Ո՞ւմ է փնտրել Մարին Պրահայի փողոցներում
Հասարակություն
Մարի Ավանեսյանը երկարատեւ լռությունից հետո երկրպագուների համար նորություն ունի: Երգչուհին 2013 թվականը դիմավորել է Հայաստանից հեռու եւ դատարկաձեռն չի վերադարձել. Չեխիայի մայրաքաղաքում նկարահանվել է նրա նոր տեսահոլովակը:
«Little Romance» երգը Մարիի առաջին ձայնասկավառակից է, որի երաժշտությունը գրել է Վահե Աբելյանը, իսկ բառերը՝ Մարիաննա Հովահաննիսյանը: Երգչուհու խոսքով' հենց հեքիաթային Պրահայում է որոշել անգլալեզու այս երգի համար տեսահոլովակ նկարել. «Օպերատորը Մոլդովայից Գենա անունով մի երիտասարդ էր: Մեկ ամբողջ օր ու շատ ցուրտ եղանակին նկարահանվեցի քաղաքի տարբեր հատվածներում. բարակ էի հագնվել, մրսեցի ու հիվանդացա, բայց այդ պահին կարեւոր էր արդյունքը»:
20-ամյա Մարիի հայրը բնակվում է Պրահայում, ուր էլ դեկտեմբերին մեկնել է երգչուհին, հայր ու դուստր Ամանորը դիմավորել են Բեռլինում, հետո նորից վերադարձել Չեխիայի մայրաքաղաք. «Նոր տարուց հետո ինձ միացավ ընկերուհիս՝ Անահիտը, նկարահանումների ժամանակ էլ կողքիս էր ու շատ էր օգնում: Պրահայի փողոցներում կիթառահար էինք փնտրում, ցրտի պատճառով հույս չունեինք, բայց պատահաբար հանդիպեցինք ու մեր ուզած կադրերը նկարահանած վերադարձանք Հայաստան: Այստեղ արդեն մոնտաժային աշխատանքներով զբաղվել է Միհրան Ստեփանյանը»:
Մարիի ընկերուհին՝ երգչուհի Մարիաննան էլ, ինչպես արդեն պատմել ենք, ճամփորդության ընթացքում Փարիզում էր տեսահոլովակ նկարահանել, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կրկնվելու խնդիր չի լինի. «Առաջին միտքը, որ Մարիաննային ասացի, այն էր, որ չենք կրկնի: Մեր հարաբերություններն այնպիսին են, որ նման խնդիր չկա: Նախ՝ քաղաքները տարբեր են, կադրերն ուրիշ են, իսկ միակ նմանությունն այն է, որ երկուսն էլ Եվրոպայում են նկարահանված»:
Ի դեպ, շուտով Մարին եւ Մարիաննան միասին նոր զուգերգ են կատարելու: Երգն արդեն պատրաստ է, բայց համացանցում չկա. որոշել են այն միանգամից ներկայացնել տեսահոլովակով. «Խոսքերը կրկին գրել է Մարիաննան, երաժշտությունը՝ Կարեն Անանյանը: Մեղեդային երգ է»:
Մարին տեւական լռությունից հետո սկսել է աշխատել երկրորդ ձայնասկավառակի երգերի վրա, նաեւ պլանավորում է ակումբային մենահամերգ. «Երկուսի նախապատրաստական աշխատանքները շատ ժամանակատար ու դժվար են, այժմ ամեն օր դրանցով եմ զբաղվում: Հանգստից հետո կրկին թարմ ուժերով կաշխատեմ ու հաջորդաբար կներկայացնեմ հանդիսատեսին»: Այս մասին գրում է bravo.am-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը