Մեր երկրում արդեն հեղափոխությունը կատարված է. Վիգեն Ավետիս
Հասարակություն
Հետընտրական շրջանում Հայաստանում տիրող ներքին քաղաքական կյանքն այս պահին հանգիստ չէ՝ հանրահավաքներ, դասադուլներ, բողոքներ, պահանջներ, հեղափոխության կոչեր:
Տեղի ունեցավ արդյոք Հայաստանում հեղափոխություն, և ինչ փոփոխություն մտցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը ներքաղաքական կյանքում, Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսն ասաց, որ թերևս Հայաստանում իրականում եղել է հեղափոխություն, պարզապես իշխանափոխություն դեռ տեղի չի ունեցել. «Ես արդեն 3 օր է, ինչ Արևելյան Հայաստանում եմ: Չէի կարող մեր հայրենիքի այս պատմական պահին արտասահմանում գտնվել:
Մեր երկրում արդեն հեղափոխությունը կատարված է: Իշխանափոխություն դեռ տեղի չի ունեցել, բայց նոր ազգային արժեքներն արդեն ծնվել են ու լիարժեք գործում են: Աշխարհն ու պահպանողական ուժերն իրենց կիսակրիմինալ, կիսագրագետ պահվածքով արդեն անցյալում են: Նոր սերունդը բարձրացրել է իր հաղթական դրոշը, ու դա արդեն իրականություն է։ Եթե կուզեք, դա անվանեք հեղափոխություն՝ ես անվանում եմ սերնդափոխություն և մարտահրավեր փտած կոմունիզմին ու կապիտալիզմին: Սա հայ ժողովրդի խոսքն է խուճապահար աշխարհին»:
Հարցին, թե վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնում է որպես մեր երկրի նախագահ, պատասխանեց. «Այո՛, նրա միջոցով արթնացավ հայաստանաբնակ հայությունը: Ամբողջ աշխարհի հայությունը պարտավոր է կանգնել հայ ժողովրդի ընտրության կողքին՝ ի փրկություն ապօրինի բռնազավթված մեր պետականության: Այնպես, ինչպես փրկեցինք Արցախն ադրբեջանական բռնազավթումից և կանգնեցրինք հայաթափումը, այնպես էլ հիմա է հարկավոր կանգնեցնել հայաթափումն ու ազատագրել հայրենիքը կեղեքողներից, իրավական լծակները չարաշահելով, տնտեսության մենաշնորհը պաշտպանելով, ռեստորաններում խրախճանքներին տրված, ազգային օրհասական խնդիրները մոռացած պաշտոնյաներից ու Սերժ Սարգսյանին կործանման ուղեկցող, պետականությունը հարցականի տակ դնող դավաճաններից:
Կամ Սերժ Սարգսյանը պիտի զիջի իր գահը, կամ միանա առողջ ուժերին ու վերագտնի իրեն իբրև հայ ժողովրդի առաջնորդ:
Քանդակագործը հայ ժողովրդի հետ համեմատական անցկացրեց նաև իր գործերից «Ծովինար, Սանասար և Բաղդասար» շատրվանային համալիրի միջև, որը կառուցվել է 2008 թվականին. «Նա փորձություն անցավ այս հինգ տարիներին, երբ արվեստի գործը հաջողված է, նա ապրում է և կիսում հասարակության խնդիրներն ու տրամադրությունը: Նա չարչարվում է մեր քաղաքացիների հետ միասին: Աստված տա՛, որ շուտ փրկվեն մեր արվեստի արժեքները, և սիրով լցված մեր ժողովուրդը գնահատի ու պաշտպանի իր իսկական արժեքներն ու հպարտանա իր հայ լինելով, իր աստվածուհի Ծովինարով, որ հայ ազգի փրկության համար կույս Ծովինարը ցնցեց հսկաներ Սանասարին ու Բաղդասարին»:
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը