Անգամ տաքսիով Գյումրիից Երեւան հասնել հնարավոր չէ (լուսանկարներ)
Հասարակություն
Այս պահին Գյումրի ավտոկայարանում միկրոավտոբուսների սպասող ուղեւորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Քաղաքացիները դժգոհում են, որ արդեն երկու-երեք ժամ սպասում են, եւ անգամ տաքսիով Երեւան հասնել հնարավոր չէ: «Գիտեք՝ սկզբում տաքսի մեքենաները սպասարկում էին, բայց չնստեցի, քանի որ 2,500 դրամ էր մեկ ուղեւորափոխադրումը, ասում էին՝ սպասեք կգա միկրոավտոբուսը, սակայն արդեն երկու ժամ կանգնած եմ, ոչ մի մարշուտկա չկա, գրում է galatv.am-ը: Ասում են Երեւանից չեն եկել: Ինչպե՞ս ստացվեց, որ միանգամից բոլոր միկրոավտոբուսները հայտնվեցին Երեւանում: Հիմա անգամ տաքսիներն են հրաժարվում փոխադրել: 3000 դրամով էլ չեն տանում, իսկ ես գնալ չեմ կարող, քանի որ վաղը դասի եմ»,- դժգոհեց Երեւանում սովորող գյումրեցի ուսանող Հայկանուշ Վարդանյանը: Ըստ Գյումրի ավտոկայարանում խմբված ուղեւորների՝ պատճառը Երեւանում ընթացող հանրահավաքն է. «Հենց իմանում են մեր ուշքը գնում է հանրահավաքների համար, ճամփա են փակել, այ մարդ, ես հո Երեւանից հյուր եմ եկել երեկ ու փաստորեն մնացի Գյումրիում»,- ասաց Երեւան մեկնող ուղեւորներից մեկը, ով անգամ տաքսիով չէր կարողացել Երեւան հասնել:
Նշենք, որ ԳԱԼԱ-ի նկարահանող խմբի ավտոկայարանում հայտնվելու պահից սկսած տեղում պատասխանատու հերթապահները անընդհատ զանգահարում ու զանգեր էին ստանում, իսկ մի քանի րոպե անց հայտնվեց 2 միկրոավտոբուս: Սակայն ուղեւորները մտավախություն ունեն, որ նրանց մինչեւ Երեւան չեն հասցնի: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԳԱԼԱ-ն ստացել է ահազանգեր այն մասին, որ Գյումրի-Երեւան ուղղությունը սպասարկող երթուղայինները նորմալ չեն գործում, եւ մարդիկ չեն կարողանում հասնել մայրաքաղաք: Ըստ զանգահարող քաղաքացիների՝ պատճառը մայրաքաղաքում՝ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքն է:























































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը