2012-ի ընթացքում Հայաստանում պատահարների հետևանքով զոհվել է 554 մարդ
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ԱԻ նախարարության 2012 թ. գործունեության արդյունքները։ Ներկա էին ՀՀ ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու ՀՀ ԱԱԾ քարտուղար Ա. Բաղդասարյանը:
Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչեցնելուց և ԱԻՆ դրոշը հանդիսավոր կերպով դահլիճ բերելուց հետո՝ հիմնական զեկույցի համար խոսքը տրվեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանին։ Իր ելույթում նա, մասնավորապես, ասաց. «Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԻ նախարարության կառուցվածքային, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների գործունեությունն ուղղված է եղել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը և քաղպաշտպանության համակարգի կատարելագործմանը: Գործունեության հիմնական ուղղություններն են եղել ՀՀ ԱԻՆ համակարգում բարեփոխումների իրականացումը, «911» ծառայության զարգացումը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը, սեյսմիկ ռիսկի նվազեցումն ու վտանգի գնահատումը, դիտացանցի արդիականացումը, մթնոլորտային երևույթների վրա արդյունավետ և ակտիվ ներգործությունը, տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման լծակների արդյունավետ օգտագործումը, հրդեհային անվտանգության ապահովման արդյունավետության բաձրացումը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության հիմնահարցերով ղեկավար մարմինների և բնակչության ուսուցումը, սակրավորների, օդադեսանտային, կինոլոգիական կազմավորումների զարգացումն ու համապատասխան գույքով ապահովումը, ինչպես նաև կամավորական փրկարարական շարժման հիմնումը և հետագա զարգացման ապահովումը: Անցյալ տարի «911» ծառայությունում գրանցվել է 1.305 000 զանգ, որից 10598-ը՝ արտակարգ դեպքերի վերաբերյալ (2011 թ.՝ 11087)։ Պատահարների հետևանքով զոհվել է 554 (2011թ.՝ 522), վիրավորվել՝ 7929 մարդ (2011թ.՝ 7451):
ՓԾ տնօրենի զեկույցից հետո ՀՀ ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը նրան հարցեր ուղղեց մարդասիրական կենտրոնների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման վերաբերյալ, որոնց ի պատասխան Ս. Ազարյանն ասաց. «Մարդասիրական կենտրոնների ստեղծման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև կա միջպետական համաձայնագիր, ըստ որի՝ նախատեսվում է կառուցել մարդասիրական 2 կենտրոն: ԱԻ նախարարի հրամանով՝ ՀՀ բոլոր մարզերում կստեղծվեն Ճգնաժամային կառավարման կենտրոններ, որոնցից չորսի ստեղծումը 2013 թ. նախարարության գերակա խնդիրներից է համարվում: Նշված չորս կենտրոնները կստեղծվեն Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում»:
Իր ելույթում ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ 2012 թ. նախարարության առջև դրված հիմնական խնդիրները կատարվել են, սակայն անելիքներ դեռ կան: Գառնիում պետք է ձևավորել միջազգային սեյսմիկ կենտրոն, 2013-2014 թթ. պետք է ձեռնամուխ լինել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան թիմեր պատրաստելուն, ինչպես նաև առավել սերտացնել աշխատանքներն Արցախի փրկարար ծառայության հետ:
Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը. «ԱԻ նախարարության ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն կան մի շարք գերակա խնդիրներ: Շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, որի շրջանակներում կստեղծվեն հայ-ռուսական մարդասիրական կենտրոններ: Առաջիկայում ԱԻՆ տրամադրության տակ կանցնի նաև Ստեփանավանի օդանավակայանը՝ նախարարության վարչական կարողությունները հզորացնելու նպատակով: Նախատեսվում է մոտ ապագայում Գյումրիում հիմնել ուղղաթիռների վերանորոգման հայ-ռուսական ձեռնարկություն, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: Կարևոր խնդիրներից է «911» ծառայության հզորացումն ու մարզային ՃԿԿ-ների ստեղծումը: Աշխատանքները շատ են քաղպաշտպանության և սեյսմիկ անվտանգության ոլորտներում, սակայն ԱԻՆ-ը տարեցտարի հզորանում է»:
2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԻՆ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրենց ոլորտներում իրականացված աշխատանքներն ու այս տարվա առաջնայնությունները:
Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԱԻ նախարար Ա. Երիցյանը. «Մենք տեսնում ենք, որ վերջին 1-2 տարվա ընթացքում Աի նախարարության վարկանիշը զգալիորեն բարձրացել է։ Մեր համաքաղաքացիները մեզ հավատում են ու վստահում՝ օգնության խնդրանքով դիմելով ամենատարբեր դեպքերում։ Դրան մենք հասել ենք մեր միասնական ջանքերի շնորհիվ և այդ պատճառով մենք պիտի ավելի շատ աշխատենք ու քայլենք առաջ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց, ովքեր հավատում են մեզ և օգնություն ակնկալում մեզնից։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր փրկարարներին։ Այն տղաներին, որոնք անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները՝ անմնացորդ նվիրումով կատարում են իրենց ծառայողական պարտքն ու օգնության հասնում բոլոր նրանց, ով դրա կարիքն ունի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը