Թատերագետ Լևոն Մութաֆյանը քննում է «Դժվար ապրուստ» սերիալի հերոսների խաղը
Հասարակություն
Թատերագետ Լևոն Մութաֆյանը մշտապես հետևում է հայաստանյան թատրոնում, կինոյում, հեռուստասերիալներում տիրող իրավիճակին և դրանց զարգացման միտումներին: Նա մասնագիտորեն ուսումնասիրում է դաշտն ու քաջատեղյակ է ոլորտում տիրող վիճակին և զարգացումներին:
Մեր օրերում շատ թատերագետներ ասում են, որ չեն ճանաչում էկրանային դեմքերին՝պատճառաբանելով հեռուստատեսությունում տիրող անորակությունը: Լևոն Մութաֆյանն այդպիսիններից չէր :) Նա քաջածանոթ էր մեր երկրում ապրող ու գործող դերասաններին: Նրա հետ մոտ հիսուն դերասանի քննարկեցինք, որոնցից միայն չորսին չճանաչեց՝ Գոռ Սահակյանցին, Սոֆյա Պողոսյանին, Եվա Բաղդասարյանին և Լիա Զախարյանին: Այս մասին գրում է esyes.am-ը:
Շուշաննա Թովմասյան-Էլեն.
Այդ աղջիկն ինձ ուրախացնում է. սերիալի սկզբում, երբ նա հայտնվեց էկրանին, ես խոր հիասթափություն ապրեցի: Անգամ իմ լավ ընկերոջը' Աիդա Բաբաջանյանին, հարցրեցի' ինչպե՞ս է նկարահանման հրապարակում նրա հետ շփումը, որովհետև այդ աղջիկը չափազանց պասիվ էր իր նկարագրով և ներաշխարհով: Սակայն նա օրավուր հետաքրքիր է դառնում: Իհարկե, եթե պրոֆեսիոնալ դիրքերից մոտենանք, դեռևս պրոֆեսիոնալ դերասանուհի չի, բայց հաճելի է նրան էկրանին դիտելը: Ունի զգացողություն, ներաշխարհ ու փորձում է այդ ամենն էկրան բերել, և նրա ներկայությունն ուրախալի է դառնում: Շուշաննան իսկապես աճ է գրանցել, պարզապես ինչպես նա, այնպես էլ մեր շատ դերասան-դերասանուհիներ (հատկապես` երիտասարդները) գտնում են մի բան և սկսում են մի «լադի» վրա աշխատել: Միօրինակություն ու միապաղաղություն կա: Շուշաննայի մեջ տարբեր հոգեվիճակներում նույն արտահայտչականությունն է, մատուցման նույն ձևերն ու եղանակները: Սակայն այն, որ նրա մոտ աճ կա, անժխտելի է:
Միհրան Ծառուկյան-Գոռ.
Լավ երգիչ է, վատ դերասան: Բացարձակ կապ չունի դերասանական արվեստի հետ: Վերջերս ես դիտավորյալ սկսեցի հետևել նրա համերգային տարբեր կատարումներին: Որքա¯ն ակտիվ և հետաքրքիր է որպես երգիչ: «Հայ Սուպերսթարում»Միհրանը երևույթ էր, իսկ էկրանին' ընդամենը սիրուն տղա: Տիպաժ է բառի բուն իմաստով. ոչ մի գունային բազմազանություն, ոչ մի հետաքրքրություն: Կացնային վերաբերմունք ունի իր դերասանական կատարմանը: Անհետաքրքիր է:
Նարինե Դիլանյան-հորաքույր Նինա.
Եռանդուն, ակտիվ, բայց միօրինակ ու միապաղաղ է: Էկրանը չի սիրում շատ ցուցադրականություն, չարդարացված գրոտեսկ: Այս դերասնուհին աշխատում է չարդարացված գրոտեսկի վրա, այդ իսկ պատճառով դուրս է մնում անսամբլից' ֆիլմից: Նրա մեջ հետաքրքիր գույներ, բնութագրի հետաքրքիր զգացողություն կան, բայց չկա չափի զգացում, ինչը խանգարում է ճիշտ ընկալմանը: Թեև նայում ես, ժպտում, ծիծաղում, բայց երբ արդեն պրոֆեսիոնալ գնահատման դիրքերից ես մոտենում, դա չափազանց է: Այս դերասանուհու մոտ չափի զգացում չկա:
Նիկոլայ Եղիազարյան-Ֆելիքս.
Իմ խորին համոզմամբ` այսօր էկրանին երևացող ամենահետաքրքիր դերասաններից մեկն է: Գուցե շատ պարադոքսալ բան եմ ասում, որովհետև Կոլյայի նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք կա, բայց մեղավորն ինքը չէ: Նրան նկարահանեցին մի շարք հեռուստասերիալներում` միօրինակ, միապաղաղ, այսպես ասած, բացասական հերոսների դերերում, բայց Կոլյան բերում է հերոսի նոր տեսակ, և ես ավելի եմ համոզվում, որ նա շատ հարուստ ներաշխարհ ունի` երկրորդ շերտ, որի վրա պետք է աշխատել: Մինչ օրս նա «օգտագործվել» է իբրև տիպաժ՝կերտելով բացասական, ամեն ինչ մերժող, սանձարձակ հերոսի, բայց հետաքրքիր, բազմաշերտ դերասան է: Նրա աչքերում իմաստություն, միտք կա: Իհարկե, խոսքի մատուցման խնդիր ունի, բայց, իմ կարծիքով, նրա խոսքը տրամաբանված է, տրամաբանական շեշտերը ճիշտ տեղում են:
Դավիթ Մարդյան-Ստյոպա.
Ես չգիտեմ Դավիթը պրոֆեսիոնալ դերասան է, թե' ոչ: Մի հարցազրույց եմ կարդացել, որքան հասկացա' պրոֆեսիոնալ չէ, բայց լավն է, հետաքրքիր է. տեսակ, տիպար, նկարագիր ունի: Ուրախացնող մի բան կա' որքան նայել եմ, նրա մեջ դերասանական աճ է եղել' կերպարի հասունացման, արտահայտչամիջոցների հղկման, ճշգրտման առումով: Կարծում եմ' եթե հետագայում նրա հետ աշխատանք տարվի, մեր կինոյին անպայման երանգ, գույն կտա:
Ժաննա Բուտուլյան-Սյուզկա.
Դերասանական արվեստի հետ կապ չունեցող անձնավորություն: Սիրուն աղջիկ է էկրանին: Նախ' էկրանային խոսքի վատ տիրապետում, մատուցման անփութություն և անտարբերություն կա: Գուցե դա նաև սցենարից է գալիս, բայց հնարավորություն չկա նրան տեսնելու տարբեր իրավիճակներում, դիրքերում և հոգեբանական անցումներում: Իհարկե, գեղեցիկ աղջիկ է, հաճելի է էկրանին տեսնել նման աղջկա, բայց դերասանական շնորհներով չափազանց աղքատիկ է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը