Դասադուլի ընթացքում բարձրացված հարցերը տեղափոխվեցին կառուցողական դաշտ
Հասարակություն
Մարտի 4-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև մեկ շաբաթյա դասադուլ էր հայտարարել (նստացույց) ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի և իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 2-րդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը: Նրա կողմից մատնանշվում էին մի շարք խնդիրներ, որոնք ըստ Վ.Գալստյանի վերաբերվում են կրթության որակին (քննությունների վերահսկողություն, լուծարքների թվի սահմանափակում, պրակտիկայի արդիականացում, դասախոսների գիտական վաստակի չափորոշիչներ, ՈՒԽ նախագահի ռոտացիա և այլն): ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների, հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի հրավերով նույն օրը տեղի ունեցավ հանդիպում Վ.Գալստյանի հետ, որին մասնակցեց նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը: Վ.Գալստյանի կողմից բոլոր բարձրացված խնդիրները (թվով 7) համակողմանիորեն քննարկվեց:
ԵՊՀ պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը նշեց, որ բարձրացված խնդիրների մի մասը իսկապես արդիական են համալսարանի համար, անդրադարձ եղավ ԵՊՀ-ի կողմից իրականացվող և պլանավորված աշխատանքներին: Նշվեց նաև, որ որոշ հարցեր կապված են ուսանողների արժեքային համակարգի և մոտիվացիայի հետ և պետք է լուծում տրվի համապատասխան տիրույթում: Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը շեշտադրեց, որ ուսանողների կողմից բարձրացվող խնդիրները և դրանց վերաբերյալ առաջարկությունները մշտապես քննարկվել են ուսանողական կառույցների կողմից և ստացել համապատասխան արձագանք: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վ.Գալստյանի կողմից առաջարկվում էին տարբեր մոտեցումներ, այդ թվում այնպիսիք, որոնք կնպաստեին ուսանողների շրջանում զտումներ կատարելուն՝ տարբերակելով «սովորող» և «չսովորող» ուսանողներին:
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին կառուցողական մոտեցում ցուցաբերել հնչեցված խնդիրներին և ԵՊՀ ուսանողական խորհրդի մասնակցությամբ քննարկել համապատասխան առաջարկություններն ու նախաձեռնությունները: Նշենք նաև, որ Վազգեն Գալստյանը հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ դասադուլն հայտարարում է ավարտված, սակայն այն կարող է վերսկսել համագործակցության փուլում միտումնավոր խոչընդոտների առկայության պարագայում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը