Մարգարիտա Բարխոյան. Սեր՝ առանց սիրային պատմության
Հասարակություն
Մարգարիտա Բարխոյանը նախորդ տարվանից առավել հաճախ ներկայանում է սոլո կատարումներով, նշում է՝ եղբոր՝ Վլադիմիրի հետ շարունակելու են միասին երգել, բայց ցանկանում է զարգացնել իր անհատական կարիերան եւ օրերս նոր տեսահոլովակ է նկարահանել:
Երկրորդ տեսահոլովակի համար նա ընտրել է “Արեւը” կոչվող երգը, որն առաջին անգամ կատարել է 2012-ին՝ իր ակումբային մենահամերգի ժամանակ. “Սա իմ գրած առաջին երգն է, որը գործիքավորվել է, մինչ այս չեմ ներկայացրել իմ գործերը: Ուրախ ու ռիթմիկ, վառ սիրո մասին երգ է: Նախապատմություն չունի. միանգամից մտքումս ծնվեցին մեղեդին ու բառերը”, - BRAVO.am-ին պատմել է Մարգարիտա Բարխոյանը:
“Արեւ”-ի ռեժիսորն Էդգար Վարդանյանն է, օպերատորը՝ Վարշամ Սաֆրազյանը: Երկու օր տեւած նկարահանումներն իրականացվել են ռեստորանում, գործարանում, կահույքի եւ հագուստի խանութներում, երգչուհին էլ մի քանի անգամ զգեստափոխվել է:
Մարգարիտան իր նոր տեսահոլովակում նաեւ պարում է “M&Art” պարի ստուդիայից երկու տղայի հետ. “Ինձ համար պարելը նոր էքսպերիմենտ էր: Փորձերը տեւել են մոտ երկու շաբաթ, իսկ արդյունքը կտեսնեք մոնտաժից հետո”:
Խոսելով “Արեւ”-ի սյուժեի մասին՝ Մարգարիտան նշել է, որ ներկայացվելու է իր կյանքի մեկ օրը. “Երջանիկ հերոսուհու դերում հենց ես եմ, որն իր կյանքի ամեն վայրկյանը տոն է դարձնում: Խոհանոցում ուտեստ եմ պատրաստում, գնումներ եմ կատարում… Սիրային պատմություն ու հերոս չկա. հիմա այնքան ուրախ եմ ապրում, որ չեմ կարծում, թե անպայման պետք է սիրահարված լինեմ: Ապագայում, երբ իմ կողքին կլինի սիրելի մարդ, կծնվեն սիրային նոր երգեր, իսկ հիմա ստեղծագործական շրջանում եմ”:
Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ ոճաբանի հետ չի աշխատում, բեմական զգեստներն ինքնուրույն է ընտրում, այս տեսահոլովակի համար էլ ընտրել է իր ճաշակով հանդերձներ՝ հաշվի առնելով ռեժիսորի եւ մայրիկի կարծիքը. “Այնքան էլ չեմ սիրում մոդելավորողների հետ աշխատել ու կտրուկ ոճափոխություններ անել”:
Մարգարիտան ծրագրում է այս տարվա ընթացքում իր հեղինակային երգերով ձայնասկավառակ թողարկել, իսկ ծննդյան օրը՝ մայիսի 3-ը, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ ակումբային մենահամերգով նշանավորել. “Ուզում եմ ավանդույթ դարձնել ռեստորանում խնջույք կազմակերպելու փոխարեն համերգ տալն ու երգելը. մի բան, որ ամենից շատ եմ սիրում”:
Երգչուհին պատմել է, որ նախորդ տարի եղբոր հետ փոքրիկ մենահամերգ են ունեցել Փարիզում, հիմա էլ ցանկանում է այնտեղ տեսահոլովակ նկարահանել. “Ֆրանսիան մոգական երկիր է, որտեղ արդեն բազմաթիվ ընկերներ ունենք. հարազատ վայր է դարձել”:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը