«Ազգ». Թուրքիայում ստեղծվել է հայ ոսկերիչների համաշխարհային ընկերակցության բաժանմունք
Հայկական Մամուլ
Թուրքիայի հայ ոսկերիչների ընտրանին 2013 թ. փետրվարի 23-ին Ստամբուլում հավաքվել էր Պոլսո հայոց պատրիարքարանի շենքում, որտեղ անցկացվում էր Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերակցության (AJA) ստամբուլյան բաժանմունքի հիմնադիր համագումարը:
Միջոցառումն անցկացվում էր Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի հովանավորությամբ: Նրա ներկայացուցիչըՙ Սահակ եպիսկոպոսը, օրհնությունից հետո ներկաներին դիմեց ողջույնի խոսքով:
AJA-ի գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանի խոսքերովՙ Թուրքիայում բաժանմունք բացելու գաղափարը ծագել էր կես տարի առաջ: Ստամբուլում ստեղծվել էր համակարգող հանձնախումբ հայտնի ոսկերիչ Հրաչ Արսլանյանի գլխավորությամբ, որն էլ բացեց նիստը: Նա բաժանմունքի բացումը գնահատեց իբրեւ բազմամյա աշխատանքի արդյունք:
Արտակ Ուդումյանի ելույթում խոսվեց AJA-ի նպատակների, խնդիրների եւ գործունեության մասին: Ուդումյանը ներկաներին փոխանցեց AJA-ի նախագահ Գագիկ Գեւորգյանի ողջույնի ուղերձը եւ շնորհակալությունը հայտնեց «AJA-ի մեծ ընտանիքին միանալու» ձգտման համար:
Հանդիսավոր ճաշկերույթի 300-ից ավելի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Ստամբուլի ոսկերիչների պալատի ղեկավար Ալաթին Կամերօղլունՙ ընդգծելով հայ ոսկերիչների մեծ ավանդը համաշխարհային ոսկերչական արվեստի հարուստ ավանդույթների մեջ:
Ա. Ուդումյանի առաջարկությամբ ընտրվեց 40 հոգուց խորհուրդ, որի անդամները ընտրեցին վարչություն: Դրա կազմում ընդգրկված են 3 համանախագահ (Հրաչ Արսլանյան, Էֆրիմ Բաաք, Ավետիս Քենդիր), 3 փոխնախագահ, 2 քարտուղար եւ 1 գանձապահ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը