման, երգի բովանդակության ընտրության մեջ: Վերջերս էլ «10+10» նախագծի շրջանակներում երևացին նրա բազմակողմանի ընդունակություններն ու կերպարային մեկնաբանումը առաջարկված երգերին: Արդեն կայացած երգիչ' հեռանկարային և խոստումնալից:
Արսեն Սաֆարյան
Ի տարբերություն շատերի' երգիչ Արսեն Սաֆարյանը երբեք չի երազել շոու-բիզնեսում հայտնվելու կամ երգիչ դառնալու մասին: 1994թ. ընդունվել է Ֆիզկուլտ ինստիտուտ' չնայած դպրոցական տարիքից երգել է ու նվագել: «Ուսանողական տարիներին պետք էր նաև աշխատել. «Բայց դու չես գալիս» երգը կատարեցի և ընդունվեցի «Ամադեոս» ակումբ. կարելի է ասել' բացառություն արեցին: Մեկուկես տարի աշխատելուց հետո մասնակցեցի Երգի թատրոնի «Այո» ամենամյա փառատոնին, որտեղ էլ Արթուր Գրիգորյանն ինձ նկատեց... Միշտ էլ ասել եմ, որ հենց նա ինձ նկատեց ու բացահայտեց»,- իր կարիերայի մեկնարկի մասին պատմեց մշտապես երգացանկով բոլորից տարբերվող Արսենը: Նա նշեց նաև, որ այն ժամանակ Արթուր Գրիգորյանը տեղյակ էլ չէր, որ ինքը ղարաբաղցի է. «Միայն հիմա է ասում, որ ինչ-որ անհատական տարրեր, նշույլներ է նկատել»: Արսենի խոսքերով' չի սիրում, երբ շոշափում են արմատական սկիզբը. «Չեմ սիրում նաև, որ հպարտանում են, քանի որ յուրաքանչյուրին գնահատում են իր աշխատանքի համար, բայց և չեմ սիրում, որ փնովում են: Ամեն դեպքում հպարտ եմ, չնայած սկզբում բոլորը գիտեին' Հրազդանից եմ, քանի որ իմ մանկությունն այնտեղ է անցել: Բայց երկու կողմով էլ ղարաբաղցի եմ»,- մանրամասնեց Արսենը: Ղարաբաղցի մյուս հայտնիներին լավ ճանաչելու մասին հարցին երգիչը նշեց գրեթե բոլոր այն անունները, ովքեր ընդգրկված են մեր նյութում' մեկ նախադասությամբ ամփոփելով' «Բոլորն էլ իմ լավ ընկերներն են»:
- Արսեն Սաֆարյան երգչին ես ավելի լավ ճանաչեցի, երբ նա մասնակցեց «Երկու աստղ» նախագծին. նրա ելույթներն ինձ գրավեցին բարձր կատարողականությամբ, ջերմությամբ: Երգի ընկալումն ու մեկնաբանումը նույնպես լավ մակարդակի է: Նրա մեջ հատկապես գրավում է այն, որ յուրաքանչյուր ունկնդրի թվում է' հատուկ իր համար է երգում. սա հազվագյուտ ընդունակություն է: Արսենի երգացանկը նույնպես ճիշտ է ընտրված:
Տիգրան Պետրոսյան
Տիգրանի համար կարիերայի սկիզբը 1995թ. էր, երբ ընդունվեց Երգի պետական թատրոն: «Ամեն ինչ թատրոնում սկսվեց ու շարունակվեց մինչ օրս: Սակայն մինչ այդ' 1989-ին մասնակցել էի «Այո» փառատոնին. առաջին համարը տեխնիկական պատճառներով վատ երգեցինք, որից հետո ասում էի' էլ երբեք բեմ չեմ բարձրանա: Սակայն, ինչպես բեմի ցանկացած մարդ, մի օր նորից որոշեցի բարձրանալ: Իմ աճը թատրնում Արթուր Գրիգորիչի շնորհքն է, շատ բան եմ սովորել ու սովորում նրանից: Նա ֆանտաստիկ կարողությունների տեր մարդ է, ուրախ եմ, որ ծանոթ եմ ու հիմա շատ լավ ընկերներ ենք»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Տիգրանը, ում համար ևս կարևոր չէ' մարդը ղարաբաղցի է, թե' ոչ: «Կարևորը' կատարողն ասելիք ունի՞, թե՞ ոչ: Ունենք Ռազմիկ Ամյան, ով հրաշալի վոկալ ունի, սակայն այն, ինչ երգում է այսօր, չեմ սիրում, իրենը չի: Նա հիանալի վոկալը թաղում է պրիմիտիվ երգերի մեջ: Արսեն Սաֆարյանին միայն անդավաճանության համար կարելի է հարգել: Լավ վոկալ ունեն նաև Վարդան Բադալյանը, Պարույր Գրիգորյանը: Վովկան շատ լավ երեխա է, երանի չդավաճանի ինքն իրեն, երգի այն, ինչ ինքն է ուզում, այլ ոչ այն, ինչ շոու-բիզնեսն է պահանջում: Երբ անում ենք այն, ինչ պատվիրվում է, դառնում է այն, ինչ ունենք, իսկ մենք ունենք միայն ռաբիս. դա նրանից է, որ հանձնվում ենք»:
Տեղեկացնենք, որ հունիսի 1-ին' Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, համերգ-շնորհանդեսով կներկայացվի Տիգրան Պետրոսյանի երկրորդ ձայնասկավառակը' միայն Արթուր Գրիգորյանի հեղինակային երգերով, որը կոչվում է «Back to the Future»' հայերեն և անգլերեն լեզուներով: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին: «Գաղափարն իմն է, ընտրվել են լավագույն երգերը, որոնց տակ մենք մեծացել ենք. որ դրանք ժամանակից շուտ չմոռացվեն, նոր կյանք ենք տալիս դրանց»,- հավելեց երգիչը:
- Տիգրան Պետրոսյանին այնքան էլ մոտիկից չգիտեմ, որովհետև միասին ելույթներ չենք ունեցել, բայց տպավորությունս շատ դրական է: Հետաքրքիրն այն է, որ այս բազմազանության մեջ յուրաքանչյուրը մնում է անհատականություն: Խոսքը միայն ձայներանգի մասին չէ, որովհետև ձայնը, ինչպես մատնահետքը, անկրկնելի են, իսկ աստվածատուր ձայնը շատ ճանաչելի է ու համակրելի: Կարծում եմ' նա դեռ իր վերջնական ուղղությունը չի որոշել, դրա համար մի փոքր ցրվածություն կա երգերի բազմազանության մեջ: Ես հաճույքով լսում եմ նրան:
Վլադիմիր Արզումանյան
Ղարաբաղցի ամենափոքրիկ ներկայացուցիչը' «Մանկական Եվրատեսիլը» Հայաստան բերած Վլադիմիր Արզումանյանը, միշտ սիրել է երգել, և երաժիշտ ծնողներն էլ ցանկացել են, որ տղան լավ երգիչ դառնա' նրան տանելով վոկալի դասերի: Վովկայի խոսքերով' իր համար դժվար է շոու-բիզնես ասվածը ամբողջությամբ հասկանալ: «Պարզապես սիրում եմ երգել»,- անմիջականորեն ասաց Վովկան: Փոքրիկ երգիչը դժվարացավ նշել նաև, թե ով է իրեն բացահայտել. «Մինչ այսօր ինձ ամենուր ուղեկցում են ծնողներս, բայց իմ ճանապարհին եղել են մարդիկ, ովքեր իրենց լուման են ունեցել հաջողություններիս մեջ»: Մեր շոու-բիզնեսի ամենափոքր ղարաբաղցի ներկայացուցչի խոսքերով' ճանաչում է հայտնի շատ կատարողների, որոնց հետ լավ հարաբերություններ ունի. «Բոլորն էլ լավ երգիչներ են»:
- Բացի այն, որ Վլադիմիր Արզումանյանը հմայք առաջացրեց, նաև հպարտություն ներշնչեց բոլորիս: Չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի նրա հետագա գործունեությունը, բայց նա արդեն իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունն ունի բոլորիս համար, և, կարծում եմ, ոչ միայն այսօրվա սերնդի: Հիացած էի ու շատ հպարտ. ինտոնացիոն մաքրությունը, որ շատ կարևոր է, շեշտադրության զգացողությունը, այսինքն' ֆրազայի կառույցը, շատ ճշգրիտ են: Կատարման մեջ առկա անկեղծությունը փայլ հաղորդեց նրան և մեզ, ինչը մեր երաժշտության պատմության մեջ իր տեղը կունենա: Նրան բարի երթ եմ մաղթում:
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը