Արմինկան, Շպռօտը, Հասմիկը.աստղային «մեմուարներ»
Հասարակություն
«Ես» որոշեցի աստղերին իրենց ուզածի պես ինքնարտահայտվելու հնարավորություն ընձեռել: Այսուհետ մեր նոր խորագրում հայտնիները առաջարկված թեմայի վերաբերյալ կպատմեն իրենց ամենաթանկ հիշողությունները: Նրանց գրությունները ներկայացնում ենք քեզ առանց փոփոխությունների: Ճանաչի´ր նրանց' իրենց գրածներով:
Շպռօտ
- Տանը «կապիկություններ» էի անում, բակում հանդեսներ, միջոցառումներ կազմակերպելու մեծ փորձ ունեի: Իսկ երբ եկավ Վերջին զանգին նախապատրաստվելու շրջանը, պարզվեց, որ մեր դասարանի երեխեքը որոշել էին մի երգ երգել ու վերջ: Ասացի' եթե չեք ուզում խայտառակ լինենք, եկեք բեմականացում անենք: Ինքս հումորային սցենար գրեցի, բայց կարճ ժամանակ հետո ՙվայելեցի՚ իմ առաջին հիասթափությունը հայ ազգից: Ոչ մեկը չհամաձայնվեց խաղալ իմ առաջարկած դերերը: Բոլորն ասացին, որ իրենք ծիծաղի առարկա չեն դառնա, չեն թողնի, որ իրենց վրա ծիծաղեն: Մի երկու հոգու համոզեցի «թեթև» խաղալ, բայց մեծ մասը իմ ուսերին մնաց: Շատ ծիծաղելի կերպարով էի. մեծ ծիծիկներ էի դրել, մեծ տուտուզ սարքել... Ապարանից եկած տատիկի դեր էի խաղում, հաղորդավարն էլ էի ես, երգերն էլ էի ինքս վերափոխել: Մեր բեմադրությունն ամենալավը համարվեց, նույնիսկ մեր շենքի Բորիկ ձյաձյան, ումից բոլորը վախենում էին, ծիծաղից փորը բռնել ու պառկել էր:
Դահլիճը թնդում էր: Մտածեցի' գնամ սենյակ, պատրաստվեմ, հիմա բոլորը կգան ու կփաթաթվեն ինձ, կասեն' Ան, ապրես: Բայց... զուգահեռ դասարանի տղերքը սկսեցին ձեռ առնել: Դա երկրորդ «ուդառն» էր: Շատ ծանր տարա, բայց հիմա հասկանում եմ, որ դա մեր ազգային առանձնահատկությունն է. բոլորը սիրում են համարձակներին ծաղրել: Նման դեպքեր իմ կյանքում շատ եղան, բայց լավ իմաստով իրենց հետքը թողեցին' ավելի ուժեղ դարձա:
Մենք լավ չէինք ապրում ու ավարտական երեկոյիս պետք է, չգիտեմ ում կարած, քրջոտ շորը հագնեի: Բայց ինձ օգնեց մոտ ընկերուհիս' Նոնան (Բորիկ ձյայի աղջիկը :)): Այդ ժամանակ նրանց Ամերիկայից շորեր էին ուղարկում, ու էդ խեղճերը հաստատ գիտեին, որ շորերից մեկն իմն է: Վերջին օրով կապույտ, շատ սիրուն, փոռիկներով շոր խնդրեցի. նրանք սիրով տվեցին: Շատ տպավորիչ էր իմ «չոլկան»: Շաա՜տ մեծ էր, շաքարաջրով էի սարքել, հատուկ միջոցներ չունեի: Բայց դա ամենաանհավանականը չէր: Այդ օրը խմել էի ու ստամոքսս խանգարվել էր: Մեր դասարանի Սերգեյն ասեց' գոլ ջուր խմի, հետ կտաս, կմաքրվի: Ես մի լիտր գոլ ջուր խմեցի, բայց ոչ մի արդյունք, մենակ փորս ահավոր ուռեց: Ամբողջ երեկոյի ընթացքում ուռած փորով պարում էի: Հետո մրոցի խաղացինք ու քնեցինք: Առաջին օրն էր, որ տանը չէի քնել: Ճիշտն ասած, սպասում էի, որ մեր դասարանի բոլոր տղերքն ինձ սիրո առաջարկություն կանեն, բայց ոչ մեկն էլ ոչ մի բան չասաց...
Արմինկա
- Այդ օրվանից շատ երկար ժամանակ է անցել, այնպես որ հիշողություններս, ցավոք, ամենաթարմը չեն...
... Քանի որ օրինակելի աշակերտուհի էի բոլոր տասը տարիների ընթացքում, չէի կարող մասնակցությունս չունենալ Վերջին զանգի միջոցառմանը, թեև, անկեղծ ասած, առանձնապես մեծ ցանկություն չունեի. տարիքային առանձնահատկություն էր: Անգամ չեմ հիշում' բեմ բարձրացել եմ, թե' ոչ...
Բայց տեսքիս մասին հոգացել էի. առավոտյան վաղ այցելել էի վարսահարդարիս (այն ժամանակվա ամենահեղինակավոր սրահում) ու կյանքում առաջին անգամ մի թեթև շպարվել էի :)
... Հիշում եմ, որ միջոցառումը շատ լավ անցավ, առանց որևէ «խափանումների», փոխարենը' շատ հուզիչ պահեր եղան...
Դասարանի տղաներն արդեն սեղան էին պատվիրել քաղաքի ռեստորաններից մեկում: Միջոցառումից հետո Հանրապետության հրապարակ գնացինք, որտեղ շատ շրջանավարտներ էին հավաքվել: Հորդ անձրևը փչացրեց և´ սանրվածքս, և´ տրամադրությունս: Երեկոն ռետորանում շարունակեցինք...
Հետո, երբ փողոց դուրս եկանք, տուն գնալու ճանապարհին նկատեցինք, որ քաղաքը շրջանավարտներով էր «ողողված»: Զբոսնելու ընթացքում Մաշտոցի պողոտայում ինձ հանդիպեց եղբորս ընկերներից մեկը' մեքենայով, և առաջարկեց տուն ուղեկցել' ասելով, որ այդ ժամին ոտքով զբոսնելը վտանգավոր է, այն էլ' այդքան գինովցած շրջանավարտներով լի փողոցներով: Ինձ մնում էր լուռումունջ
ընդունել նրա առաջարկը...
Հասմիկ Կարապետյան
- Հենց Վերջին զանգի նախօրեին գիտակցեցի, թե որքան մեծ արժեք ունի ինձ համար դպրոցը: Եվ որքան եմ տխրում' հասկանալով, որ անցել եմ մի մեծ կյանքի էտապ, ինչ-որ տեղ մեծանում եմ և ապագայում ինչքան եմ կարոտելու այդ տարիները:
Միանգամից հիշեցի, որ Վերջին զանգին ամենաակտիվն էի դասարանում' երաժշտական, ստեղծագործական, կազմակերպչական դերն ինձ էին վստահել: Այդ տարիներին արդեն երգում էի: Սրտի մեծ թրթիռով էի սպասում ավարտական երեկոյին և ուզում էի շատ գեղեցիկ և տպավորիչ լինել: Զգեստս մորաքույրս էր ուղարկել ԱՄՆ-ից: Այն դասական, սև , ծնկին հասնող շոր էր: Ինձ համար ցավալի էր, որ ավարտում եմ դպրոցը նաև այն պատճառով, որ ավելի քիչ պետք է տեսնեմ դասընկերներիս, որոնց հետ շատ էի կապվել: Թեև այսօր էլ որոշ դասընկերներիս հետ շփվում եմ. տոներին միշտ հավաքվում ենք:
Ավարտական երեկոյից հետո դասարանով դիմավորեցինք լուսաբացը: Կարծես նոր կյանքի սկիզբ լիներ բոլորիս համար: Միաժամանակ շատ մտահոգված ու ոգևորված էինք. մտահոգված էինք, որովհետև կորցնում էինք պատանեկությունը և մուտք էինք գործում շատ ավելի բարդ աշխարհ: Նույնիսկ հուզվել էինք:
Այդ օրերի հետ կապված հիշողություններից ամենահետաքրքիրն այն է, որ ավարտական երեկոյի ընթացքում առաջին անգամ պարեցի այն տղայի հետ, ում հետ երազում էի պարել ավելի քան չորս տարի: Նրան էի սիրահարված, չորս տարի մտքիցս դուրս չէր գալիս, բայց չէի ուզում առաջին քայլն ինքս անել: Ավարտական երեկոյին նա ինձ պարի հրավիրեց: Սակայն մեր հարաբերությունները շարունակություն չունեցան. զարմանալի է, բայց ամեն ինչ պարով էլ ավարտվեց:
Վերջին զանգի խնջույքի ժամանակ առաջին անգամ բոլորս գինովցել էինք, այդ թվում' նաև ես: Բոլոր հարբած աղջիկները արտահայտվում էին, սիրո խոստովանություններ անում: Ես մինչև այդ էի սիրո խոստովանություն արել, կյանքումս առաջին անգամ: Բայց դա այլ պատմություն է... հաջորդ անգամ:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը