Ինչու՞ Հովոն չի նկարահանվելու «Yere1»-ի նոր եթերաշրջանում
Հասարակություն
Շուտով «Արմենիա» հեռուստաընկերությամբ կվերսկսվի «Yere1»-ի նոր եթերաշրջանը: Նախագծի դերասան և սցենարիստ Գրիգոր Դանիելյանը esyes.am-ին պատմեց, որ տևական դադարը միտումնավոր էր. «Մենք որոշակի ժամանակ դադար տվեցինք, որ հանգստանանք ու թարմ ուժերով վերադառնանք: Բնականաբար, չէինք կարող թողնել այս նախագիծը, քանի որ սա մեր ֆորմատն է ու անպայման պետք էր շարունակել այն»:
Գրիգորի փոխանցմամբ՝ այժմ աշխատում են, որպեսզի որակական առումով է՛լ ավելի լավ ներկայանան: Նախագծի մատուցման ձևում փոփոխություններ կան, սակայն ձևաչափը նույնն է: Այս մասին գրում է esyes.am-ը:
«Yere1»-ի նոր եթերաշրջանում հանդես կգան նաև Սեպուհ Ապիկյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Վերվարածները» հեռուստասերիալից, «Եռաչափ սեր» հեռուստասերիալի դերասանները, Արմեն Թադևոսյանը: «32 ատամի» հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո «Yere1»-ում հանդես կգա նաև Անդոն՝ որպես անհաջողակ լրագրող :) Որքան էլ զարմանալի է, այս դեպքում որտեղ Անդոն, այնտեղ Ռաֆոն (կամ հակառակը) տարբերակը չի գործելու, Ռաֆոն «Yere1»-ում հանդես չի գա: Նախագծի հին կազմից էլ եթերում կլինեն Մենչը, Զառան, Դելոն, Գրիգորը և այլք:
Այս եթերաշրջանում հանդես չի գա Հովոն, ով, ինչպես Գրիգորը հայտնեց, հիմա ավելի շատ ֆիլմերում նկարահանվելով է զբաղված. «Զուտ զբաղվածությունն է խնդիրը: Հասկանում եմ, որ մարդիկ կարող են սկսել խոսել, թե ինչ-որ խնդիր է եղել, սակայն հավատացնում եմ, որ հարաբերությունները նույնն են, պարզապես հիմա տարբեր ոլորտներում ենք հանդես գալիս»:
Նշենք, որ սցենարական կազմն էլ չի փոփոխվել: Նոր եթերաշրջանի սցենարը գրելու են Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Վահան Մովսիսյանը, Արթուր Գևորգյանը, Սարգիս Կալպակյանը:
Ըստ նախնական տվյալների՝ «Yere1»-ը եթերում կլինի մարտի կեսերից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը