Դավիթ Սեխպեյանի ««Այո»–ն ու «Ոչ»–ը»
Հասարակություն
Դերասան, հաղորդավար Դավիթ Սեխպեյանը շատ արագ տարանջատեց իր «ԱՅՈ»-ներն ու «ՈՉ»-երը՝ փորձելով լինել բովանդակալից: Դերասանը շատ է կարևորում ընտանեկան անդորրն ու սերը, իսկ ամենակարևորը՝ նրա համար անընդունելի են սովորականն ու առօրեականը: Ըստ նրա՝ պետք է ամեն ինչին յուրօրինակ մոտեցում ցուցաբերել և գնահատել յուրաքանչյուր պահը:
Այո
Սերն իմաստավորում է ամեն ինչ: Ցանկացած մարդ սիրո պտուղ է, երևույթները՝ ևս: Առանց սիրո ոչինչ գոյություն չունի, և խոսքը միայն կին-տղամարդ սիրո մասին չէ. պետք է սիրել կյանքը, քանի որ դրանից լավ ոչինչ չկա՝ սիրել աշխատանքը, մերձավորին... Ասում եմ՝ «ԱՅՈ՛» սիրելուն:
Սերը սկիզբն է, իսկ հարգանքն ամրապնդում է, քանի որ այն, ինչ ձեռք ես բերում, պահում ես հարգանքի շնորհիվ: Պետք է հարգել դիմացինի վատնած էներգիան, նույնիսկ, եթե դա մանրուք է թվում: Ոչինչ չպետք է դառնա սովորական. եթե մայրդ կամ կինդ ինչ-որ բան են պատրաստում, չպետք է մտածես, որ էդպես էլ պետք է լիներ: Ասում եմ՝ «ԱՅՈ՛» հարգանքին, որը, իմ պատկերացմամբ, դրսևորվում է դիմացինին գնահատելով:
Երազանքները հավասարազոր են նպատակներին, բայց նպատակները հավասարազոր չեն երազանքներին: Ասում եմ՝ «ԱՅՈ՛» երազելուն, որովհետև երազանքները մարդուն թևեր են տալիս, նրան մեծ ու պիտանի դարձնում: Հենց երազանքների շնորհիվ են մարդիկ կարողանում ճախրել: Նրանք մի օր երազել են, որ այսօր կարողանում են տիեզերք թռչել:
Ցանկացած հարցում պատասխանատվության զգացումն ամենակարևորն է: Աշխատանքի անցար, ամուսնացար թե երեխա ունեցար, մեծագույն պատասխանատվություն են: Յուրաքանչյուր հարցում պետք է պատասխանատու լինել, որովհետև կյանքը շղթա է, և քո ամեն անպատասխանատու քայլ կարող է հաջորդ պահին խոչընդոտել քեզ: Էքզյուպերին էլ է շատ ճիշտ ասել՝ «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»: Ասում եմ՝ «ԱՅՈ՛» պատասխանատու լինելուն:
Ոչ
Յուրաքանչյուր մարդու մեջ երկու «գայլ» է ապրում, և ամեն ոք ինքն է որոշում՝ որի՞ն կերակրել: Կյանքը շատ կարճ է չարանալու և ատելու համար: Ասում եմ՝ «Ո՛Չ» ատելությանը:
Միանշանակ ասում եմ՝ «Ո՛Չ» դավաճանությանը: Թեկուզ չոր, կոպիտ, դաժան, բայց ճշմարտությունն ավելի արժեքավոր է: Ամենադաժան ճշմարտությունն ավելի լավ է, քան դավաճանությամբ կոծկված քաղցր սուտը:
Շատ վատ է, երբ տաղանդն անիմաստ «կորցնում» են ալարկոտության պատճառով կամ, օրինակ, երբ մարդն ուզում է երգչուհի դառնալ, իսկ ծնողները թույլ չեն տալիս: Նա այլ ուղղությամբ գնալով ոչ միայն իր տաղանդը չի օգտագործում, այլև չի կարողանում լավ դրսևորվել այլ ոլորտում: Ասում եմ՝ «Ո՛Չ» տաղանդն անիմաստ չկիրառելուն, բայց պետք է նշեմ, որ խոսքս միայն մասնագիտական տաղանդի մասին չէ:
Աշխարհի խնդիրն այսօր անտարբերության մեջ է: Ամեն մարդ ապրում է կաղապարի մեջ, որում միայն ինքն է կամ իր ընտանիքը: Պետք է նաև շուրջը նայել, աշխարհը մեծ է, միաժամանակ փոքր, որն ուշադրության կարիք ունի: Ասում եմ՝ «Ո՛Չ» անտարբերությանը, քանի որ դրանից սառնություն է բխում:
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը