Աշոտ Լյուդվիգովիչ. Առանց կախարդական փայտիկի հրաշագործը
Հասարակություն
Այցելուներին ևս Աշոտ Լյուդվիգովիչ հայտնի վիրաբույժը բազմաթիվ հայ և օտարերկրացի այցելուներին պարգևել է գեղեցիկանալու հաճույքը: Շատերի երազանքն իրականացրած վիրաբույժից պարզեցինք, թե հայտնիներից ում քթի ձևն է ամենապահանջարկվածը, ծանոթացանք նրա պրակտիկայում հանդիպած հետաքրքիր դեպքերին և պլաստիկ վիրահատության դրական ու բացասական կողմերին: Այնպես որ, եթե որոշել ես դիմել պլաստիկ վիրահատության, հետևիր Աշոտ Լյուդվիգովիչի ցուցումներին:
Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության, դիմածնոտային բաժնի վարիչ Աշոտ Լյուդվիգովիչը չի հերքում, որ Հայաստանում քթի վիրահատություններն ամենաշատն են արվում՝ մոտ 95 տոկոս: Իսկ մեր հարևան Մոսկվայում, որտեղ ևս վիրաբույժը վիրահատություններ է անում, մեծամասնություն են կազմում կրծքի, կոպերի պլաստիկան և լիպոսակցիան: Սակայն մեր հայրենակցի մասնագիտական հմտությունների համբավը միայն Հայաստանով ու Ռուսաստանով չի սահմանափակվում. ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, շուտով Աշոտ Լյուդվիգովիչը վիրահատություն կկատարի նաև Քուվեյթում (տես՝ #1(80) հունվար 2013թ.), որտեղ, ըստ նրա, հիմնական խնդիրները կապված են ճարպակալման և միանգամից նիհարելուց հետո առաջացած հետևանքները վերացնելու հետ, որտեղ քիչ չեն նաև կնճիռները ձգել ցանկացողները:
«Ցանկանում են աստղի քիթ»
Ինչպես յուրաքանչյուր աշխատանքում, վիրաբույժի պրակտիկայում էլ են հանդիպում հետաքրքիր, երբեմն նաև զարմանալի ու զավեշտալի դեպքեր: Բնությունից «ճոխ» քթով օժտված հայերս, պարզվում է, գեղեցիկ քիթ ունենալու մասին խիստ առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Ինչու ուսումնասիրել սեփական դիմագծերը, եթե կարելի է «օգտվել» հայտնիների քթերից: Ըստ Լյուդվիգովիչի՝ մեր աղջիկներից ոչ ոք դեռևս չի ցանկացել ունենալ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից որևէ մեկի քթից. փոխարենը մեծ պահանջարկ ունեն Անջելինա Ջոլիի քիթն ու շրթունքները, Պենելոպա Կրուզի, Ջենիֆեր Լոպեսի քթերը, ինչպես նաև Մոնիկա Բելուչիի շրթունքները :) «Նման դեպքերում, երբ լուսանկար են ներկայացնում, միասին փորձում ենք հասկանալ՝ արդյոք նա ցանկանո՞ւմ է այդ քթից ունենալ, որովհետև խոշոր պլանով ցուցադրելուց հետո այցելուն էլ է համոզվում, որ, օրինակ, Անջելինա Ջոլիի քթանցքերն այնքան էլ համաչափ չեն»,- ասաց վիրաբույժը: Նրա խոսքերով' թեև իր մոտ հիմնականում ադեկվատ մարդիկ են գալիս, սակայն լինում են դեպքեր, երբ նա հրաժարվում է վիրահատել, բայց ոչ այն պատճառով որ ի զորու չէ, այլ, որ վիրահատվողի ցանկությունը չի համապատասխանում իրականությանը: «Հայ աղջիկներին թվում է, որ ռուսի քիթ ունենալու դեպքում ավելի գեղեցիկ կլինեն, սակայն համոզում ենք, որ հետագայում գուցե զղջա դրա համար»,- նկատեց Աշոտ Լյուդվիգովիչը: Պլաստիկ վիրաբույժին շատ հաճախ ներկայացնում են նաև իր մոտ վիրահատված հիվանդների լուսանկարները:
«Հարմար քիթ՝ ամուսնության համար»
Վիրաբույժին առավել շատ զարմացնում են նրանք, ովքեր, ինչպես ինքն ասաց, որպես «լուսանկար» գալիս նստում են, և իրենց փոխարեն նշանածը, ամուսինը, մայրը, նույնիսկ սկեսուրն է սկսում բացատրել, թե ինչպիսի քիթ կուզենային, որ աղջիկն ունենար: Լինում է նաև, որ հորաքույրը, կարծելով, թե եղբոր աղջիկը քթի պատճառով չի ամուսնանա' նրան բերում է վիրահատության: «Երբ հասկանում ենք, որ մարդը ճնշման տակ է դիմում վիրահատության, մերժում ենք, որովհետև հիվանդն ինքը պետք է գա այդ քայլին»,- համոզված է Աշոտ Լյուդվիգովիչը: Եթե մեկի դեպքում գերխնդիրն աղջկան ամուսնացնելն է, ապա մեկ ուրիշի դեպքում քիթը խանգարում է մասնագիտական գործունեությանը: Վիրաբույժը հրաժարվել է նաև վիրահատել այն այցելուին, ով անկեղծորեն խոստովանել է վիրահատական սեղանին հայտնվելու իր ցանկության դրդապատճառի մասին: «Ասաց՝ ռեժիսորն ասել է, որ այդ քթով ոչ ոք ինձ դեր չի տա... Սակայն այդ դեպքում ևս վիրահատություն չկատարվեց, քանի որ նույնն է, թե Ֆրունզիկին վիրահատես»,- ասաց բարեխիղճ բժիշկը:
Քթի պլաստիկ վիրահատություն կատարել ցանկացողներին և պարզապես հետաքրքրասերներին հայտնենք, որ «Սուրբ Մարիամ» կլինիկայի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Լյուդվիգովիչը քթի «մոդելավորումը» կատարում է միայն վիրահատության օրը, որպեսզի հիվանդը ոչ թե քթի ձևից ելնելով որոշի վիրահատվել, այլ, որ վիրաբույժը հասկանա, թե ինչպիսի քիթ է ակնկալում այցելուն, իսկ «ցանկալի» քթի լուսանկարը ողջ վիրահատության ընթացքում վիրահատարանում է լինում: Վիրաբույժի պրակտիկայում եղել է նաև դեպք, երբ ստիպված է եղել վիրահատել յոթ անգամ պլաստիկ վիրահատության դիմած և այդ քթերից ոչ մեկն էլ չհավանած մի աղջկա: «Շատ դժվար էր, կարծես Մայքլ Ջեքսոնին վիրահատես. այդ աղջիկը հոգեբանական խնդիրներ ուներ, սակայն կարողացավ համոզել ինձ, որ վիրահատեմ իրեն»,- նշեց վիրաբույժը: Ինչպես նա նշեց, սա այն դեպքն էր, երբ ֆիլմերում ամենատգեղ երևացող աղջիկը միանգամից վերածվում է գեղեցկուհու :)
«Մոսկվայում մոդելային կարիերայով զբաղվող ոչ հայ մի աղջիկ ինձ մոտ վիրահատեց քիթը, ականջները, կուրծքը և սրունքները: Նա խնդրել է իր լուսանկարներն ու անունը չհրապարակել, սակայն այժմ ամենագեղեցիկ աղջիկներից մեկն է»,- ավելացրեց նա:
Պլաստիկայի լույսն ու ստվերը
Որքան էլ հետաքրքիր ու զավեշտալի են բժշկի պրակտիկայում հանդիպող դեպքերը, սակայն առաջին հայացքից հեշտ թվացող քթի վիրահատությունն էլ կարող է վատ հետևանքներ ունենալ: Աշոտ Լյուդվիգովիչի պրակտիկայում, բարեբախտաբար, դժբախտ ավարտով դեպքեր չեն գրանցվել, սակայն նա չի խուսափում խոսել նաև վիրահատության բացասական հետևանքներից ու արդյունքներից: Տարվա կտրվածքով 500 քթի վիրահատություն կատարող Աշոտ Լյուդվիգովիչը գոհ է հատկապես վերջին երեք տարվա արդյուքններից, երբ հիվանդներից գանգատներ գրեթե չի ստանում: Սակայն ամենահանդիպող հետվիրահատական խնդիրը ասիմետրիան է, այսինքն՝ քթի թեքությունը: «Դա ոչ թե վիրահատությունից հետո է լինում, այլ մինչ վիրահատությունը տվյալ անձն ունենում է քթի թեքություն, որը գուցե վիրահատությունից հետո որոշակիորեն պահպանվում է. այսպես կարող եմ ասել՝ հինգ վիրահատության արդյունքում չորսինն ուղղվում է, մեկինը՝ ոչ»,- ավելացրեց վիրաբույժը:
Քթի պլաստիկ վիրահատության դիմել ցանկացող աղջիկներին վիրաբույժը հիշեցնում է, որ դրա համար թույլատրելի տարիքը 16-ից բարձրն է, իսկ տղաներինը՝ միայն 18-ից սկսած: Ի դեպ, Հայաստանում քթի վիրահատության դիմում են հիմնականում աղջիկները՝ 18-35 տարեկան: Հետաքրքիր է նաև այն, որ տղաները՝ ի տարբերություն աղջիկների, քթի վիրահատության հիմնականում դիմում են ոչ թե էսթետիկայի համար, այլ շնչառական և այլ խնդիրներ ունենալու դեպքում:
Այս ամենից զատ, Աշոտը՝ որպես վիրաբույժ, դեմ է պլաստիկ վիրահատություններին և կարծում է, որ առանց վիրահատական միջամտության էլ կարելի է ելք գտնել: Նա պլաստիկ վիրահատություններին դեմ է ոչ թե այն պատճառով, որ վատ բան է, այլ կարծում է, որ մարդը կարող է հոգեբանական խնդիրները լուծել ընկերների ու սիրած մարդու օգնությամբ, այլ ոչ վիրահատական միջամտությամբ:
Աշոտը, ով կատարում է նաև կոպերի պլաստիկա, ականջների՝ լոշտակության վերացում, կզակի (դունչ), կրկնակզակի (բոխախ) վիրահատություն, կրծքերի մեծացում, որովայնի պլաստիկա, թևերի, ոտքերի՝ նիհարելու հետևանքով առաջացած խնդիրների վերացում, սրունքների ուղղում, դեմքի մաշկի ձգում, շրթունքների ուղղում, նշում է, որ Հայաստանում ամենաշատ հանդիպող վիրահատությունների երկրորդ հորիզոնականում կրծքի պլաստիկան է: Երրորդ տեղում կզակի, ականջների և կոպերի վիրահատություններն են, իսկ չորրորդում՝ լիպոսակցիան՝ դեմքի և մաշկի ձգումն ու շրթունքների ուղղումը:
Նշենք, որ Աշոտ Լյուդվիգովիչը դեռևս չի կատարում ինտիմ պլաստիկա, սեռափոխություն և հետույքի մեծացում, սակայն ոչ այն պատճառով, որ Հայաստանում ցանկացողներ չկան: «Չեմ արել, որովհետև դեռևս չեմ ուզում զբաղվել այդ ծավալի վիրահատություններով. գուցե վերապատրաստումից հետո մի օր էլ նման վիրահատություններ կատարեմ»,- ասաց Աշոտ Լյուդվիգովիչը:
esyes.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը