Արմինկան, Գայանե Ասլամազյանը և այլ հայտնիներ ՝միայնակ մայր լինելու մասին
Հասարակություն
Արմինկա
Երբ զրուցում էի երգչուհի Արմինկայի հետ, նրա որդին' երկուսուկեսամյա Ալեքսը, ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ և անձամբ պատասխանել հարցերիս: Նա մասնավորապես ասաց, որ ամենաշատը նարինջ է սիրում, պատմեց, թե ինչպես է բակում ձնե մարդ պատրաստել, որի քիթիկը գազար էր: Ալեքսն այժմ խմբակ է հաճախում, որտեղ խաղում է պլաստիլիններով, նկարում է, ինչպես նաև շատ է սիրում շփվել մարդկանց ու երեխաների հետ (ինչում համոզվեցի նաև ինքս-հեղ.):
Երգչուհու խոսքերով' իր համար այնքան էլ դժվար չէ միայնակ մայր լինելը. Ամեն մարդ ինքն է ընտրում.չէ՞որ երեխա մեծացնելն ու խնամելը պատասխանատու գործ է, անկախ նրանից' միայնա՞կ ես, թե՞ երեխան հայր ունի: Եթե մի բան շատ ես ուզում, պետք է պատրաստ լինես նաև զոհաբերությունների. որոշակի առումով սահմանափակվում է ազատությունդ: Իմ պարագայում, օրինակ, հրաժարվել եմ ճամփորդություններից, հյուրախաղերից»: Տանն Ալեքսին ընդունում են որպես մեծի ու սիրում են որպես փոքրի: Փոքրիկն էլ իր հերթին նվերներ է մատուցում մայրիկին: «Շատ հաճախ լեգոներով ծաղկեփունջ է պատրաստում ու նվիրում ինձ' ասելով' մամա, ծնունդը հավոր, հետո էլ պահանջում է, որ իրեն պաչիկ անեմ ծաղկի համար»,- մեծ հպարտությամբ պատմեց երգչուհին:
Փոքրիկ Ալեքսին քույր կամ եղբայր «պարգևելու» մասին խոսելիս երգչուհին նշեց. «Դա ապագայի հարց է, ինչպես մինչ այժմ է եղել: Կանայք հասարակության կարծիքին հետևելով' իրենց դատապարտում են միայնության, մինչդեռ ամեն մարդ իր համար է ապրում ու ինքն է որոշում իր քայլերը»:
Իրինա Դանիելյան
Հայտնի դերասանուհի Իրինա Դանիելյանի և Հրանտ Թոխատյանի ընտանեկան համատեղ կյանքը թեև հարատև չէր, սակայն դրանից իրենց որդու, ում կոչել են հոր անունով' Հրանտ (ինչպես բոլորն են ասում' Հայկ), հետագա դաստիարակության հարցում հոր պակասը չի զգացվել: Ըստ Իրինայի' իրենց տղայի հանդեպ Հրանտի հոգատարությունն ու աջակցությունը միշտ էլ մեծ է եղել, ու առավելագույնս ուշադիր: «Իմ բախտն իսկապես բերել է, քանի որ բոլոր խնդիրներն ի սկզբանե լուծվել են երկուսիս կողմից էլ: Հրանտը միշտ էլ շատ ուշադիր հայր է եղել»,- շեշտեց Իրինան: Նշենք, որ Հայկը այժմ սովորում է Սլավոնական համալսարանի գովազդի բաժնում: Իրինայի փոխանցմամբ' տղան փոքր տարիքում իրեն բացիկներ էր նվիրում. անցած Մարտի 8-ին դարձյալ ծաղիկներով է շնորհավորել մայրիկին:
Գայանե Ասլամազյան
Ներկայումս դերասանուհու և հաղորդավարուհու աշխատանքներով զբաղվող Գայանե Ասլամազյանի խոսքերով' որդին իր կյանքի ամենամեծ պարգևն է: Գայանեի համոզմամբ' յուրաքանչյուր մարդու ճակատագիր յուրովի է դասավորվում. «Իմ կյանքում ամեն ինչ օրինաչափ էր: Ամուսնացել եմ, ծնվել է տղաս, այնուհետև ամուսնալուծվել եմ»: Գայանեի որդին' Ալեքսանդրը, 13 տարեկան է. սովորում է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում, շատ է սիրում նկարել, քանդակել, գրքեր կարդալ: Երեխային մեծացնելու դժվարությունների մասին խոսելիս դերասանուհին նշեց. «Միայնակ, իհարկե, դժվար կլիներ, բայց ունեմ ընտանիք, որն ինձ շատ է օգնում: Մայրը տղայի համար շատ կարևոր անձ է, սակայն տղամարդու օրինակ ևս պետք է լինի. տղայիս այդ հարցում շատ է օգնում մեր ընտանիքի քավորը, ով նաև նրա քավորն է»: Գայանեն կարծում է, որ կինն իսկապես երջանիկ է, երբ զավակ ունի: «Ընդունում եմ այն կանանց, ովքեր, չկարողանալով դասավորել իրենց կյանքը, զավակ են ունենում. դա կնոջ համար շատ կարևոր է: Երեխան այն մասնիկն է, ով կնոջը միշտ հիշեցնում է կին լինելու մասին»,- ավելացրեց հաղորդավարուհին: Նրա խոսքերով' մտածել է էլի երեխա ունենալու մասին: «Ինքս ընտանիքի միակ երեխան եմ ու միշտ քույր կամ եղբոր պակաս եմ զգացել, ինչը, կարծում եմ, ազդել է նաև բնավորությանս վրա: Հուսամ' դեռևս ընտանիք կկազմեմ ու էլի երեխաներ կունենամ, որովհետև դա իրոք մեծ շնորհ է»,- համոզված է հեռուստադեմքը: Գայանեն հպարտությամբ պատմեց, որ այս տարի որդին' որպես տան տղամարդ, Մարտի 8-ի սեղանի գինին ինքն է ապահովել:
Լիլիթ Կարապետյան
Երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդին' Կարեն-Ալեքսը, ԱՄՆ-ի քաղաքացի է և, ինչպես Լիլիթն է նշում, նրան կյանք տալու համար ստիպված է եղել ԱՄՆ մեկնել: «Շատ ծանր հղիություն եմ ունեցել, բայց այն, որ այժմ նա ինձ մամա է ասում, շատ ուրախալի է»,- անկեղծ ասաց Լիլիթը: Երգչուհին իրեն միայնակ մայր չի համարում, քանի որ երեխայի հոր' երգիչ Դավիթ Թուջարյանի կողմից աջակցությունը շատ մեծ է. «Երբեք մենակ չեմ եղել, Դավիթը միշտ երեխայի կողքին է, ամեն ինչով օգնում է: Անընդհատ գալիս, տեսնում է, իրենց տուն ու բարեկամների մոտ է տանում: Իսկ երեխային մեծացնելու հարցում ինձ շատ է օգնում մայրիկս. ամեն ինչ նա է անում»: Լիլիթի խոսքերով' Կարենչիկը շատ ընդունակ երեխա է. դեռ երեք տարեկան չկա, բայց պարբերաբար ասում է, որ ցանկանում է դպրոց գնալ: «Նաև շատ լավ «սլուխ» ունի, ռիթմով երգում ու ծափահարում է. սիրում է շփվել մեծահասակների հետ. ասում է' «hi տատիկ, hi պապիկ», ձեռքին ինչ լինում է, նրանց է տալիս: Իսկ Մարտի 8-ին, երբ տատիկի հետ դուրս էր գնացել, վերադարձավ ծաղկեփնջով ու շնորհավորեց ինձ. այնքան էի ուրախացել»,- պատմեց Լիլիթը: Նրա համոզմամբ' ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը տնօրինում. «Պետք չէ հասարակությանը զոհ գնալ, որովհետև երբ դժբախտ ես, հասարակությունը քեզ չի աջակցում»: Աշխատանքային նորությունների մասին խոսելիս Լիլիթն ասաց, որ փոքրիկի հետ չի կարողանում ավարտին հասցնել նոր ձայնասկավառակը, որի համար ընդամենը մեկ երգ է պակասում. երգչուհին նաև նոր տեսահոլովակ կունենա:
Շուշանիկ Արևշատյան
«Ռադիո Վան»-ի տնօրինուհի Շուշանիկ Արևշատյանը երկու երեխա ունի: Ավագը' 26-ամյա Աննան, սովորում է Մոսկվայի պետական թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում, մի քանի կարճամետրաժ ֆիլմերի մրցանակակիր է: Իսկ որդին' քսանամյա Էդուարդը, սովորում է Երևանի թատերական ինստիտուտում' վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում: Տկն Շուշանիկն ասաց, որ միայնակ չի մեծացրել երեխաներին, և շատ ավելի մեծ է եղել ծնողների օգնությունն ու դերը, քան ենթադրյալ հայրիկի: «Բոլորս միասին ծնողներիս հետ ենք ապրում. եթե երեխաները հայր չունեն, պետք է նրանց համար ապահովել գոնե մեծ սերնդի դերը. մեծերի օրինակը շատ կարևոր է: Պատանեկության տարիքում տղայիս հետ կապված հարցեր են եղել, որոնց մասին նա չէր կարող «կիսվել» ինձ հետ: Պապիկը ևս չէր կարող օգնել նրան, քանի որ բավականին տարբեր սերունդներ են ներկայացնում: Իսկ երբ տղան դրանց մասին չի «կիսվում» որևէ մեկի հետ, դառնում է խնդիր: Այս հարցում ինձ շատ է օգնել ռադիոյի անձնակազմը. նրանք տղայական խորհուրդներ են տվել որդուս,- նշեց ռադիոյի ղեկավարն ու ավելացրեց,- կարծում եմ' երեխաները պետք է ապրեն լավ ընտանիքում, որտեղ լինի համերաշխություն, սեր ու հարգանք, իսկ եթե սեր չկա, ապա պետք է գոնե լավ պայմաններ ստեղծել»: Տկն Շուշանիկի խոսքերով' շատ է սիրում այնպիսի նվերներ ստանալ, որոնց մեջ ինչ-որ խորհուրդ կա. «Մի անգամ երեխաներս ինձ շարֆ էին նվիրել, որն իրենք էին պատրաստել. մեկ ամիս բատիկայի էին գնացել, որպեսզի կարողանան սեփական ձեռքերով նկարել շարֆի վրա: Այդ նվերը շատ եմ հավանել, ու մինչ օրս էլ օգտագործում եմ»:
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը