Աննա Բաբայան. «Սիրելիիս համար լողազգեստով լուսանկարներիցս ավելի կարեւոր հանգամանքներ կան»
Հասարակություն
BRAVO.am-ը բազմիցս ներկայացրել է ֆոտոմոդել եւ դիմահարդար Աննա Բաբայանին, որն ամիսներ առաջ տեղափոխվել էր Բարսելոն, բայց այժմ ժամանակավորապես վերադարձել է Երեւան: 29-ամյա մոդելը նկարահանվում է “Կարգին սերիալի” նոր եթերաշրջանում: Աննան BRAVO.am-ի հետ հարզազրույցում պատմել է իր նոր դերի, նկարահանումների եւ սիրելիի մասին:
“Մտավախություն ունեի…”
Իսպանիայից վերադառնալուցս հետո ինձ զանգահարեց դերասան Անդրանիկ Հարությունյանն ու հայտնեց, որ “Կարգին սերիալ”-ում նկարվելու առաջարկ ունեմ: Նախկինում առաջարկներ շատ են արել, բայց երկար ձգձգվող սերիալներում չեմ ցանկացել երեւալ: Մասնագիտությամբ դերասան չեմ, թեեւ վարել եմ տարբեր հեռուստածրագրեր, տեսախցիկի հետ աշխատելու փորձ ունեմ, բայց հումորային նախագծում ընդգրկվելիս մտավախություն ունեի, որ չի ստացվի: Պրոֆեսիոնալ մարդկանց կողքին պատասխանատվությունն ավելի է մեծանում: Մի քանի անգամ փորձնական խաղալուց հետո, թիմը որոշեց, որ պետք է լինեմ նոր եթերաշրջանում:
“Սցենարը կարդալիս ծիծաղում եմ:)”
Մարմնավորելու եմ Էմանուելա անունով մի աղջկա: Կերպարը փոփոխական է, ամեն անգամ սցենարը կարդալիս ծիծաղում եմ: Տղաները միշտ հետաքրքիր են գրում ու խաղում: Անդոն ասել էր, որ աշխատելուց հետո կհասկանամ' ինչ լավ մթնոլորտ է, արդեն զգում ու համոզվում եմ:
“Բարսելոնում քույրիկիս հետ կբացենք մեր ստուդիան”
6-րդ սեզոնի նկարահանումները, ըստ նախանշված ժամկետների, կտեւեն մինչեւ հունիս, որից հետո պետք է վերադառնամ Իսպանիա: Ես ու քույրս' պարուհի Ալինա Բաբայանը, գարնան վերջին Բարսելոնում կբացենք մեր ստուդիան' ես դիմահարդարման, նա' պարերի: Հիմա ընթանում են սրահի վերանորոգման աշխատանքները, հուսանք' ճիշտ ժամանակին պատրաստ կլինի:
“Լողազգեստով եւ ներքնազգեստով ֆոտոշարքերի պահանջարկը մեծ է”
Իսպանայում արված լողազգեստով հայտնի ֆոտոշարքից հետո, որտեղ, չգիտես ինչու, ինձ համեմատում էին Քիմ Քարդաշյանի հետ, լուսանկարվել եմ նոր ֆոտոշարքերում: “My creative job” նախագծի շրջանակում ներկայացվում էին երկու մասնագիտություն ունեցող մարդիկ, ես էլ լուսանկարվել եմ որպես ֆոտոմոդել եւ դիմահարդար' իմ դիմահարդարման պարագաներով:
Մեկ այլ առաջարկ ստացել եմ իսպանական "Model studio Bcn"-ից, արդեն լուսանկարվել եմ եւ գրանցվել նրանց մոդելային բազայում: Երբ վերադառնամ, կկարողանամ մասնակցել նոր նկարահանումների: Բարսելոնում լողազգեստով եւ ներքնազգեստով ֆոտոշարքերի պահանջարկը մեծ է, ես էլ չեմ խուսափում: Համատեղում եմ դիմահարդարի ու մոդելի աշխատանքներս ու հաճախ ինքս եմ իմ դիմահարդարումն անում:
“Ալենն ինձ միայն օգնում է եւ ուրախանում իմ հաջողություններով”
Ինձ ամեն հարցում օգնում ու քաջալերում է ընկերս' Ալեն Բարսեղյանը: Նա երաժիշտ է, էլեկտրո-կիթառ է նվագում իրանցի հայտնի երգիչներից մեկի բենդում: Շատ-շատ է շրջագայում, տարին նոր է սկսվել, արդեն հասցրել են համերգներով մի քանի երկրում լինել, մարտին էլ Գերմանիա ու Հոլանդիա կմեկնի: Չնայած զբաղվածությանը' ողջ օրը համացանցով կապի մեջ ենք, եթե սերիալի առաջարկը չընդունեի, կարող էինք միասին ճամփորդել, բայց ժամանակավոր է, շուտով նորից կգա Երեւան:
Ալենի ընտանիքը բնակվում է Իրանում, իսկ նա Երեւանում 8-9-ը տարի ապրել ու սովորել է: Դեռ չգիտի' վերջնականապես որտեղ կհաստատվի, բայց ես այնքան էլ չեմ ուզում, որ Երեւանում մնանք: Ամանորին մեկնել էի Թեհրան' ծանոթանալու նրա հարազատների ու ընկերների հետ. հիացած եմ այնտեղ ապրող հայերով, շատ ջերմ ընդունեցին:
“Նկատել ու սիրահարվել էր”
Ալենի մոտ ընկերներից մեկը եւ քույրս տարիներ առաջ Երեւանում ծանոթներ են եղել: Ես Ալենին չէի հիշում, բայց նրա պատմելով, դեռ այն ժամանակվանից նկատել ու սիրահարվել էր ինձ: Միայն 2012-ին ենք սկսել շփվել, սկզբում համացանցի միջոցով, հետո մի քանի անգամ եկավ Երեւան: Հետաքրքիրն այն է, որ մեր ծանոթության սկզբում իրար անգլերեն էինք գրում. մտածում էր, որ հայերեն լավ չգիտի: Ասացի, եթե պետք է զանգի ու անգլերեն խոսեի, ուրեմն թող չզանգի, քանի որ վստահ էի' հայերենին տիրապետում է, ուղղակի բարդույթավորվում էր:
Նա արվեստագետ է, իրար շատ լավ հասկանում ենք, անիմաստ արգելքներ չի դնում: Նրա համար ավելի կարեւոր հանգամանքներ կան, քան իմ լոգազգեստով լուսանկարվելն ու սերիալում նկարահանվելը: Ցանկացած բան, որն ինձ համար հաճելի է, նրա համար եւս հաճելի է:):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը