Նաիրա Գյուրջինյանը քննում է Սիրուշոյի, Հայկոյի, Լիլիթի, Անդրեի, Արամեի երգելաոճը
Հասարակություն
«Երբ արտասահմանում տեսնում ես, թե ինչ մակարդակի է արվեստը, զգում ես, թե որքան հետ ենք մնացել. կարծես ճահիճ լինի: Պարտադիր չէ գնաս Մադոննայի համերգին, որ զգաս այնտեղի և այստեղի տարբերությունը: Շատ լավ երաժիշտներ, տաղանդավոր երիտասարդներ ունենք հատկապես ջազի ասպարեզում, բայց երբ տեսնում են, որ վատ գործով էլ են նույնքան վաստակում, լավ գործով էլ, այդ պատճառով էլ որակը չի բարձրանում: Եթե նրանք հասկանան, որ վատ աշխատելու դեպքում իրենց աշխատանքի չեն վերցնի, ամեն օր տասը հազար դրամը այլևս չեն վաստակի, կսկսեն կատարելագործվել,- կարծում է Նաիրա Գյուրջինյանը՝ հավելելով,- մարզիկները մրցումների գնալիս անընդհատ մարզվում են, որպեսզի մկանները լավ վիճակում լինեն, որ մրցանակային տեղ զբաղեցնեն: Եթե չմարզվեն, կարո՞ղ են հաղթել, իհարկե՝ ոչ: Երգն ու վոկալ էլ նույն բանն են, պետք է անընդհատ ձայնալարերը մարզել»: Նաիրա Գյուրջինյանը տխրում է այն փաստից, որ այսօր քիչ են երգիչները, ովքեր վոկալիստի մոտ դասեր են առնում և ամեն օր աշխատում են իրենց վրա: Բացի այդ, ըստ տիկին Գյուրջինյանի, այնքան են ֆոնոգրամայով երգել, որ կենդանի երգելիս չեն զգում իրենց կիքսերը:
Երգիչ-երգչուհիների հենց «լավ ու վատ» կողմերի մասին էլ զրուցեցինք Նաիրա Գյուրջինյանի հետ:
- Աստղիկ Սաֆարյան. կարծես գտել է իր ոճը, ստացվե՞լ է այն:
- Աստղիկը շատ յուրահատուկ է: Նրա մեջ ինձ դուր է գալիս այն, որ նրան ոչ ոքի հետ չես շփոթի: Ունի իր ոճը, «ես»-ը, նա ասես Մադոննան է՝ այն առումով, որ չափազանց շատ է աշխատում, ունի ձևավորված ճաշակ, որն ինձ շատ է դուր գալիս և եթե «Տարվա հայտնություն» անվանակարգում լիներ Աստղիկ Սաֆարյանը, ես նրան կընտրեի:
- Մարթայի ջազային կատարումները լսե՞լ եք:
- Ես Մարթային վաղուց գիտեմ, լսել եմ նրան, երբ մասնակցում էր Երևանում անցկացվող երիտասարդների ջազ-մրցույթին, որի հաղթողը հենց ինքը դարձավ: Նա նույնպես բեմական է, կարծում եմ՝ կշարունակի Տաթևիկ Հովհաննիսյանի ավանդույթները: Երաժշտական մեծ պաշար ունի, լսում է լավ երաժշտություն, իսկ նա, ով լավ երաժշտություն է լսում՝ երբեք մուղամ չի երգի:
- Արամե. ժողովրդակա՞ն, թե՞ էստրադային, ո՞րն է նրա մոտ ավելի լավ ստացվում:
- Արամեն իր ծրագիրն ամբողջությամբ փոփոխել է: Առաջին անգամ նրան լսեցի Առնո Բաբաջանյանի երեկոյին. Բաբաջանյան փայլուն կատարեց: Գնացի հետնաբեմ և ասացի, որ ինձ համար հայտնություն է: Նա զարմացավ, որովհետև այդ ժամանակ արդեն մի քանի տեսահոլովակ ուներ, բայց… Կցանկանայի, որ այս ժանրում մնար: Ինձ թվում է' նա ծրագրով նմանվում է Թաթային:
- Ռոմանսների Հայկոյի մասին ի՞նչ կասեք, նա ևս ունի իր ուրույն ձեռագիրը:
- Հայկոն իր ասելիքն ասել է, և այնպես է այն հասցրել հանդիսականին, որ մինչ օրս իր քաղաքային երգերի ձայնասկավառակը հաճույքով լսում եմ: Հայկոն այն հազվագյուտ երգիչներից է, ով ունի իր ոճը, չի դավաճանում այն, միշտ նկատելի է իր ձեռագիրը: Հրաշալի սաունդտրեքեր է գրում, նա գիտի ինչ է անում, գիտի ուր է գնում, և ամեն բան շատ համահունչ է ստացվում:
- «Եվրատեսիլում» ինչպե՞ս ելույթ ունեցավ Եվա Ռիվասը:
- Իմ կարծիքով՝ շատ լավ, անգամ գերազանցեց իրեն: Նա ամեն ինչ արեց, որ կատարումը շատ լավը լինի' հատկապես սկիզբը ամուր էր: Շատ ուրախ եմ, որ նրանք իմ փոքրիկ դիտարկումը հաշվի էին առել: Ես Արմեն Մարտիրոսյանին ասացի, որ նրան բարձրակրունկ պետք չէ հագնել, քանի որ այն խանգարում է ճիշտ օգտագործել շունչը, ինչը շատ կարևոր է երգչի համար: Նրանք հետևեցին այս դիտարկմանը:
- Վարդան Բադալյանն ասում է, որ ֆոնոգրամայով չի երգում. ի՞նչ կասեք նրա վոկալ տվյալների մասին:
- Նա նույնպես բնությունից տրված հրաշալի տվյալներ ունի: Առաջին անգամ նրան լսեցի «Ընծա» երգի փառատոնում և ուղղակի հիացած էի: Երբ նա ակապելլա երգեց, երկար ժամանակ շոկի մեջ էի, հասկացա, որ այս տղան իսկապես լավ կատարող է, էությամբ շատ բարի անձնավորություն:
- Անդրեն տարբեր ոճերում էր հանդես գալիս, հիմա նույնպես. ինչպիսի՞ն են այս փորձերը:
- Ես միշտ կարծել եմ, որ Անդրեն լավ կատարող է, կարող է լինել բեմում և կա: Նա այն երգիչն է, ով, ի դեպ, կարող է մեկուկես ժամանոց կենդանի համերգ տալ: Չնայած այնպես էլ չէ, որ կարող եմ անվերջ լսել նրան, ոչ, սա շատ սուբյեկտիվ է, ճաշակի հարց, ունեմ իմ նախընտրությունը՝ ջազ, ռոք:
- Մարին ինչպիսի՞ն է վոկալի տեսանկյունից:
- Մարին 5 տարի եղել է իմ «Վաղորդյան կաթիլներ» խմբում, սակայն կարծում եմ՝ Մարիի երաժշտական կարիերայի համար շտապել են. վոկալի առումով աշխատելու տեղ կա, քանի որ երաժշտական կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրա մոտ մուտացիայի շրջան էր և ձայնն էր ձևավորվում: Դրան պետք է լուրջ վերաբերվել: Ես դեմ եմ, երբ երեխաները ժամանակից շուտ են ուզում դառնալ մեծահասակ: Ամեն բան ունի իր ժամանակը:
- Սոնա Շահգելդյան. մասնագետներն ասում են, որ բնատուր տաղանդ ունի, ի՞նչ կարծիքի եք Դուք:
- Սոնայի մոտ ևս նույն տարբերակն է. նա օժտված է բնատուր տաղանդով: Ձայնային լավ տվյալներ ունի, բայց, ցավոք, դեռ շտկելու բաներ կան: Լինել բեմում՝ նշանակում է քո մեջ կրել այդ մշակույթը՝ ինչպես բարձրանալ բեմ և իջնել, նայել հանդիսատեսին… Պետք է նրա կողքին լինի մեկը, որ աշխատի այս մանրուքների ուղղությամբ: Միայն վոկալը չէ, մեծ դերակատարում ունի նաև արտաքին ներկայանալի տեսքը, երգչի այն պաշարը, որը նա կրում է:
- Տարվա լավագույն երգչուհի Լիլիթ Հովհաննիսյան. վոկալի, կերպարի, երգերի առումով նա ինչպիսի՞ն է:
- Լիլիթ Հովհաննիսյանը ուսանել է ինձ մոտ՝ Երգի պետական թատրոնում: Նա վայելում է իմ համակրանքը, շատ բեմական է, ունի իր գրավչությունը, որ ձգում է մարդկանց: Բայց ցավով եմ ասում, որ այսօրվա Լիլիթը երգերի ընտրության առումով ինձ չի գոհացնում. դա իմ ճաշակով չէ: Նրա հնարավորությունները շատ մեծ են, կարող է հիանալի ջազ կատարել, բայց նա ընտրել է արևելյան ոճը, որն ինձ չի գոհացնում: Պարզապես սրտատրոփ սպասում եմ, որ նա փոփոխություն կանի իր երգելաոճում:
- Ի՞նչ կասեք Սիրուշոյի մասին, ով փորձում է հաստատվել եվրոպական շուկայում:
- Ես նրան փոքր տարիքից էի սիրում: Երբ մի անգամ հեռուստացույցով տեսա, թե ինչպես մի փոքրիկ աղջնակ փայլուն երգում էր Սթիվի Ուանդեր, երգի հետ հավասար արտասվել եմ: Արագ պարզեցի, թե ով է այս երեխան, ում դուստրն է, և երբ իմացա ամենը, հասկացա, որ պետք չէ անհանգստանալ այս երեխայի ապագայի համար: Նրա մեջ կա ներքին մշակույթ. ինձ դուր է գալիս նրա երգելաոճը՝ ինչպես է բեմում պահում իրեն, մատուցում երգերը: Բացի այդ, փայլուն տեքստերով երգեր է կատարում, կարևոր է նաև լեզուների իմացությունը:
- Էմմի, ում կերպարները երբեք չեն կրկնվում…
- Նրան ևս մանկուց գիտեմ: Նա «տրուդագոլիկ» է, միշտ ընկղմվում է գործի մեջ, փորձում է նորություն բերել իր հետ, տեղում չի դոփում, մշտապես զարմացնում է ու շարունակ որոնումների մեջ է, ինչը անչափ կարևոր է կատարողի համար: Նա ամեն անգամ ներկայանում է նոր կերպարներով: Այնպիսի դիապազոն ունի, երգերը բազմաժանր են, բազմապլան և, կարծում եմ, նաև շատ լավ կատարող է:
- Սոֆի Մխեյան. նա նոր կերպարներում է, ոճերի առումով՝ տարբեր, իսկ ինչպիսի՞ն է որպես կատարող:
- Սոֆի Մխեյանը երբ նոր մտավ երգարվեստ, թույլ երգչուհի էր, բայց շատ է աշխատում: Որպես վոկալիստ՝ իրավունք չեմ վերապահում խոսել նրա մասին, որովհետև պետք է նրան լսեմ մոտ մեկուկես ժամանոց կենդանի համերգի ժամանակ, որպեսզի կարողանամ կարծիք հայտնել: Նա անհատականություն է, բերեց իր «ես»-ը: Կան երգեր, որոնք մեկ ուրիշին չի հաջողվի այնպես մատուցել, ինչպես նրան: Սա իմ տպավորությունն է նրա տեսահոլովակներից, որոնք անչափ հետաքրքիր են, մատուցումն էլ յուրովի է:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը