«Եզրագծից այն կողմ» սերիալից Սենչին շուտով նորից կտեսնենք
Հասարակություն
«Եզրագծից այն կողմ» սերիալից Սենչը՝ Մարզպետ Խաչատրյանը, ով շատ հեռուստադիտողների սիրելին դարձավ, արդեն երկու ամիս է չի երևում հեռուստաէկրաններին: ArmStar.am-ը զրուցեց դերասանի հետ ու պարզեց, թե ուր է Սենչը և ինչով է զբաղված:
Մարզպետ, հետաքրքիր անուն ունեք, Ձեզ դու՞ր է գալիս Ձեր անունը:
Այո, շատ, հետաքրքիր է, որ անգամ փոքր հասակում չեմ նեղվել իմ ունունից, այլ հակառակը՝ միշտ հպարտացել եմ:
Ձեզ հեռուստադիտողը հիշում է «Եզրագծից այն կողմ» սերիալից, սա Ձեր մասնակցությամբ առաջի՞ն ֆիլմն էր:
Առաջինն էր: Հայոց բանակում ծառայելուց նոր էի վերադարձել, երբ այդ սերիալում նկարահանվելու առաջարկ ստացա:
Որտեղ ե՞ք սովորել, դժվար չէր բանակից անմիջապես հետո սերիալում նկարահանվելը:
Բոլորովին, ճիշտ է բանակային կյանքն ու սերիալը բավականին տարբեր կենսաձև են, բայց ինձ համար դժվար չէր, քանի որ ես սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և ավարտել դրամատիկ թատրոնի ռեժիսուրայի բաժինը: Ուրախ եմ, որ ծառայությունից անմիջապես հետո ստացվեց այդ համագործակցությունը:
Մարզպետ, ես տեղյակ եմ, որ Դուք նաև պրոֆեսիոնալ պարող եք, ի՞նչ հաջողություններ եք ունեցել այդ ոլորտում:
Պարել եմ «Գեղարդ» պարային համույթում և շատ եմ շրջագայել նրանց հետ: Մասնակցել ենք բազմաթիվ փառատոնների և ունեցել ենք մեծ հաջողություններ: Այսօր, ցավոք, չեմ կարողանում համատեղել պարն ու աշխատանքը, սակայն որոշ համերգների կարող եմ մասնակցել:
Ի՞նչ դերեր են Ձեզ դուր գալիս, ու՞մ կուզեիք մարմնավորել:
Ինձ համար կարևոր է ֆիլմի սցենարը: Լավ կամ վատ դերեր իմ կարծիքով չկան, կա դերասանի լավ ու վատ խաղ: Կարող ես ամենասովորական մարդու կերպարն այնպես խաղալ ու ներկայացնել, որ այն միշտ հիշվի հանդիսատեսի կամ հեռուստադիտողի կողմից:
Ե՞րբ Ձեզ նորից կտեսնենք հեռուստաէկրաններին:
Կարծում եմ շատ շուտով: Նոր սերիալում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, սակայն այլ մանրամասներ այս պահին ասել չեմ կարող: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը